Արցախյան 2-րդ պատերազմից շուրջ 5 ամիս է անցել, սակայն որեւէ առաջընթաց չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման եւ Արցախի մնացյալ հատվածի կարգավիճակի հստակեցման առումով:
«Ամերիկայից եկող ազդակները ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը կակտիվացնի իր գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում». մեզ հետ զրույցում անդրադառնալով Մինսկի խմբի ձեւաչափում ԼՂ հարցով բանակցությունների գրեթե սառեցված վիճակին՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Արցախի կարգավիճակի մասին որեւէ խոսք չկար: Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եռակողմ հայտարարությունում գիտակցաբար չի հիշատակվել, որովհետեւ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում։
Բանակցություններ, սակայն, չկան: Արցախյան պատերազմից հետո միակ այցը, որ համանախագահները կատարել են տարածաշրջան՝ դեկտեմբերին էր: Հայաստանում համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց՝ ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերսկսումը անհրաժեշտություն է:
Կարդացեք նաև
Հունվարի վերջին եղավ նաեւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, այցի մանրամասները համաձայնեցվում են: 2 ամսից ավելի է անցել, այցի մասին տեղեկություն չկա:
Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է՝ նման հանդիպում պլանավորվում է: Թե երբ այն տեղի կունենա՝ պատգամավորը դժվարանում է ասել: Մեր զրույցը նրա հետ՝ ստորեւ.
– Տիկին Հայրապետյան, տեղեկություններ կա՞ն՝ ինչու չկայացավ համանախագահների այցը Ղարաբաղ, որի մասին խոսել էր նաեւ Զախարովան:
– Եթե հիշում եք՝ իրենք (համանախագահները-խմբ.) հանդիպում ունեցան Արցախի ներկայացուցիչների, արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ՝ Երեւանում: Ղարաբաղ այց չի եղել, բայց իմ տեղեկությունների համաձայն` նմանատիպ այց նախատեսվում է: Թե երբ, ինչ ժամկետներում, անկեղծ ասած տեղյակ չեմ: Մեզ համար կարեւոր է բանակցությունների շարունակումը: Վերջերս արտգործնախարարը հայտարարեց, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն՝ գործընթացը շարունակելու համար, առավել եւս, երբ ամենակարեւոր խնդիրը՝ կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված:
– Դեռ դեկտեմբերին, երբ համանախագահները Երեւանում էին, ՀՀ վարչապետն էլ նրանց հետ հանդիպմանը անհրաժեշտ համարեց ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերսկսումը: Ըստ ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս գործընթացի դանդաղումը:
– Դժվարանում եմ ասել, թե ինչ պատճառներով, սակայն, օրինակ, Ամերիկայից եկող ազդակները ցույց են տալիս, որ ամերիկյան կողմը կակտիվացնի իր գործունեությունը այս ձեւաչափում, որը եւս կարեւոր է, որովհետեւ վերջին շրջանում գիտեք, որ որոշակի պասիվություն կար: Ձեւաչափի ակտիվացումը եւ բոլոր համանախագահ երկրների հավասարաչափ ընդգրկումն իսկապես կարեւոր է: Հայկական կողմը ե՛ւ արտգործնախարարի, ե՛ւ վարչապետի մակարդակով դա ակտիվորեն շեշտում է, եւ վստահ եմ՝ հրապարակային խոսքերից բացի նաեւ խողովակներով է ընթանում այդ հարցի շուրջ տեսակետների փոխանակում:
– Ինչի՞ց ենք մենք զգում, որ կան ազդակներ ամերիկյան կողմի ակտիվացման վերաբերյալ:
– Ընդհանուր առմամբ, Բայդենը իր քաղաքական շեշտադրումներում է խոսում դրա մասին, նաեւ որքանով որ ծանոթ եմ նրա նախընտրական խոստումներին, իրենք ավելի ակտիվ համանախագահության կողմնակից են: Հույս ունեմ, որ դա մոտ ապագայում կարտահայտվի գործնականում:
– Վերջերս ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ պատերազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողման հետեւանք էր: Ադրբեջանում էլ համանախագահներին ասում են՝ դուք չկարողացաք հարցը լուծել, մենք պատերազմով լուծեցինք: Այսպիսի գնահատականից հետո համանախագահներն, ըստ ձեզ կցանկանա՞ն շարունակել աշխատանքը:
– Շատ ռադիկալ տարբերություներ կան այն գնահատականների միջեւ, որ հնչում են Ադրբեջանից, եւ ինչի մասին խոսում է հայկական կողմը: Ադրբեջանական կողմը 2020 թվականի մայիսից, երբ Մամեդյարովին էր փոխում, շատ կոշտ հայտարարություններ արեց Մինսկի խմբի հասցեին, մասնավորապես, արդեն տալով ազդակներ, որ ինքը գնում է ռազմական գործողությունների: Իսկ հայկական կողմը ուղղակի հստակ նշում էր, որ երբ մշակվում էր հայտնի սկզբունքները եւ տարրերը (խոսքը գնում է կարեւորագույն սկզբունքներից մեկի՝ ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման մասին), ադրբեջանական կողմը անթաքույց կերպով խախտեց այդ սկզբունքը, հետո էլ գլուխ էր գովում, որ խախտել է: Մենք հարց էինք բարձրացնում, թե կարգավիճակի բացակայությունը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում:
Վերջին պատերազմն էլ եւ Արցախի դեմ գործած հանցագործություններն էլ վկայում են, որ արցախահայությունը եւ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ խաղաղության եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման համար մեզ եւ արցախահայերին անհրաժեշտ է կարգավիճակ, որը հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա: Հենց սրան էր վերաբերում նախարարի խոսքը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները պատահական պետություններ չեն, դրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ն են՝ իրենց ազդեցության գոտիներով, եւ ես վստահ եմ, որ իրենք կարող են միասնական ջանքերի դեպքում Ադրբեջանին վերադարձնել շատ ավելի կառուցողական բանակցային դաշտ: Նախարարի խոսքը գերազանցապես դրա մասին էր:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում