Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդեայի մատանին

Ապրիլ 03,2021 16:38

Հուշեր Մեդեա Աբրահամյանի հետ հանդիպումներից

20-րդ դարը շնչավորած հայ ականավոր երաժիշտների աստղաբույլում ուրույն տեղ է զբաղեցնում մեծահամբավ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, ով կատարողական արվեստի նշաձողը բարձրացրեց վերին գագաթին,  հիացրեց խստաճաշակ լսարանների ունկնդիրներին, արժանացավ մասնագետների բարձր գնահատանքին։

Ես երաժշտագետ չեմ, և նպատակ չեմ հետապնդում վերլուծելու հանրահռչակ թավջութակահարի երաժշտական ուղին, այդ մասին կան բազում գրքեր, հրապարակումներ։

Առիթներ եղան նրան  հանդիպելու,  ճանաչելու։

Մեդեա Աբրահամյանի անունը ինձ հայտնի էր համերգներից, մամուլից, հեռուստատեսությունից, համերգային ազդագրերից։ Անցած դարի երկրորդ կեսի օդը լցված էր նրա անունով։  Երբ տանը դիտում էինք նրա կատարումը, ավագ քրոջս կանչում էինք․- Լիդա, քո երկվորյակն է նվագում։ Դիմագծերով կարծես կիսված էին մեկ ձվից։ Նաև Աբրահամյան ենք, հարազատական զգացում ունեինք նրա հանդեպ, գուցե՞ մի բան կար մեր արմատներում, մանավանդ որ մեր ազգականների կեսից ավելին ապրում էին Թիֆլիսում, որտեղ ծնվել էր նրա մայրը․․․

2016 թվականի Հայաստան այցս չափազանց առատաբեր էր․ ամուսնուս մահից 22 տարի անց՝  իմ թարգմանությամբ, սեպտեմբերին հայերեն լույս տեսավ Արա Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև․ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գիրքը (համահեղինակ՝ Էննո Մեյեր), որի հրատարակությունը ոչ միայն հոգուս պարտք և ամուսնուս ցանկության իրականացումն էր, այլև այդ արժեքավոր ուսումնասիրությունը հայ ընթերցողին և գիտնականներին ներկայացնելը։ Այդ օրերին թեև զբաղված էի վերը նշված գրքի տպագրական գործերով, բայց նաև ժամանակ էի գտնում այցելելու համերգներ, ցուցահանդեսներ, հանդիպում՝ սիրելի անձանց հետ,  հոգևորով լցնում օրս։

Ես չեմ մանրամասնի սեպտեմբերյան մշակութային բոլոր միջոցառումները, որոնց մասնակցեցի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Մատենադարանում, Մշակույթի հայկական ֆոնդում, նկարիչների միությունում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը,  պատկերասրահում, կնշեմ միայն նրանք, որոնցում՝ ճակատագրի կամոք, խաչաձևեցին իմ և Մեդեա Աբրահամյանի ճակատագրերը։

2016 թ․ սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեղի ունեցավ 10-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը։

Ինձ անչափ սիրելի ու հայրենապաշտ հայորդի Գագիկ Հարությունյանը, ում մեծ ջանքերով  Հայաստանում իրականացվում են մշակութային ձեռնարկներ, ծառապատվում են Եղեգնաձորի քարքարոտ սարերն ու հանդերը, ում մեկենասությամբ հրատարակվում են գրքեր, նաև  ամուսնուս վերոհիշյալ գիրքն է դրանց շարքում, հրավիրեց փառատոնի բացմանը։

Հանդիպեցինք «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում։ Աշնանային երեկո էր՝ Երևանին բնորոշ լեռնային քամով։ Մինչ Գագիկը կայանեց մեքենան, ես ծանոթացա նրա տիկնոջ և դստեր հետ։ Զրուցում էինք, մեզ մոտեցավ մեզ մտերիմ երիտասարդ Սերգեյ Մանվելյանը, ով ուղեկցում էր Մեդեա Աբրահամյանին։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ բարեբախտություն, այն զգացումն ունեցա, թե հանդիպեցի երկնաբնակ քրոջս երկվորյակին։ Բերկրանքս նկատեց Մեդեա Աբրահամյանը, հարազատորեն ողջագուրվեցինք։

Համերգի ընթացքում Մեդեան և Սերգեյը մեկ շարք հեռու էին մեզնից (կարծեմ 9-րդ շարքում)։ Ծրագիրը հարուստ էր, ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունեցավ նաև գերմանացի ջութակահար Վիվիան Հագները:

Հիացած, լիացած ու շենացած դուրս եկանք համերգասրահից, որոշեցինք զբոսնել, վայելել Երևանի գիշերը, մանավանդ քամուց մնացել էր բրիզ։ Քայլեցինք Թումանյան, Տերյան, Սայաթ-Նովա  փողոցներով։ Դժվար էր հավատալ, որ այդ առույգ, երիտասարդական ավյունով կինը 84 տարին թողել է ետևում։ Թևանցուկ արեց ինձ, սրտամոտ զրուցում էինք, ավելի շուտ՝ ինքը պատմում էր, ես՝ լսում։

Ես հանդիպել եմ շատ ու շատ նշանավոր անձանց՝ գրողների, երգիչների, գեղանկարիչների, շատերին հյուրընկալել ենք մեր հայրական տանը, շատերի հետ մտերիմ եմ, բայց Մեդեա Աբրահամյանը բոլորից տարբերվում էր իր  զգացմունքների անկեղծությամբ, անմիջականությամբ, ջերմությամբ, հարազատությամբ, համեստությամբ, հումորով։ Դիմացինը տաքանում էր նրա մեջ եղած լույսից, ջերմությունից։ Խոսքը համեմված էր յուրօրինակ նրբերանգով, որը հաճելի էր հնչում ականջումս։ Լսեց, որ Աբրահամյան ենք, դիմագծերով նման է քրոջս, ուրախացավ, – ուրեմն, բարեկամներ ենք։   Մոռացած օրը, ժամը, մեզ ուղեկցող անձանց, թող ներող լինեն, կարծես այդ գիշեր ես թերթում էի Մեդեա Աբրահամյանի կյանքի գիրքը։ Այնքան գորովանքով պատմեց Թիֆլիսում ծնված մոր մասին․ «․․․Առանց մայրիկիս ակտիվ դերակատարության՝ ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք կարևորագույն մեկնակետեր հանդիսացան իմ հետագա կատարողական գործունեության համար»։

Իր երջանկությունը Մեդեան գտել էր երաժշտության հետ անմիջական շփմամբ, և ունկնդրի հետ կիսում էր իր բերկրանքը, դառնալով կոմպոզիտորների ներշնչանքը, որոնք հարյուրից ավելին գործեր էին գրել իր կատարման համար։

Առանձնահատուկ սիրով պատմեց իր ուսուցչի՝ աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի մասին, նրա առաջին հայ սանն էր եղել ինքը, ով «․․․ուսուցանելիս երբեք նվագելով չէր ցույց տալիս իրենց, թե ինչպես անել, այլ բացատրում էր այնքան պատկերավոր, որ աշակերտների համար միանգամայն պարզ էր լինում․․․»։ Պատմեց նաև Ռոստրոպովիչի  բարության, մեծ սրտի մասին, ով օգնել էր իրեն՝ Մոսկվայում վարձով սենյակ գտնելու, նույնիսկ սենյակի վարձը վճարել։

Վերջինիս մարդասիրությունը հայտնի էր, որ մերձմոսկովյան իր տանը հյուրընկալել, ապաստանել էր նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինին, երբ նա վերադարձել էր աքսորավայրից և ապրելու հնարավորություն չուներ (ցավոք՝ ՊԱԿ-ի ճնշմամբ, երկու աշխարհահռչակները լքեցին ԽՍՀՄ-ը)։ Մեդեան հիշեց նաև Հայաստանում Ռոստրոպովիչի համերգների մասին․․․

Իր նշանավոր սանի ոգեշունչ կատարումների մասին ահա, թե ինչ է ասել Մստիսլավ Ռոստրոպովիչը․

«Մեդեա Աբրահամյանը նշանավոր, տաղանդավոր, վիթխարի մասշտաբի տեր կատարող է։ Իր համերգային-կատարողական լայն գործունեությամբ նա հայտնի է ոչ միայն Խորհրդային միությունում, այլև նրա սահմաններից դուրս։ Հատկապես ցանկանում եմ նշել նրա ներդրումը խորհրդային կոմպոզիտորների կողմից թավջութակի համար գրված երկերի ստեղծման գործում։ Մասնավորապես, եթե չլիներ նրա ոգեշունչ արվեստը, մենք չէինք ունենա հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների մի ամբողջ շարք»․․․

Մեր զրույցը ընդհատվեց։ Գեղեցիկ զուգադիպությամբ հանդիպեցինք ֆիլհարմոնիկի մի խումբ երաժիշտների՝ Մաեստրո Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ, որոնց հետ էր գերմանացի ջութակահարը։ Ուրախացանք, ծանոթացանք, շնորհակալություն հայտնեցինք սքանչելի համերգի, մեզ պարգևած վայելքի համար։ Մեր հանդեսը շարունակեցինք մի ռեստորանում։ Էդվարդ Թոփչյանը,  ոչ միայն բեմում, և դիրիժորի կախարդական փայտիկով է հմայում հանդիսատեսին, այլև հռետորական հմտության տեր է և հրաշալի թամադա։ Գնահատանքով, մեծարանքով ծաղկեցրեց Մեդեա Աբրահամյան լեգենդի կենացը, մենք էլ սիրով, հոտնկայս խմեցինք Մեդեայի կենացը։ Անմոռանալի օր էր, լուսաբացին հրաժեշտ տվեցինք միմյանց, կրկին հանդիպելու ցանկությամբ։

Մեդեան ինձ հրավիրեց իրենց տուն, սիրով ընդունեցի։ Բայց մինչև տուն այցելելը, երկու օր հետո մեր ճակատագրերը վերստին խաչաձևեցին Գայանե Աթանեսյանի՝ «Վարդուհի Վարդերեսյան» գրքի շնորհանդեսին։ Նստեցինք կողք-կողքի, մինչ միջոցառման սկսվելը մտերմիկ ու ջերմ զրուցեցինք, հիշեցինք մեկ տարի առաջ հեռացած սիրելի արտիստուհուն, նրա աչքերի փայլը, նրա մարմնավորած դերերը կինոյում և թատրոնում, նրա սքանչելի Ջոննիին։ Հրաժեշտին խոստովանեցինք, որ մի բան միավորում է մեզ, եթե ոչ՝ որտեղի՞ց այսքան զուգադիպություններ։

Սեպտեմբերյան մի օր, սիրելի, հոգեհարազատ ընկերուհուս, գեղանկարիչ Նինա Աղավելյանի հետ պայմանավորվեցինք այցելել պատկերասրահ, որտեղ  այն օրերին բացվել էր  իտալական արմատներով գեղանկարիչ Միրո Պերսոլյայի «Արտացոլանքից անդին» խորագրով ցուցահանդեսը:

Պատկերասրահի բակում, ես և Նինան մեծ հրճվանք ու բերկրանք ապրեցինք, տեսնելով Մեդեա Աբրահամյանին՝ Սերգեյի ուղեկցությամբ։ Ողջագուրվեցինք, կարծես վաղուց չէինք հանդիպել իրար։ Լսեց մեր մտադրության մասին և սիրով ընկերակցեց մեզ։ Պատկերասրահում շատ այցելուների հայացք ուղղված էր  Մեդեայի կողմը, մեզ լավ էինք զգում, որ  նրա հետ էինք։  Մեծ բավականությամբ դիտեցինք, վայելեցինք թե՛ Միրո Պերսոլյայի, թե՛ Բաժբեուկ-Մելիքյանների (Ալեքսանդր, Լավինիա, Զուլեյկա, Վազգեն) գործերը։

Սերգեյը սպասում էր պատկերասրահի նախասրահում, Մեդեայի հետ հրավիրված էին։ Ես և Նինան կամեցանք հրաժեշտ տալ, Սերգեյը  խնդրեց ընկերակցել  իրենց։

Երևանյան իր բնակարանում ծանոթացանք  սփյուռքահայ Շաքէ Մանկասարեանի հետ, ում նվիրական ջանքերով արդեն  10 տարուց ավելի հիմնադրվել է շուրջօրյա հեռարձակվող ԱՅԳ առցանց ռադիոկայանը։ 2015 թվականից ի վեր նա նաև խմբագիր-համադրողն է արևմտահայերեն վիքիպեդիայի խմբագրական աշխատանքների, ինչպես նաև թարգմանություններ է անում  հայերենից՝ անգլերեն, արաբերեն։ Գեղեցիկ ժպիտով մեզ դիմավորեց Շաքէն, նա և մյուս հյուրերը հրճվանք ապրեցին՝ տեսնելով Մեդեային։ Տանտիրուհու սիրալիր վերաբերմունքից, համով խորտիկներից բացի, սքանչելի օր էր՝ համեմված գուսան Նազելիի երգով, խոսք ու զրույցով։

Իմ հանդիպումները Մեդեայի հետ շարունակվեցին։ Աշնանային խաղաղ երեկո էր, օպերայի մերձակայքում գտնվող ծաղկավաճառից վարդեր գնեցի և սպասեցի Սերգեյին, պայմանավորվել էինք միասին այցելել (նրանց մտերմությունը օծվել էր սուրբ մյուռոնով՝ Սերգեյը նրա կնքահայրն էր)։ Մեզ դիմավորեց համեստ, դյութող ժպիտով տանտիրուհին։ Սենյակը լցված էր Մեդեայի բույրով, գույնով ու նվագով, որոնք ներս մտնելիս հմայեցին ինձ։  Մինչ Սերգեյը՝ ասպետավարի սուրճ պատրաստեց, հուշերը մեզ առան իրենց ծիրի մեջ։ Պատմեց, որ մի օր հայ կերպարվեստի նահապետ՝ Մարտիրոս Սարյանը անձամբ այցելել է իրենց տուն, մեծ վայելքով ունկնդրել որդու՝ Ղազարոս Սարյանի ստեղծագործությունների Մեդեայի կատարումը։ Եվ մի  ճաշկերույթի ժամանակ, Վարպետը՝ ոգևորված և ճառագող աչքերով, հատուկ խմել է Մեդեայի  կենացը։ Հուզումով նշեց, որ իր առաջին թավջութակը նվեր է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ից․․․

Լսեցի նաև, որ այն ռեժիմի պայմաններում, գումարած մարդկային նախանձը, Մեդեան ևս հանդիպել էր խոչնդոտների, երբ խոսք է եղել արտասահմանյան երկրներ հյուրախաղերի մեկնելու, ամեն պարագայում, նա ճեղքել է արգելքները, ելույթներ ունեցել աշխարհի շատ երկրներում, նշանավոր նվագախմբերի հետ, ուր էլ եղել է, հետը տարել, պանծացրել է Հայաստանի անունը․․․

Տանը ինձ սպասում էր ևս մեկ անակնկալ։ Աստված շռայլ էր գտնվել Մեդեայի հանդեպ, նա նաև նկարում էր։ Պատմեց, որ մանկուց հետաքրքրություն է ունեցել գրաֆիկայի հանդեպ։ Շատ կոմպոզիտորների համար ինքը եղել էր ներշնչանք, որից ծնվել էին թավջութակի կատարման սքանչելի գործեր, իսկ այդ կոմպոզիտորները՝ Մեդեայի պատկերային մտածողությամբ ու սուր դիտողականությամբ դարձել էին ընկերական շարժեր։ Մեծ բավականությամբ, ժպիտով  դիտեցի նրա այդ շարքը՝ միաժամանակ ունկնդրելով իր սքանչելի կատարումների սկավառակը, որից մեկ օրինակ՝ մեծահոգաբար  նվիրեց ինձ։ Արվեստից բացի,  Մեդեան նաև բուռն հետաքրքրություն ուներ ֆուտբոլի նկատմամբ, երկրպագու էր  Բավարիայի Մյունխենի ֆուտբոլային թիմի։

Ժամերը թռան, մինչդեռ ուզում էի նստել կողքը, լսել հարուստ ու բովանդակալից կյանքի անզուգական էջերի մասին պատմությունները:

Հրաժեշտից առաջ Մեդեային և Սերգեյին հրավիրեցի ամուսնուս՝ վերը նշած գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ նույն թվականի հոկտեմբերի 3-ին, Ավ․ Իսահակյան անվան կենտրոնական գրադարանի դահլիճում։ Հավաքվել էին Արա Բերքյան հային ճանաչողները, ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Մեծ ուրախություն ապրեցի՝ Մեդեային տեսնելով։ Ափսոսում եմ, որ այն օրը չկարողացանք կարգին զրուցել։ Միջոցառումից հետո, գրկեց, համբուրեց, շնորհավորեց ինձ և  հրաժեշտից առաջ (Սերգեյի ներկայությամբ), հանեց մատնեմատի մատանին (գուցե՞ արծաթ կամ մելքիոր՝ մարջան՝ քարով) և իր հմայիչ ժպիտով հագցրեց ձախ մատնեմատիս։ Հանկարծակիի եկած՝ դիմադրեցի, բայց չկամեցա վշտացնել ինձ այնքան սիրելի և հարազատացած Մեդեային։ Շնորհակալաբար գրկեցի,  սեղմեցի կրծքիս։

Իմ կյանքում՝ բացի ամուսնուցս, ուրիշ տղամարդ, առավել ևս՝  որևէ կին, իր մատանին չի հագցրել մատիս։ Ասում են սիրտ տանող երակն անցնում է հենց ձախ մատնեմատով։ Տարիներ են անցել, սուրբ մասունք է դարձել Մեդեայի՝  հիշատակի նվերը, որը ձեռքս վերցնելիս, ձախ մատիս կրելիս, լեզու է առնում,  պատմում նրա հետ անցկացրած անմոռանալի հանդիպումների մասին, զգում եմ Մեդեայի ջերմությունն ու տաք  շունչը;  Աստվածաշնչյան «Երգ Երգոց»-ի խորհուրդն  ունի այն․ «Ինձ կնիքի պէս  դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ»։

Մատանին դրոշմել եմ սրտիս մեջ, որը խորհրդանշում է երկուսիս հոգեհարազատական սերը, և  որով Մեդեա Աբրահամյան երևույթը իր մշտական տեղն է գրավել իմ սրտում և հոգում։

 

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գերմանիա-Վիսբադեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930