Մեյն նահանգի Պորտլենդի քաղաքապետ Քեթլին Սնայդերն ապրիլի 1-ին ամերիկահայ համայնքին ուղղված մի նամակում հայտարարեց, որ նա չեղյալ է հայտարարում Խոջալուի հիշատակի օրվա քաղաքապետի հռչակագիրը՝ հայտարարելով, որ «այս հռչակագիրը հանրային արձանագրությունից հեռացնելը բխում է քաղաքի լավագույն շահերից»,– հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Քաղաքապետ Սնայդերը ներողություն խնդրեց «այս հռչակագրի թողարկումից պատճառած ցավի ու վնասի համար»: Նա նաև նշեց, որ Պորտլենդ քաղաքի կողմից նախապես գրված հայտարարությունների վերանայման գործընթացը «փոխվել է այս հատուկ փորձի արդյունքում»:
Քաղաքապետի հռչակագիրը հաջորդում է անցյալ ամիս մի նմանատիպ հռչակագրի չեղարկմանը Բոստոնում:
«Մենք բարձր ենք գնահատում քաղաքապետ Սնայդերի ներողությունն ամերիկահայ համայնքից և Քաղաքապետի հռչակագրի չեղարկումը»,– ասաց Համագումարի նահանգային մարմնի նախագահ Ջերարդ Կիլաջյանը, ով Մեյն նահանգի Հայկական մշակութային ասոցիացիայի նախագահն է: «Համայնքի ակտիվությունն ու աջակցությունը ֆանտաստիկ էին»,– հավելեց Քիլաջյանը:
Կարդացեք նաև
«Համագումարի անունից, քաղաքապետից բացի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ջերարդ և Էննի Քիլաջյաններին, Մեյն նահանգի Հայկական մշակութային ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ Փոլ Պրուդյանին, Արմեն Կարապետյանին, Շարլին Թերիոլին և Գարի Զարթարյանին՝ պատմական այս անճշտության վերաբերյալ իրազեկվածություն տրամադրելու գործում նրանց ջանքերի համար: Հայկական համագումարը շարունակում է հավատարիմ մնալ ճշմարտությունը պաշտպանելուն ու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պրոպագանդայի դեմ բարձրաձայնելուն»,– ասաց Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ