Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ կարո՞ղ է բռնակը մի քիչ անսամթ է իջեցրել». Պատերազմին մասնակցած հայրենադարձ կամավորականին դատում են՝ կառավարության դռան բռնակն իջեցնել-բարձրացնելու համար

Ապրիլ 03,2021 15:28

Հայրենադարձ կամավորական Հակոբ Բերբերյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձությունների գործով: Նրան ԱԱԾ-ն ձերբակալել է 2020-ի նոյեմբերի 18-ին՝ զանգվածային անկարգության մասնակցի կողմից գույք վնասելու, ջարդ, հրկիզում անելու հոդվածով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ Հանրային պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանը ասուլիս էին հրավիրել: Մելիքյանն ասաց, որ սա սովորական քրեական գործ չէ, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, ինչ-որ առումով՝ ազգային հետապնդման նույնիսկ:

Սարգսյանն էլ ասաց, որ Հակոբ Բերբերյանը, 2,5 ամիս ազատության մեջ լինելով՝ պատշաճ ներկայացել է նիստերին, որեւէ ոչ իրավաչափ գործողություն չի արել, բայց հիմք են ընդունում այն, որ այդ գործով դեռ չեն հարցաքննվել մի շարք անձինք, ու Բերբերյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, թաքցնի իրեր, որոնք գործի համար կարող են կարեւոր նշանակություն ունենալ:

Փաստաբանը զարմացած է, որ դատարանը քննիչի այս հիմքն ընդունել է. «Կոնկրետ ուղղվածություն կա Հակոբ Բերբերյանին անազատության մեջ պահելու: Նոյեմբերի 9-ին կառավարության շենք մուտք գործելու գործով Հակոբ Բերբերյանին վերագրվում է այն, որ նա մեկ դրվագով բռնություն է գործադրել, մյուս դրվագով գույք է ոչնչացրել: Վարույթ իրականացնող մարմինը այդ բռնությունը դիտել է, որպես հոգեբանական բռնություն: Սակայն  Քրեական օրենսգրքի այդ հոդվածը չի նախատեսում անձի նկատմամբ հոգեբանական բռնության համար պատիժ, այլ՝ ֆիզիկական բռնության: Անհասկանալի քրեական գործի պարագայում ունենք այն, որ մի անձ, որ 44-օրյա պատերազմում մարտեր է մղել, պաշտպանել է իր հայրենիքը, այդ վրդովմունքը, որը ամբողջական պատկերով կարող էր հասկանալ այն մարդը, որը գտնվել է  պատերազմում, իմանալով, որ այդպիսի փաստաթուղթ է ստորագրվել… Այս ամեն ինչը մի կողմ դրած՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորում: Նա իրավապահ, իր ազգին նվիրված անձ է: Կոնկրետ քաղաքական միտումներ կար Հակոբ Բերբերյանին անազատության մեջ պահել, այլ բան ես այստեղ չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է գույքի ոչնչացմանը՝ փաստաբանն ասաց. «Դռան բռնակը բարձրացնելն ու իջեցնելը դիտել են՝ որպես գույքի ոչնչացում, ուրիշ որեւէ գույք կառավարության շենքում Հակոբի կողմից չի ոչնչացվել»: Ռուբեն Մելիքյանը կատակեց. «Իսկ կարո՞ղ է մի քիչ անսամթ է իջացրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930