Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և թուրքական նախագծերի հետ միասին ակտիվորեն ներթափանցելու է թուրքական ազդեցությունը․ «Փաստ»

Ապրիլ 03,2021 10:48

Անկարայի նպատակների մեջ են մտնում Արևել յան Միջերկրականի ածխաջրածիններով հարուստ հատվածի վրա վերահսկողություն հաստատելը և մեծ ներդրում ունենալն այն հարցում, որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես գազն ու նավթը, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով հասնեն Եվրոպա։ Այս հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակների մեջ է մտնում նաև Հայաստանի տարածքով, մասնավորապես Սյունիքով, էներգետիկ նախագծերի անցկացումը, որով Ադրբեջանի տարածքը կկապվի Նախիջևանի ու Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի կմեծացնի թուրքական ազդեցության գործոնը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Ադրբեջանի միջոցով առանցքային տրանզիտային օղակ դառնալ Միջին Ասիայի և Հարավային Ասիայի միջև։ Սրանով Թուրքիան փորձում է լուծել ոչ միայն պանթուրքական ծրագրերի իրականացման, այլև իր դաշնակից Պակիստանի հետ անմիջական կապի ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ ակտիվորեն խոսվում է Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ աշխատանքներն այս տարի ավարտելու մտադրության մասին։

Հենց այս նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Գրեթե կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է իր այս նախագծերի իրականացման համատեքստում օգտագործել Սյունիքով կառուցվելիք երկաթուղին, որն, ըստ իրենց ծրագրերի, կապող օղակի դեր պետք է կատարի Ադրբեջանի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Բայց այստեղ հարցն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և թուրքական նախագծերի հետ միասին ակտիվորեն ներթափանցելու է թուրքական ազդեցությունը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրքական ազդեցության գոտում և վերջնականապես կկորցնի իր սուբյեկտայնությունը։

Պատահական չէ, որ մարտի 31-ին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Իսկ այսպիսի աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Հայաստանը պետք է անցնի ակտիվ քայլերի ձեռնարկմանը։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930