ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում:
Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում են այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են ֆաշիզմի ու նացիզմի դեմ և հաղթել են:
- Մարշալ Հովհաննես Բաղրամյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:
- Մարշալ Համազասպ Բաբաջանյան` ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:
- Նելսոն Ստեփանյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված` Շուշի:
- Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)` ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված` Մեծ Թաղեր, Հադրութ:
- Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված` Ազոխ, Շուշի:
- Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված` գյուղ Հաջիքենդ, Կարս:
- Հովհաննես (Իվան) Թևոսյան` պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված` Շուշի: Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին:
Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է:
Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները: