Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը երջանկության չափման միավոր է համարում փողի քաղաքականությունը․ «168 ժամ»

Ապրիլ 03,2021 09:29

Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը գուշակելու համար անհրաժեշտ է հասկանալ նրա մտածողության նրբությունները, արժեքային համակարգն ու գերակայությունները։ Ամբողջությամբ դրանք հասկանալ, իհարկե, հնարավոր չէ, բայց Նիկոլ Փաշինյանի մտածողության ու առաջնահերթությունների մասին գոնե մոտավոր պատկերացում կարելի է կազմել նրա՝ անգամ իրար հետ կապ չունեցող քայլերից ու հայտարարություններից։

Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն անակնկալ է մատուցում արժեքային նման մոտեցմամբ։ Նա ազնիվ է գտնվել և իշխանության գալուց առաջ, դեռ հրապարակում հայտարարել է, որ որևէ «իզմի» չի դավանում։ Իրականում դա խոստովանություն էր այն մասին, որ ինքը նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չի դնելու, ինչն ապացուցեց արդեն իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը, կրկին իշխանության գալուց առաջ, հայտարարում էր նաև, որ իր նպատակը քաղաքացու համար երջանկության ապահովումն է։ Նա չէր մասնավորեցնում քաղաքացիական երջանկության տեսլականի իր բաղադրիչները, սակայն արդեն իշխանության գալով՝ ցույց տվեց, որ երջանկության չափման միավոր է համարում փողի քաղաքականությունը։ Վկան՝ ՀԴՄ կտրոնների պաշտամունքը, հարկ վճարողի տոնական օրվա սահմանումը, ասֆալտի ու ելակի կուլտը, և այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը եզակի անգամ ազնիվ է գտնվել ու չի թաքցրել, որ իր արժեքային համակարգում նյութականը վեր է բոլոր մյուս առաջներթություններից, և հանուն այդ առաջնահերթության ապահովման՝ պատրաստ է, առանց բացառության, ամեն ինչի։

Իրականում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ինչպես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցումը, այնպես էլ՝ նույն ակադեմիական քաղաքի կառուցումը։ Որպես նպատակներ՝ երկուսն էլ չափազանց կարևոր են, սակայն խելամտությունը պահանջում է, այդուհանդերձ, խտրություն դնել այդ նպատակներին հասնելու միջոցների մեջ։ Լայն իմաստով, հենց միջոցների ընտրությանն է հանգում պետության և, օրինակ, առևտրային կազմակերպության տարբերությունը։

Եթե վերջինիս համար գերնպատակը շահույթի ավելացումն է, և այն առաջնորդվում է «փողը ազգություն չունի» սկզբունքով, ապա պետության պարագային միայն տնտեսական նպատակահարմարությամբ առաջնորդվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ՝ պետությունը վերածելով փողի գեներացման տարածքի՝ դրանից բխող բոլոր հակապետական հետևանքներով։ Այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է բազմապատիկ ավելի եկամուտներ ունենալ ու դառնալ զարգացող տարածք, օրինակ՝ տարածաշրջանային մեգամոթելի կարգավիճակում։

Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է հենց այդ ծրագրի իրագործմամբ։ Նա կատարում է իր հեղափոխական խոստումը՝ կերտում է երջանիկ քաղաքացու։ Չէ՞ որ խոստանալիս նա չի մանրամասնել քաղաքացու ազգային և պետութենական պատկանելությունը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930