Նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթ առաջնությունը՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
Հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացածների թվում են նաեւ Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի լավագույն մարզիկներ Արթուր Սուքիասյանը, Ազատ Ալոյանը, Հադրութի հրամանատար Հայկ Կիրակոսյանը, որոնք միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր են եղել:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Անդրանիկ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հերոսացած մարզիկները դեռ վաղուց լրացրել էին միջազգային սեւ գոտու նորմաները, սակայն հանդիսավորությամբ այդ բարձր տիտղոսների հանձնումը նրանց անընդհատ հետաձգվում էր նախ համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով, որին տղաները մասնակցեցին հերոսաբար ու, ցավոք, զոհվեցին: Փաստորեն այսօր վերջին 15 ամսվա ընթացքում մեր առաջին պաշտոնական միջոցառումն ենք անցկացնում, որը նվիրել ենք նրանց հիշատակին եւ որոշել սեւ գոտիները հանձնել մեր նահատակված ընկերների ծնողներին: Այս պատերազմում մեր նախկին ու ներկայիս սաների մեջ ունենք նաեւ վիրավորներ, ինչպես Նարեկ Մեսրոպյանն ու Դավիթ Կարապետյանը, որոնք դեռ շարունակում են ապաքինվել, բայց այսօր այստեղ են, այս դահլիճում»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի գավաթի առաջնությանը, մրցաշարին մասնակցում են Երեւանի եւ մարզերի մինչեւ 18 տարեկան շուրջ 200 տղաներ ու աղջիկներ` կումիտե եւ կատա մրցաձեւերից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ