Արկադի Տեր-Թադևոսյանը կենդանի լեգենդ է, զինվորական, ով կերտեց հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Կոմանդոսի անունն ասոցացվում է Շուշին ազատագրելու և հայ ժողովրդին Եռատոն նվիրողի հետ։
Վերջին օրերին հասկանալի պատճառներով ու պաթոսով շատ մարդիկ գրում են, որ մենք Կոմանդոսին Շուշի ենք պարտք, որ անպայմանորեն վերադարձնելու ենք Շուշին։ Ինչ խոսք, միանշանակ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք համարի, որքան էլ իր՝ հայրենիքի զգացում և ընկալում չունեցող համակիրների ու հետևորդների հետ կասկածի տակ դնի Շուշին հայկական լինելու անհերքելի փաստը, միևնույնն է, դրանից պատմությունը չի խեղվում, դրանից հայ ժողովրդի հավաքական իղձերն ու ձգտումները չեն փոխվում։
Այդուհանդերձ, Շուշին վերադարձնել ցանկացողներին հարցեր ունեմ՝ իսկ ի՞նչ եք անում այդ նպատակի համար։ Ցավով եմ արձանագրում, որ արդեն 4 ամիս է անցել պատերազմի ավարտից, Շուշին ու բազմաթիվ այլ բնակավայրեր կորցնելուց, բայց մենք, որպես հավաքական ազգ, դեռ ապրում ու գործում ենք նույն այդ Շուշին հանձնողի թելադրած օրակարգով։
Ո՞նց ենք Շուշին վերադարձնելու, երբ այսօր ձվի գնի կամ խանութից 10 հատ ձու ավել գնելու շուրջ ստեղծված իրարանցումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ամեն օր հայրենիքի ինչ-որ մի կտորը կորցնելը։ Կրկնակի ցավով ինքներս մեզ խոստովանենք, ինքներս մեզ չխաբենք, պատրանքներով չապրենք, թե Շուշին մերն է լինելու, եթե կառչել ենք մի կիսագործչից, մի մարդուց, ում գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում միայն ու միայն պարտությունների շարքի շարունակում է երաշխավորում։ Ո՞ւմ հետ ենք Շուշին հետ բերելու։ Նիկոլ Փաշինյանի՞։
Կարդացեք նաև
Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, ո՞նց եք դա պատկերացնում։ Մարդն արդեն Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը չի պաշտպանում, Սյունիքի գոյությունն է վտանգի տակ, մենք մտածում ենք մեր մեջքը շտկելու և մեր պատմական հայրենիքի կորսված մասը վերականգնելու մասի՞ն։ Եվ զավեշտն այն է, որ մինչ մեր հասարակության մի մասն ատամները կրճտացնելով ելքեր է փնտրում ստեղծված վիճակից դուրս գալու համար, Նիկոլն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հերթական ստի, կեղծիքի չափաքանակն է բաց թողնում շրջակա միջավայր, մեղավորներ նշանակում, խոստումներ տալիս, գայլեր խեղդում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում