Այսօր հայտարարվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայտի գրանցման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ:
Այս առնչությամբ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցել է նաև Ճարտարապետների միությունը։ «Հայտարարվել է մրցույթ, ժյուրին կտեսնի՝ ինչ առաջարկներ են ներկայացվել։ Առաջարկ անողներն էլ առանձին ճարտարապետներ և ճարտարապետական խմբեր կլինեն: Մասնակցում են բոլոր ռեստավրատորները, հնագետների խմբերը, որոնք կուզենան այդ գործն անել»,- ասաց նա:
Մինասյանի խոսքերով՝ հիմնականն այն է, որ հին բնակավայրը պահպանվում է. «Դա կօժանդակի տուրիզմի զարգացմանը, արժևորում ենք, որ ունեցել ենք այդպիսի թաղամաս և այն, ինչ մնացել է դրանից, պետք է ճիշտ ձևով ներկայացնել տուրիստներին, շահագրգռել, որ նման թաղամաս ունենք»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ «Հին Երևանը» բոլորովին այլ սկզբունքով է արվել։ «Ես միշտ դեմ եմ եղել, որ «Հին Երևանը» Կոնդում լինի, որովհետև կա Թամանյանի նախագիծը, որտեղ ամբողջը կանաչ գոտի է։ Սա բոլորովին այլ բան է, սա բիզնես ծրագիր է, բոլոր քաղաքները աշխատում են կանաչը պահել»,- ընդգծեց Մկրտիչ Մինասյանը:
Նույն խնդրի շուրջ բոլորովին այլ տեսակետ ունի ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թերահավատություն հայտնեց Կոնդի ծրագրի վերաբերյալ։ «Նախ ասեմ, որ վերջին հայտարարությանը ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ նախկին գործընթացի ավելի պաշտոնական և վերջնականացված տարբերակն է: Շատ մեղմ ասած, խիստ կասկածելի է, և ոչ ճիշտ ուղղությամբ է գործընթացը գնում: Ես անձամբ կարծում եմ, որ այս նախաձեռնության նպատակները առնվազն կասկածելի են: Հավանական է, որ դա մախինացիա է Կոնդի տարածքը ռեալիզացնելու համար: Այն ֆորմատը, որն կառավարությունն ընտրել է նախագծեր ներկայացնելու համար, շատ թերի, շատ խնդրահարույց է»,- ասաց նա:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում