Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշին 1902թ. հունվարին

Ապրիլ 05,2021 12:00

Հունվարի 4-ին Թեմական դպրանոցի հին շինության դահլիճում (նորը դեռ պատրաստ չէր) տեղի է ունեցել աշակերտական ներկայացում: Խաղացվել է «Գասպար ամի» դրաման եւ «Մադոյի կտակը» վոդեւիլը (կատակերգության տեսակ, որը ուղեկցվել է երգերով եւ պարերով): Ներկայացման ընդմիջումներին եւ նրանից հետո, տեղի են ունեցել սազանդարների նվագակցությամբ պարեր: Ընդհանրապես ներկայացումը անցել է բավականին հաջող, իսկ մուտքը եղել է ձրի:

Երկու օր անց, այս անգամ, Խանդամիրյան թատրոնի դահլիճում, սովորական ամանօրյա տոնածառի միջոցառումների փոխարեն, կայացել է Մարիանյան օրիորդական դպրոցի չքավոր սանուհիների օգտին պարերեկույթ՝ մանկական բաժնով, որի ժամանակ խաղացել են «Էս էլ քեզ հինգ ու խաչ» փոքր վոդեւվիլը: Երեխաներին միրգ է բաժանվել: Իսկ մի խումբ թատերասերներ ուսուցիչ Ի. Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ պատրաստվել են առաջիկայում խաղալու «Անազնիվ չեն ծնվում» պիեսը եւ Փառնակեսի «Բանաստեղծը»:

Ժամհարյանների հիվանդանոց

Հունվարի 5-ին ճրագալույցի երեկոյին շատերը Արցախի թեմի առաջնորդ Գրիգորիս եպս. Գառնակերյանի հետ այցելել են Շուշիի Մեղրեցոց եկեղեցին՝ նրա երեցփոխ Զուրաբյանին բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու: Վերջինս իր ցանկությամբ հրաժարեցված էր: Հունվարի 13-ին Մեղրեցոց եկեղեցում տեղի է ունեցել ծխականների երկրորդ ժողովը, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ երեցփոխ է ընտրվել Եւլախի կոմիսիոներ Հակոբ Պետրոսյանը:

Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Շուշիի Վերին թաղում 1833թ. մահտեսի Հախումյանի ծախսերով: Ունի ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք: Թաղակապ կամարները հանգչում էին սրահի կենտրոնի չորս սյուների եւ երկայնական պատերի վեց որմնասյուների վրա: Ունեցել է երկու դուռ եւ տասը լուսամուտ: 1960-ական թթ. ադրբեջանցիները քանդել էին եկեղեցու մեծ մասը եւ խորանն ու նրա կողային աբսիդները օգտագործել որպես ամառային բեմահարթակ:

Այդ օրերին Շուշիում նաեւ պատրաստություններ են տեսել հունվարի 14-ին Վեհափառ Հայրապետի անվանակոչության օրը շքեղ հանդես կատարելու համար: Թեմական դպրոցի ուսուցիչները պատրաստել էին միջոցառումների ծրագիր:

Հունվարի կեսերին նշվել է, որ շուտով կայանալու է քաղաքային հիվանդանոցի բացումը, որի առթիվ գրվել է. «Ինչպէս յայտնի է, հիւանդանոցի բացման նախաձեռնութիւնը պատկանում է Ժամհարեան եղբայրներին, որոնք այդ նպատակով 110,000 ռ. փառահեղ մի շինութիւն են նուիրել քաղաքիս: Այդ շինութեան մէջ պիտի զետեղուի հիւանդանոցը, որի բացմանն անհամբեր սպասում է տեղիս բնակչութիւնը»:

Հետաքրքիր է, որ նույն Ժամհարյանները, հունվարին, Շուշիում ցանկացել են նաեւ ակցիոներական ընկերություն հիմնել, էլեկտրական երթուղիներ կառուցելու եւ շահագործելու համար: Մամուլում այդ մասին գրվել է. «Ընկերութիւնը մտադիր է ամենից առաջ էլեկտրաշարժ տրամվէյի գիծ անցկացնել Շուշի քաղաքի եւ Աղդաշ գիւղի միջեւ, իսկ այնուհետեւ մտադրութիւն կայ այդ գիծը Աղդաշից հասցնելու մինչեւ երկաթուղու Եւլախ կայարանը, իսկ Շուշուց գիծը շարունակելու Զանգեզուրի գաւառով մինչեւ Պարսկաստանի սահմանը: Ընկերութեան գլխաւոր հիմնադիրներն են Մոսկուայում բանկային տուն ունեցող յայտնի հարուստ Ի. եւ Ն. Ժամհարեանները: Ընկերութեան կանոնադրութիւնն արդէն ներկայացուած է ուր հարկն է ի հաստատութիւն»:

Եթե Ժամհարյան եղբայրները ցանկացել են ակցիոներական ընկերություն ստեղծել, ապա մի խումբ կանայք եւ օրիորդներ էլ ցանկացել են կանանց մի ընկերություն հիմնել՝ «որեւէ մի գործով պարապելու եւ ինքնուրոյն աշխատանք ձեռք բերելու համար»: Այդ մասին Շուշիից մի տիկին գրել է. «Նրանց ծրագիրը շատ ընդարձակ էր, բայց զանազան հանգամանքներ, որոնք առաջ էին գալիս տեղական պայմաններից, դժվարացնում էին գործը: Վերջապէս կանգ են առել արհեստանոց բանալու վրա եւ այժմ մեծ եռանդով աշխատում են իրագործելու այդ միտքը … Մեր քաղաքում, բացի այդ նոր բացվող արհեստանոցից, կան եւ մի երկու արհեստանոցներ եւ անթիւ կար անող կանայք: Դեռ մի քանիսն էլ գնացել են Թիֆլիս վկայական ձեռք բերելու համար: Գուցէ հեռուից լսողը կարծէ, թէ գործ շատ լինելուց են շատանում եւ արհեստանոցների թիւը, եւ կար անող կանայք: Տարաբաղդաբար, այդպէս չէ … Լաւ կը լինէր, որ այդ մի քանի մանր-մունր արհեստանոցները, հէնց իրանց սեփական շահի տեսակէտից դատելով, միանային եւ իրանց ձեռքի տակ հաւաքէին կար անող կանանց եւ ընդհանուր ուժերով առաջ տանէին գործը, ճոխացնէին իրան արհեստանոցը ամեն տեսակ ձեռագործներով: Այդպիսով արագ կերպով առաջ կընթանար գործը եւ կիրականանար այն գեղեցիկ յոյսերը, որն այժմեան պայմաններում միայն ցնորք կարելի է համարել: Մեր վաճառականները շատ պատրաստի բաներ են բերում եւ մեզ վրա ծախում, մինչդեռ մեզ մօտ աւելի գեղեցիկ կարելի է պատրաստել, հարկաւոր է միայն սովորութիւն գցել, տարածել:

Հունվարին, Թիֆլիսում վախճանված մեծահարուստ շուշեցի Միքայել Սարգսյանը, որ Սամարկանդում ջրաղացներ եւ կալվածքներ է ունեցել, կտակով գումար է նվիրել Շուշու Թեմական դպրանոցին՝ 15 բաժին, ճեմարանին 5 բաժին, Ներսիսեան Հոգեւոր դպրանոցին 5 բաժին, Հովնանյան աղջկանց դպրոցին 3 բաժին, Շուշու Ագուլենց եւ Ղազանչեցոց եկեղեցիներին մեկ-մեկ բաժին»: Իսկ Շուշիի քահանաներից Գարեգին Հովհաննիսյանցը, Կրասնովոդսկ քաղաքի հայկական եկեղեցու համար, հանգանակել է 215ռ. ու ուղարկել Մոսկվա, եկեղեցական հանդերձանք գնելու համար: Նա մամուլում գրել էր, որ տեղի եկեղեցին, ուր այցելել էր, աննախանձելի դրության մեջ էր, զգեստների եւ եկեղեցական իրերի պակասություն ուներ:

Ամսվա վերջին օրը՝ հունվարի 31-ին, Շուշիում եղել է ուժգին երկրաշարժ, որի մասին մանրամասն գրվել է. «Մեր մէջ այս մի քանի օրվայ ընթացքում պարբերաբար կրկնվող երկրաշարժը մի տեսակ լարված դրութեան մէջ է դրել քաղաքիս եւ թէ շրջակայ գիւղերի ազգաբնակութիւնը: Առաջին ցնցումը, որ տեղի ունեցաւ յունվարի 31-ին կէսրվայ 12 ժ. 45 րոպէին եւ տեւեց մօտ 15 վայրկեան, մեծ իրարանցում ձգեց ամբողջ քաղաքի մէջ: Սարսափահար ամբոխը, կեանքն ազատելու համար, տներից եւ խանութներից դուրս թափվեց փողոց:

Դպրոցներում ընդհատվեցին դասերը եւ սաստիկ վախեցած աշակերտներն ու աշակերտուհիները արձակվեցան տուն: Շատերն էին խոստովանում, որ դեռ այսպիսի խիստ երկրաշարժ չէին տեսել: Ցնցումները կրկնվեցան երեկոյեան 7 ժ. 28 րոպէին, գիշերվայ՝ 12 ժ. 28 ր., 12 ժ. 45 ր., 12 ժ. 50 ր., 2 ժ. 50 ր., առաւօտեան, փետրվարի 1-ին 7 ժ. 28 ր.: Որովհետեւ, ինչպէս ցոյց էին տալիս թւերը, ցնցումները կրկնվում էին մի տեսակ պարբերաբար, ուստի եւ ենթադրվում էր, որ այդ օրը կէսօրվայ ժամին եւս կարող է ցնցում տեղի ունենալ: Ժողովուրդը լսել էր այդ եւ սարսափի մէջ էր: Դպրոցներում դասատւութիւն չեղաւ: Ամենքն էլ սպասում էին ցնցումի. բայց բարեբախտաբար որոշեալ ժամին ցնցում չեղաւ եւ ժողովուրդը փոքր-ինչ հանգստացաւ: Միայն թէ այդ օրը երեկոյեան, գիշերը մի քանի անգամ, հետեւեալ օրը (2-ին) առաւօտեան, երեկոյեան, գիշերը զգալի ցնցումներ տեղի ունեցան: Դեռ մինչեւ այժմ էլ, կարծես, վերջնականապէս չէ դադարել երկրաշարժը: Գիշերները զգալի են լինում շարժումները, որոնք չեն կարող չազդել հասարակութեան ջղերի եւ երեւակայութեան վրա: Մեր հասարակութեան բազմութիւնը անկարող է ըմբռնելու երկրաշարժի բնական պատճառները. նա այդ համարում է աստուածային պատուհաս, թշուառութեան ու աղէտների գուշակ: Մեծ լքումն է տիրում մանաւանդ մեր գիւղացիների մէջ, որոնք հաւատալով «Եփիմերտէի» ցուցմունքներին, սպասում են, որ այս տարի եւս պէտք է զրկվեն իրանց ընտանի կենդանիներից: Ահա շարունակ մի քանի տարի է, որ կենդանիների մէջ տարածված վարակիչ հիւանդութիւնները քայքայում են մեր գիւղացու տնտեսական դրութիւնը եւ մատնում այս եւ այն վաշխառուի կամայականութեան: Երկրաշարժը ոչ մի զգալի վնաս չէ տուել մեր գաւառին, բացի այն, որ սարսափ է ազդել բոլորի վրա»:

Ինչպես վերը նշվել է, անասունների մեջ տարածվել է վարակիչ հիվանդություններ եւ այդ մասին մեկ ուրիշ թղթակցությունում գրվել է. «Մի ամսից աւելի է, որ մեզ մօտ տարածված է քութէշ հիւանդութիւնը եւ երեխաներից զոհեր է տանում: Հիւանդութիւնը տարածված է աւելի չքաւոր դասակարգի մէջ: Մի կողմից անտանելի ցրտերը, միւս կողմից աննախանձելի կացութիւնը նպաստում են այդ եւ դրա նման վարակիչ հիւանդութիւնների տարածվելուն մեզանում: Աւելացրէք դրա վրա եւ բժշկական օգնութեան բացակայութիւնը չքաւոր դասակարգի համար: Մենք ունենք քաղաքային բժիշկ, բայց նա չքաւորներին բժշկական օգնութիւն հասցնելը իր իսկական պարտականութիւններից դուրս է համարում»:

Եվ վերջում, Շուշիի թղթակիցը գրել է, որ հունվարի 18-ին, 100 տարեկանում մահացել է Սոս գյուղի ծխատեր Հովհաննես քհյ. Տեր-Մկրտչյանը, ով հայտնի է եղել իր օրինակելի վարքով ու բարքով: Նա իրենից հետո թողել է 84 թոռներ եւ ծոռներ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
03.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930