Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպեց Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։
Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ