Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշտում կմնան միայն իշխանական կայքերը, որոնք դիտում չունեն, բայց հասկանալի պատճառներով գովազդը ծփում է»

Ապրիլ 03,2021 21:30

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները առցանց լրատվամիջոցներից տոտալիզատորների գովազդները հանելուն դեմ են: Վստահեցնում են՝ մեդիան լուրջ ֆինանսական վնասներ կկրի:

«Նման փոփոխությունները չեն արվում այսպես միանգամից եւ այսպես փնթի ձեւով: Չկա հաշվարկ, չկա որեւէ միջազգային փորձի կիրառում կամ դրան ակնարկ: Ուղղակի փնթի կերպով վերցրել են ու ասում են, որ տոտալիզատորների գովազդների մեծ մասը պետք է դուրս գան առցանց մեդիաներից: Իմ կարծիքով, դա մանր վրեժխնդրության նման մի բան է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն՝ անդրադառնալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Հիշեցնենք՝ նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել, այն է՝ լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Նախագիծը հարուցել է մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների զայրույթը, որոնք վստահեցնում են՝ լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ: Նրանց համոզմամբ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանոնակարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին:

Արամ Անտինյանն ասում է՝ ակնհայտ փաստ է, որ մեդիաների հիմնական մասն այսօր չի աշխատում իշխանությունների համար եւ դա փորձ է լրատվամիջոցներին ճնշելու. «Երբ օրենք են մտցնում եւ ասում են, որ հենց այս պահից մտնում է ուժի մեջ, դիվերսիֆիկացվելու հնարավորություն մեդիան չի ունենում, որպեսզի այլ աղբյուրներ որոնի եւ այդ ընթացքում՝ կլինի 8 ամիս, 1 տարի, լրատվամիջոցի մոտ բաց է առաջանում եւ ակնհայտ է, որ սա մեդիաներին ճնշելու հերթական նախաձեռնությունն է եւ մանր վրեժխնդրություն՝ ոչ ավելին»:

Արամ Անտինյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նախագծով սահմանափակում են միայն առցանց լրատվամիջոցներին, սակայն սոցիալական ցանցերում, փողոցներում՝ գովազդային վահանակներին այդպիսի գովազդի տեղադրումը նախագծով չի կարգավորվում. «Այսինքն՝ նպատակամղված վնասում են առցանց մեդիային: Մեծ հաշվով իշխանությունների համար միեւնույն է՝ ինչ կլինի խաղամոլների հետ, նրանց համար կարեւոր է, որ տուժեն լրատվամիջոցները: Մեդիան կկրի ֆինանսական մեծ կորուստներ, խնդիրն էլ չի լուծվի, որովհետեւ չեն կարող սահմանափակել սոցիալական ցանցերում այդպիսի գովազդների տեղադրումը: Այսինքն՝ համալիր լուծում չի տրվում խնդրին եւ պարզ էլ չէ, որ գովազդը սահմանափակելով արդյոք նվազելո՞ւ է խաղացողների քանակը: Որեւէ ուսումնասիրություն չկա»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Սա գործող իշխանությունների կողմից ո՛չ առաջին ո՛չ էլ, կարծում եմ, վերջին փորձն է մեդիադաշտ ներխուժելու եւ իր անհարկի կարգավորումներով մեր կյանքը բարդացնելու։ Նման բազմաթիվ օրինակներ գիտենք այդ 3 տարում։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու փորձեր անցյալում էլ են արել՝ մի ժամանակ էլ սահմանափակել էին, որ շահումով խաղերի գովազդը չի կարող կայքի 20 տոկոս տարածքից ավելին զբաղեցնել։ Հետո պարզվեց, որ օրենքի հեղինակներն ուղղակի լավ չեն պատկերացնում ինչ է կայքը, ինչ ծավալ ունի այն, եւ այդ ծավալի նկատմամբ ինչ հարաբերակցություն ունի նման գովազդը։ Այդ անհեթեթ փոփոխությունը մնաց թղթի վրա։ Ապա տեսան՝ նախորդ օրինագիծը մեզ չզրկեց գովազդից, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեդիայի ամենամեծ գովազդատուն խաղային բիզնեսի ներկայացուցիչներն են, որոշեցին հաջորդ անհեթեթությունը մտածել։ Պարզ է, որ ոչ մի գովազդատու չի համաձայնի գովազդ տեղադրել եւ դրանից արդյունք չստանալ, իսկ երեկոյան 10-ից 7-ը՝ վստահաբար սպասված արդյունքը չի ապահովելու։ Պարզ է, որ կայքերից շահումով խաղերի գովազդը հանելը չի նվազեցնելու խաղացողների եռանդը եւ չի խանգարելու մյուս բոլոր հարթակներում գովազդ տեղադրելուն։ Պարզ է, որ այս օրինագծով մի խնդիր են լուծում՝ խփել անկախ լրատվամիջոցների եկամուտներին։ Իսկ գովազդը ԶԼՄ-ների եկամտի առյուծի բաժինն է, թերթերի վաճառքից ստացվող եկամուտների նվազելուն զուգընթաց»։

Արմինե Օհանյանի խոսքով. «Մի իշխանություն, որն օրնիբուն խոսում է լրատվադաշտի ստվերի, անօրինական հովանավորներից սնվելու մասին, ինքն իր քայլերով ամեն ինչ անում է, որ մեդիան կրկին գնա ստվերային դաշտ։ Կամ՝ ուղղակի փակվի։ Դաշտում կմնան միայն իշխանական կայքերը, որոնք դիտում չունեն, բայց հասկանալի պատճառներով գովազդը ծփում է՝ որպես կոռուպցիայի ակնառու ապացույց»։
Նշենք, որ առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է:

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանի խոսքով, որը ներկայացնում է 1in.am լրատվական կայքը, խաղամոլության դեմ պետք է պայքարել, բայց իշխանության ընտրած ճանապարհը հարցի լուծում չէ:

Եվ, չնայած օրենքի նախագծում նաեւ նշված է, որ դրա ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, սակայն, Հասմիկ Մարտիրոսյանը վստահեցնում է՝ լրատվամիջոցների վճարած հարկերը պակասելու են:
«Օրենքի փոփոխությունը բերելու է ֆինանսական մուտքերի կրճատման, որոնք առանց այդ էլ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով որոշակի կրճատվել են: Եթե սահմանափակվենք գիշերային ժամերով եւ, այնուամենայնիվ գովազդը տեղադրենք, բյուջեի կրճատում լինելու է, նույն վճարը չի լինելու եւ, հետեւաբար, մեր հարկերն էլ են պակասելու, այսինքն՝ շղթայական է, մեկը մյուսին փոխկապակցված է»,-ասաց Հասմիկ Մարտիրոսյանը: Ըստ նրա, մամուլը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ բուքմեյքերական ընկերություններից ստացվող եկամուտը գովազդի մեջ մեծ մասնաբաժին ունի՝ 50-60 տոկոս:

Հասմիկ Մարտիրոսյանը գտնում է, որ օրենքում փոփոխություն կատարելու պարագայում էլ, միեւնույն է, հնարավոր չի լինելու այդ գործընթացն ամբողջությամբ վերահսկել, քանի որ Հայաստանից շատ են մուտքերը արտասահմանյան կայքեր, որտեղ մեր տեղական բուքմեյքերականների գովազդները նույնպես ցուցադրվում են. «Նախագծում, կարծես թե, այդ մասով սահմանափակումներ չկան, այսինքն՝ էլի վերահսկելի չի լինելու ամբողջությամբ: Եթե միայն լրատվական դաշտում կամ՝ տեղական կայքերում փորձենք հարցը լուծել, դա հարցի լուծում չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930