Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը գնում է Թուրքիայի հետ թուրքական նախապայմաններով հարաբերությունների հաստատման»

Ապրիլ 05,2021 14:30

Փաստացի, երկրորդ անգամ պարտվում ենք Թուրքիային, եւ այդ պարտությունը գուցե անդառնալի լինի

Թուրքիայի մերձիշխանական «Sabah» օրաթերթը մարտի 31-ին հղում անելով իշխանական աղբյուրներին՝ գրեց, որ Թուրքիայի նախագահի խորհրդականն ապրիլի 24-ին ընդառաջ հետեւյալ ուղերձն է փոխանցել ԱՄՆ-ին. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք՝ մենք էլ անգամ դարպասները կբացենք։ Նման ժամանակահատվածում եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»: Փորձագիտական գնահատականներով՝ այդ թվում այս հանգամանքը փաստում է այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ինչ-ինչ գործընթացներ կան։ «Առավոտն» այս թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

– Պարոն Գեղամյան, ինչպես ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն օրերս հայտարարեց, «ԱԳՆ-ն տեղյակ չէ Անկարայի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների որեւէ ձեւաչափի մասին»։ Այսինքն, կարելի է միայն ենթադրել, որ Թուրքիայի հետ բանակցություններ չկան, բայց ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ գործընթաց, այնուամենայնիվ, առկա է։

– Այս պարագայում դրանք առաջին հերթին այն հրապարակումներն են, որոնք հանդիպում են թուրքական մամուլում։ Ընդ որում, խոսքը ոչ թե պատահական հարթակների մասին է, այլ այնպիսի մեդիա հարթակների, որոնք մոտ են կանգնած իշխանությանը։ Բացի այդ, նշյալի մասին են հուշում տարբեր պաշտոնյաների՝ եւ հայ, եւ թուրք, հայտարարությունները։ Դրանք խոսում են այն մասին, որ առնվազն նախապատրաստական աշխատանք ընթանում է բանակցությունների վարման։ Ինչ վերաբերում է այլ հիմնավորումներին, ապա ԱԳՆ-ն, փաստացի, ոչ թե հերքեց բանակցությունների գոյությունն առհասարակ, այլ ասաց, որ նման բանակցություններից իրենք տեղյակ չեն։ Բայց քանիցս համոզվել ենք, որ ՀՀ ներկայիս «դե ֆակտո» իշխանությունները շատ դեպքերում արտաքին քաղաքականությունը եւ ոչ միայն արտաքին քաղաքականությունն իրականացնում են առանց պետական համապատասխան ինստիտուտների ներգրավման՝ առանձին մարդկանց միջոցով եւ առանձին գործիչների մակարդակում։ Այնպես որ, այս ամենը հուշում է՝ գործ ունենք ՀՀ-Թուրքիա հարաբերությունների տիրույթում որոշակի աշխատանքների հետ։

– Ապրիլի 24-ին ընդառաջ այդ հարաբերությունների տիրույթում ի՞նչ հնարավոր ազդակների կամ առաջարկների սպասենք թուրքական դիվանագիտությունից։

– Այդ առաջարկները կարելի է լսել ոչ միայն Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, այլ առհասարակ վերջին մի քանի ամսում, հատկապես՝ Արցախի հարցով կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո։ Դրանք շատ պարզ են եւ բաժանվում են երկու պայմանական տիպերի։ Առաջինն ուղիղ սպառնալիքներն են Հայաստանին եւ հայությանն առ այն, որ ՀՀ-ն պետք է դադարի մինչ այս պահը վարած քաղաքականությունը։ Դա ենթադրում է առաջնահերթ Արցախի հանդեպ մեր արդար պայքարը հակամարտության կարգավորման համար։ Մեզանից ակնկալում եւ պահանջում են դրանից հրաժարում։ Խոսք է գնում նաեւ տարածաշրջանում հայկական կողմի՝ մինչեւ այս պահն ունեցած տարաբնույթ նախաձեռնությունների մասին, որոնց մաս են կազմում, իհարկե, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ միջազգային ճանաչման համար պայքարը։ Ուղերձների առաջին խումբը սա է՝ «հրաժարվեք դրանցից, որպեսզի լավ լինի»։ Երկրորդ խումբը պայմանական կարելի է կոչել «բարիդրացիական»՝ «պատրաստ ենք ՀՀ-ի հետ երկխոսության»։ Նման ուղերձներն ունեն շարունակություն՝ «եթե Հայաստանը…», ու թվարկվում են նախապայմաններ։ Ստացվում է, որ երկու ուղերձներն էլ, ըստ էության, սպառնալիքներ են, ոչ թե առաջարկներ։ Վերջին շրջանում Թուրքիայի պաշտոնական մակարդակում ակտիվ խոսվում է այն մասին, որ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման կարեւորագույն նախապայման է ՀՀ-ի տարածքով թուրքական միջանցքի բացումը, որը հայտնի է «Մեղրիի միջանց» կամ «Նախիջեւանի միջանցք» անվամբ, եւ Արցախից վերջնական հրաժարումը։ Ինչպես տեսնում ենք, ՀՀ ներկայիս իշխանությունն այդ երկու նախապայմանն առնվազն փորձում է կատարել։

– Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է հնարավոր հետպատերազմական փուլում վերանայել Թուրքիայի հանդեպ կեցվածքը, ինչպես մեր պաշտոնյաներն են ակնարկում, եւ դա այն պայմաններում, երբ Անկարան ասում է՝ «եթե Հայաստանն իրեն ճիշտ պահի, մենք էլ դարպասը կբացենք»։

– Անկախությունից ի վեր ՀՀ-ն մշտապես փորձել է Թուրքիայի հետ հաստատել որոշակի հարաբերություններ։ Բնականաբար, որպես սուվերեն եւ անկախ պետություն՝ ենթադրվում է, որ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ոչ թե նախապայմանների վրա, այլ հավասարը հավասարին գործակցության սկզբունքի վրա։ Հայտնի է, որ նախապայմանները մշտապես առաջադրված են եղել թուրքական կողմից, ոչ թե հայկական։ Հիմա ի՞նչ ենք տեսնում այս պարագայում. այն, որ թուրքական կողմը շարունակում է ոչ միայն պահել մինչեւ 2020թ.-ի սեպտեմբերն առկա նախապայմանները, այլեւ դրանց ավելացրել է նորերը, օրինակ՝ միջանցքի, Հայոց ցեղասպանության հարցերը։ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ թուրքական նախապայմաններով հարաբերությունների հաստատման։ Սա հղի է վտանգներով, որովհետեւ նախապայմանների կատարումը նշանակում է, որ մենք հերթական անգամ պարտվում ենք։ Նախապայմանների կատարումը ՀՀ պետականության համար հղի է խիստ վտանգներով։ Առնվազն միջանցքի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ դա Սյունիքի փաստացի սողացող նվաճում է, որը նշանակում է ՀՀ պետականության վերջնական կորուստ։ Իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը եւ ամեն ինչը միջէթնիկական ընկալումների մակարդակ տեղափոխելը (ինչպես ՀՀ «դե ֆակտո» վարչապետն է ասում) նշանակում է ջուր լցնել թուրքական ջրաղացին եւ կասկածի տակ դնել հայկական պետականության հիմք հանդիսացող՝ հայկական դատի պայքարը, արցախյան հարցում հայկական դիրքորոշումը եւ այլն։ Փաստացի, երկրորդ անգամ պարտվում ենք Թուրքիային, եւ այդ պարտությունը գուցե անդառնալի լինի իսկապես։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել