Հայկական կողմը հույսը դրել է ԵԱՀԿ գործընթացի վրա, որտեղ Ադրբեջանը կարող է պատասխանատվության ենթարկվել պատերազմ սկսելու համար:
Այս հարցում Թուրքիան նույպես ունի մեղքի իր բաժինը պատերազմին մասնակցելու եւ ռազմի դաշտ ջիհադիստների ներմուծելու մեջ: Վաշինգտոնը եւ Փարիզը արդեն խնդրի ընթացքի շուրջ առարկություններ են հնչեցրել: Ադրբեջանի անզիջողականությունը սատարվում է Թուրքիայի եւ խրախուսվում Ռուսաստանի կողմից:
Թուրքիան զինվել եւ ֆինանսավորվել էր Արեւմուտքի կողմից անկախություն ձեռք բերելու եւ հզոր տերություններին դիմակայելու համար: ՆԱՏՕ-ի բոլորովին վերջերս կայացած ժողովի ժամանակ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը նշեց. «Գաղտնիք չէ, որ մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ: Նաեւ գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր երկարամյա եւ արժեքավոր դաշնակիցն է եւ մեկը նրանցից, որին ՆԱՏՕ-ին խարսխված պահելու հարցում, կարծում եմ, մենք մեծապես հետաքրքրված ենք:»
Թեեւ այս հայտարարությունը արվել էր երկու երկրների միջեւ լարվածության վերջին սրումից հետո Անկարայի բարեհաճությունը շահելու համար, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, որ մասնակցում էր ՆԱՏՕ-ի այդ ժողովին, չվարանեց կոշտ պատասխանել ռուսական արտադրության Ս-400 հրթիռների գնման կապակցությամբ Թուրքիային ուղղված քննադատությանը: «Ինչ վերաբերում է Ս-400-ին, մենք նրանց մեկ անգամ եւս հիշեցրինք, թե ինչու է Թուրքիան դրանք գնել» եւ հետո կրկնեց, որ Թուրքիան արդեն գնել է դրանք եւ որ դա «ավարտված գործարք» է:
Կարդացեք նաև
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես իր վրդովմունքն է հայտնել ՆԱՏՕ-ի մյուս դաշնակից Ֆրանսիային, երբ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Թուրքիային Հունաստանի ջրային տարածքներում ածխաջրածինների հանքավայրերը հետախուզելու համար: Փաստացի էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել «գլուխը ստուգել»:
Թուրքիան երկակի քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ: Մի կողմից, նա իբրեւ թե գործում է ՆԱՏՕ-ի հրահանգով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելու ուղղությամբ, որը համահունչ է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը (մասնավորապես Բայդենի կողմից Պուտինին «մարդասպան» անվանելուց հետո), մյուս կողմից հետապնդում է Ռուսաստանի սահմանակից Թուրքական կայսրություն ստեղծելու՝ իր սեփական ազգային օրակարգը:
Ներկայումս Վաշինգտոնը Անկարայի հետ համաձայնության չի գալիս ոչ միայն Ս-400 հրթիռների հարցի, այլեւ մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք դարձել են նախագահ Բայդենի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրները. դրանցից մեկը իր նշանակությամբ երրորդ քաղաքական կուսակցության՝ քրդամետ ԺԴԿ-ի նկատմամբ հալածանքը եւ դրա գործունեությունն արգելելու ձգտումն է, մյուսը Անկարայի կողմից կանանց իրավունքների պաշտպանությանը միտված Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալն է, ինչը թուրքական հասարակության համար հետքայլ է դեպի Միջին դարեր:
Այս տարաձայնությունները հաղթահարելու համար երկու երկրներից շատ ժամանակ եւ քաղաքական մանեւրում կպահանջվի: Այս իրավիճակը նախագահ Բայդենի համար հարմար պահ է ստեղծում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: 2019 թվականին, երբ Թուրքիան հարձակվեց Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդական միավորումների վրա եւ կոտորեց նրանց, ԱՄՆ երկու օրենսդրական պալատները ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ:
Թուրքիան նույնպիսի հանդուգն քաղաքականություն է վարում իր «թշնամի բարեկամ» Ռուսաստանի հետ: Վերջինս ոտք է դրել Ադրբեջանի տարածք Անկարայի բարեհաճության շնորհիվ:
Ռուսական խաղաղապահ ուժերը մուտք են գործել Ադրբեջան պայմանով, որ Թուրքիան նույնպես իր ներկայությունը կունենա նույն ռազմավարական տարածքում՝ իր զինուժը մոտեցնելով Հայաստանի սահմաններին:
Ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը հանդուրժում են եւ այն սահմանափակվում է Ղարաբաղի հայերին պաշտպանելու գործառույթով: Չնայած Ղարաբաղում հայերի ներկայությունը իրենց պատմական եւ օրինական իրավունքն է, այն նաեւ որպես պատրվակ է ծառայում ռուսների ներկայության համար:
Մյուս կողմից, դա նաեւ համահունչ է քրիստոնյա հայերին թուրքերից պաշտպանելու Ռուսաստանի ավանդական քաղաքականությանը, որը սկզբնավորվել է 1878 թվականին, երբ ռուսական զինված ուժերը հասան Բոսֆորի նեղուց:
Մինչ Ռուսաստանն ու Թուրքիան հարմարավետ տեղավորվում են Ադրբեջանի հողում հայերի հաշվին, Անկարան բացեիբաց մարտահրավեր է նետում Ռուսաստանին Ղրիմի հարցով:
Երբ Ռուսաստանը Ղրիմը բռնակցեց իրեն, Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց. «Մենք կպաշտպանենք Ղրիմի մեր թաթար եղբայրներին», թեեւ թաթարները այդ թերակղզու բնակչության ընդամենը 12%-ն են կազմում: Թերակղզին Ռուսաստանի իշխանության տակ է անցել 1773 թվականին՝ Եկատերինա II-ի (Մեծ) գահակալության օրոք: Ներկայումս բնակչության մեծ մասը՝ 65 տոկոսը, կազմում են ռուսները: Արեւմտյան ուժերը աղմկահարույց հարց են դարձրել Ղրիմի հարցը՝ ներկայացնելով այն որպես Ռուսաստանի ագրեսիայի զոհ: Եթե Արեւելյան Թիմորը եւ Հարավային Սուդանը կարող են հանրաքվե անցկացնել անկախություն հռչակելու համար, ինչը արգելված չէ միջազգային իրավունքով, ապա ինչո՞ւ չեն կարող Ղրիմի մեծամասնությունը կազմող ռուսները քվեարկել նույն եղանակով Ռուսաստանին միանալու համար:
Ղրիմը Ուկրաինային է անցել 1954 թվականին՝ Ուկրաինայի՝ Ռուսաստանին մաս դառնալու 300-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ: Զրույցներ են պտտվում, որ Նիկիտա Խրուշչովը՝ մեծ քանակությամբ օղու ազդեցության տակ 1954-ին Ղրիմը հանձնեց իր հայրենի Ուկրաինային: Այդ օրերին Սովետական Միությունում ներքին սահմանները նշանակություն չունեին:
Սա ինձ հիշեցնում է հայրենասեր խորհրդային պետական գործիչ Յակով Զարոբյանի հետ իմ սեփական հանդիպումը, որ որպես կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն իր պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ բարեփոխումներ եւ խոշոր նախագծեր է իրականացրել:
1962 թվականին մեր հանդիպման ժամանակ ես նրան հարցրեցի, թե ե՞րբ է Ղարաբաղը վերադարձվելու հայերին: Նրա պատասխանն էր. «Խորհրդային միությունում սահմանները նշանակություն չունեն»:
Հետո ես հարցրեցի. «Իսկ եթե՞ Ղարաբաղը միացնենք Հայաստանին եւ հետո նորից պնդենք, որ Խորհրդային միությունում սահմանները նշանակություն չունեն»:
Այդտեղ նա լրջացավ եւ խլացած ձայնով ասաց, «Որդիս, կարծում ես հայե՞րն են ազգայնամոլ, բայց ես հավատացնում եմ, որ ադրբեջանցիները ավելի ազգայնամոլ են»:
Այս հայտարարությունը խորհրդային պաշտոնյայի կողմից արվել է Խորհրդային Միության ծաղկուն տարիներին, երբ ինտերնացիոնալիզմը խորհրդային գաղափարախոսության հիմնաքարն էր:
Այսօր, Ուկրաինան Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար կռվախնձոր է դարձել, իսկ Թուրքիան այս հակամարտության մեջ Արեւմուտքի դրածոն է: Թուրքիան բոլորովին վերջերս ռազմական դաշինք է կնքել Ուկրաինայի հետ, որպեսզի օգնի վերջինիս ազատագրել Դոնբասը եւ Ղրիմը Ռուսաստանի տիրապետությունից: Անկարան, մասնավորապես, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է տրամադրել Ուկրաինային, որոնք Ղարաբաղյան վերջին պատերազմում ռուսական սպառազինություններից ավելի արդյունավետ էին:
Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի հանդուգն պահվածքը Ռուսաստանին բոլոր ճակատներում դժվար կացության մեջ է դրել: Թուրքիան շրջապատել է Հայաստանը Կարսի իր սահմանից եւ Նախիջեւանից, որտեղ կենտրոնացրել է իր զորքերը:
Կարսի պայմանագրով Ռուսաստանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության անվտանգության երաշխավորն է, որը նաեւ Մոսկվային հնարավորություն է տալիս վիճարկել Թուրքիայի կողմից Նախիջեւանի բռնազավթումը: Նախիջեւանը բռնազավթած թուրքական բանակը հեռացնելու համար Կարսի պայմանագիրը օգտագործելու փոխարեն, Մոսկվան եւ Անկարան տոնում են Կարսի պայմանագրի հարյուրամյակը (1921 թվականի մարտի 16) եւ վերահաստատում են իրենց «բարեկամությունն ու եղբայրությունը»:
Երբ 11-րդ Կարմիր բանակը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին շարժվեց Հայաստան Առաջին Հանրապետության անկախությունը վերացնելու նպատակով, Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը գրեց. «Հայաստանը հայտնվել է ռուսական մուրճի եւ թուրքական սալի միջեւ»:
Ինչպես երեւում է, 101 տարի անց գրեթե ոչինչ չի փոխվել:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում