Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնը կրկին ծառայում է Կովիդի բուժման համար

Ապրիլ 03,2021 15:04

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մարտի 25-ից Վանաձորի բժշկական կենտրոնը կրկին վերապրոֆիլավորվեց: Այս պահին հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի մի մասը ծառայում է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար:

40 մահճակալ հզորությամբ բաժանմունքն այժմ ծանրաբեռնված է 100 տոկոսով: Մասնագետները հիվանդների վիճակը գնահատում են միջին ծանրությունից մինչեւ ծանր. «Քանի որ մենք բազմապրոֆիլ հիվանդանոց ենք, մեր գործառույթների մեջ մտնում է նաեւ մեկուսարանների ընդունարանի աշխատանքը: Ընդունարանում մենք ունենք ինտենսիվ հսկողության սենյակ, փոքր ռեանիմացիայի նման, այդ սենյակը միշտ զբաղված է: Այդտեղ գրեթե միշտ մոտ 10 հիվանդ սպասում է՝ կա՛մ թեստի պատասխանի, կա՛մ  սպասում են, որ մեր բաժանմունքում կամ այլ հիվանդանոցում տեղ ազատվի, որպեսզի իրենց տեղավորենք: Այս փուլում իրենք բուժում ստանում են»,- ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն ու հավելեց, որ հիվանդանոցում գործում է նաեւ հետկորոնավիրուսային բաժին. «Այստեղ բուժվում են մարդիկ, որոնք բացասական թեստով թոքաբորբ են, բայց թթվածին կախյալ են, կամ այլ հիվանդանոցներից են ուղարկում՝ հետագա հսկողության եւ բուժման: Այստեղ եւս 8-ից 10 հոգի մշտապես բուժվում է»:

Վահագն Մկրտչյան

Մկրտչյանն ասում է, որ հիվանդության նվազման մասին խոսելը դեռ վաղ է: Սա արդեն երրորդ ալիքն է, իսկ հիվանդությունը ծաղկման մեջ է: ԲԿ տնօրենի խոսքով՝ այս պահին հիվանդանոցը մասնագետների կարիք չունի:

Վերապրոֆիլավորումից անմիջապես հետո բաժանմունքը համալրվել է համապատասխան աշխատակիցներով. «Քանի որ սա արդեն երկրորդ անգամն է, որ վերապրոֆիլավորվում ենք, մասնագետներ ունենք: Այն ժամանակ էլ էինք ընդունել հենց Կովիդի հետ աշխատած բժիշկներ՝ բավականին փորձառու եւ երիտասարդ: Մենք անմիջապես 2 օրվա մեջ  այդ բոլոր մասնագետներին մոբիլիզացրեցինք եւ ընդունեցինք աշխատանքի: Միայն մեր մասնագետները քիչ են, քանի որ մենք ունենք ընդունարան եւ բաժանմունք՝ շուրջօրյա հերթափոխով»:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը զգուշացնում է․ «Կխնդրեմ, որ մեր ժողովուրդը զգոն լինի, հարգեն ու խղճան առողջապահության աշխատակիցներին, հարգեն մեր աշխատանքը: Ի վերջո` ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է առողջապահական համակարգի վրա: Բնական է, մեր ռեսուրսներն անծայրածիր չեն, չես կարող անվերջ բաժանմունքներ եւ հիվանդանոցներ բացես: Ժողովուրդն ինքը պետք է գիտակցի, որ կա հիվանդություն, որը բարդ է, իսկ բարդանալուց էլ անդառնալի հետեւանքներ է ունենում… Ամեն օր հազարից ավելի դեպք է գրանցվում: Հիվանդների 80 տոկոսից ավելին էլ թեթեւ է տանում եւ տնային պայմաններում են բուժվում: Իմ կոչը ժողովրդին՝ լինել ավելի զգոն»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930