Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի համար 1 ավագ դպրոցի 13 ուսուցիչ ազատվել են աշխատանքից, մոտ 100 աշակերտ տեղափոխվել այլ դպրոց․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 03,2021 10:37

«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համար 1 ավագ դպրոցն այլևս կազմաքանդվել է, ընկել է դպրոցի երբեմնի ամենաբարձր վարկանիշը»։

Երեկ հրավիրած ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեցին դպրոցի արդեն նախկին աշխատակիցները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Բաբայանը նաև հանդես եկավ բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ուղղված կոչով՝ չվախենալ գործազուրկ դառնալուց, ըմբոստանալ անարդարության դեմ։

Շուրջ երեք ամիս գործադուլ հայտարարած և երեխաների կրթության իրավունքը խաթարած մանկավարժի խոսքերով՝ իրենք սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար։ Նա իրենց գործադուլը որակեց ազգային ուժեղ պետականության համար պայքար։

«Ինձ հեռացրին դպրոցից, որովհետև ես իշխանության թիմից կամ նրանց ծանոթ-բարեկամներից չէի։ Այս իշխանությունը փոխելով բուհերի ռեկտորների և դպրոցների տնօրենների ընտրության կարգը, նպատակ ունի հեռացնել ազգային նկարագիր ունեցող և հայրենասեր կադրերին՝ նրանց փոխարինելով ոչնչով աչքի չընկած, իրենց պարտական, հլու-հնազանդ կամակատարներով, առանց ակտիվ դիմադրության հանդիպելու կրթության հիմքում դնել առարկայական նոր չափորոշիչներ, ծրագրեր և դասագրքեր, և դրանով կրթել ապազգային, հարևանների հանդեպ թշնամանք չունեցող սերունդ։ Հայ մանկարվարժը չպետք է կրավորական կեցվածք ընդունի։ Ո՞վ, եթե ոչ ուսուցիչը պետք է պայքարի հանուն հայրենիքի ապագայի։ Սիրելի հայ մանկավարժներ, մենք կոչ ենք անում ձեզ նմանվել մեր կոլեկտիվի այն կեսին, որը նախընտրեց դառնալ գործազուրկ, բայց ըմբոստանալ անարդարության դեմ, նմանվել այն ուսուցիչներին, որոնք իրենց աշակերտներին սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար»,- իրենց հայատարարությունը ներկայացրեց Աբովյանի համար 1 դպրոցի նախկին տնօրենը՝ իրենց պայքարը տեղափոխելով հանուն ազգային կրթության պայքարի դաշտ եւ մյուս դպրոցների իրենց գործընկերներին կոչ անելով իրենց օրինակով դուրս գալ պայքարի:

«Այս դպրոցի 370 աշակերտներից 100-ը արդեն տեղափոխվել են այլ դպրոց։ 26 ուսուցիչներից 13-ն էլ իրենց կամքով կամ առանց դրա ազատվել են աշխատանքից». այս մասին էլ հայտարարեց պատմության նախկին ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ 13 ուսուցիչները մինչև վերջ պայքարել են իրենց սկզբունքայնության համար, այդ մանկավարժները, ըստ նրա, աշակերտների համար ուսուցչի կերպարի լավագույն օրինակն են։ Դպրոցում հայտարարված գործադուլի և խաթարված դասապրոցեսի համար Փայտյանը մեղադրում է կառավարությանը, իսկ իրենց պայքարի սկզբնական փուլը հայտարարում ավարտված, քանի որ ուսուցիչների մի մասը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված վերադարձել է աշխատանքի։

Հիմա դպրոցում փոքր-ինչ վերականգնվում է խաթարված դասապրոցեսը՝ իր հերթին հավելեց նախկին տնօրենը, բայց այն աշակերտները, ովքեր մասնակցել են ուսուցիչների պայքարին, ենթարկվում են ճնշումների, ավելին, նրա խոսքերով՝ այդ աշակերտները ստիպված կողքի գյուղերի դպրոցներ են հաճախում. «Այլ ավագ դպրոցների լիցենզիայով սահամանափակ տեղերի պատճառով աշակերտներից մի քանիսը չկարողացան հեռանալ դպրոցից, իմ ունեցած տեղեկությունով սպասում են լիցենզավորվեն դպրոցները և հեռանան։ Շատ երեխաներ դպրոց են հաճախում իրենց պատանդ զգալով, հատակապես այն աշակերտները, որոնք մեզ հետ պայքարի ակտիվ փուլում են եղել։ Հիմա նրանց հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում»։

Ավելի քան երկու ամիս առաջ գործադուլ հայտարարած և հետո աշխատանքից ազատված ուսուցիչները նշեցին՝ դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը, երկու անգամ գրավոր դիմել են վարչապետին, մեկ անգամ իրենց դիմումը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել են հետևյալ պատասխանը՝ օրենքով չի նախատեսվում դադարեցնել նոր տնօրենի լիազորորությունները, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և անցկացնել տնօրենի ընտրության նոր մրցույթ, ինչը իրենց դիմումի մեջ պահանջել են ուսուցիչները։

Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը մեզ հետ զրուցում պարզաբանեց՝ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է ոչ թե փոքր-ինչ, այլ լիովին․ «Դասապրոցեսը լիակատար ձևով վերականգնվել է, ուսուցիչները նորմալ դասապրոցես են կազմակերպում, իսկ աշակերտները նորմալ հաճախում են»։ Հաստատեց՝ «26 ուսուցիչներից 13-ը ազատվել են աշխատանքից իրենց կամքով կամ առանց դրա»․ «Ուսուցիչներից կեսը ազատվել են իրենց դիմումի համաձայն, մնացածը մինչև վերջ պնդում էին, որ իրենք չեն աշխատելու և չեն էլ պատրաստվում ազատման դիմում գրել։ Ես իրենց ասում էի՝ դուք արդեն 2 ամիս է, ինչ չեք աշխատում, և չեք էլ մտածում երեխաների ճակատագրի մասին: Ի սկզբանե բոլորն ասում էին, որ դիմում կգրեն դուրս կգան, բայց ոչ դիմում էին գրում, ոչ էլ գալիս էին աշխատանքի։ Շատ ուսուցիչներ նույնիսկ ինձ մոտեցել ու ասել էին՝ կգանք, կաշխատենք, երեք-չորս օր սպասել եմ, զանգահարել եմ, ասել եմ՝ ասում էիք կգանք կաշխատենք, բայց նորից իրենց կարծիքը փոխել են, արդեն ես եմ իրենց ազատել  աշխատանքից, մնացած ուսուցիչները նորմալ աշխատանքի մեջ են»։

 

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930