Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր կատարվում դատական համակարգում, ի՞նչ դատեր էին ընթանում 2001թ. ապրիլի 1-15-ը

Ապրիլ 03,2021 14:00

Ապրիլի 12-ին մահապատժի դատապարտվեցին Ցոլակ Մելքոնյանը, Արտակ Ալեքյանը եւ Գրիգոր Մադիլյանը, ովքեր 2000թ. հուլիսի 13-ին ալկոհոլ օգտագործած վիճակում ինքնաձիգերով, լքելով զորամասը, 8 մարդու էին սպանել, այդ թվում՝ 5 տարեկան մի երեխայի: Մեկ հոգու էլ ծանր մարմնական վնասվածք էին հասցրել: Այս գործով եւս 4-ը ստացել էին տարբեր պատժաչափեր…

2001թ. ապրիլի 3-ին՝ երեքշաբթի օրը, «Առավոտը» տեղեկացրեց, որ Ստրասբուրգի Եվրոպական դատարանի անդամ Ուիլլի Ֆուրմանին մեկ շաբաթ կլինի Հայաստանում՝ հանդիպելու փաստաբանների եւ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ:

Իսկ Ծաղկաձորում էլ Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Քեյթ Սիմոնսը կոնֆերանսում իր բացման խոսքում տեղեկացրեց, որ Հայաստանի դատարանների խորհուրդը պատրաստվում է ընդունել դատավորի վարքագծի կանոնագիրք: «Առավոտը» տեղեկացրել էր Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տանը մարտի 31-ից ապրիլի 2-ը Հայաստանի առաջին ատյանի, վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների դատավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի մասին, որի օրակարգում դրված էր «Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը եւ դրանց կիրառումը Հայաստանի դատական իշխանության կողմից» հարցը:

Ուզում եմ հիշեցնել, որ շարունակվում էր «Հոկտեմբերի 27-ի» դատավարությունը, եւ ապրիլի 5-ին արդեն «Ո՞վ է ճնշում դատարանին» վերնագրով տպագրվեց հարցազրույց Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանի հետ, ով ասել էր. «Միակ անձը, որ ճնշում է դատարանի վրա եւ խոչընդոտում դատական քննության ընթացքը, դա գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանն է»:

Ապրիլի 5-ին ցուցմունք պետք է տար Նաիրի Հունանյանը:

Հաջորդ օրը տեղեկացրինք, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ, համարելով, որ իր օրինական կալանքի ժամկետը լրացել է եւ պահանջել էր, որպեսզի դատարանն ազատ արձակի իրեն: «Հունանյանը «խնդրում է» քրգործի անջատված մասը» հրապարակմամբ անդրադարձել էի, թե ինչ է տեղի ունեցել դատարանում:

Դատական նիստից բացակայել էին փաստաբան ամուսինները՝ Մարինե եւ Տիգրան Ջանոյանները, նրանք այդ ժամանակ Մոսկվայում էին, իսկ դատարանում քննարկվել էր Նաիրի Հունանյանի ցուցմունք տալու ժամանակ մյուս ամբաստանյալներին նիստերի դահլիճից հեռացնելու հարցը, ինչի դեմ առարկել էր վարորդ, ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը: Ուշագրավ բան տեղի ունեցավ այդ նիստին. Նաիրի Հունանյանը միջնորդել էր, որպեսզի իրենց բնակարանից առգրավված ինչ-որ օծանելիքի ապրանքագիտական փորձաքննության անցկացում լինի:

Իսկ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա հարցրեց.
– Թուրքերի՞ց ստացված օծանելիքի մասին է խոսքը:

Նաիրի Հունանյանն էլ հարցրեց.
-Որտեղից գիտեք, որ թուրքերից է:

Հիշեցնեմ նաեւ, որ դատական նիստին մշտապես ներկա էին գտնվում հոգեբաններ, այդ օրը նիստից բացակայում էր հոգեբան Մելս Մկրտումյանը՝ ԵՊՀ-ից:

Ապրիլին Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձի գործով մեղադրվող Սամվել Բաբայանի մարտական ընկերները հանդես գալով «Առավոտում»՝ դատապարտել էին ԼՂՀ ԳԴ քրեական գործերով պալատի մարտի 22-ի վճիռը, պահանջելով բեկանել եւ հարցի լուծումը վերապահել Հայաստանի իշխանություններին:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին դատի էր տվել «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Առավոտի»՝ «Երբ դատի են տալիս վարչապետին» հրապարակմամբ տեղեկացրել էի, թե ինչի համար է հասարակական կազմակերպության նախագահը դատի տվել վարչապետին, նաեւ նշել, որ նման կազմակերպություն մինչ օրս չի եղել: «Պաշտոնատար անձի անգործության» հայցով դիմելով դատարան՝ Սանասարյանը Անդրանիկ Մարգարյանին մեղադրում էր «Հաղթանակ» զբոսայգու հողհատկացումների, հյուրանոցային համալիր կառուցելու թույլտվությունների համար: Նա մամուլի տասնյակ հրապարակումներ էր ներկայացրել դատարան, այդ թվում՝ «Առավոտի»:

Մեծ աղմուկ էր այդ օրերին բարձրացրել 1992թ.-ից Հայաստանի հեռուստատեսության եւ Արցախի հատուկ թղթակից Ռենալ Միրզոյանի՝ «Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին»՝ իր իրավունքների պաշտպանության համար:

Նա մտադիր էր դիմել դատարան, նամակով հայտնել էր, որ Հանրային հեռուստատեսությունը, մասնավորապես՝ Տիգրան Նաղդալյանը, «չարդարացնող փաստարկներով մերժել է արցախյան կյանքը լուսաբանող հաղորդաշարի վերականգնումը, նսեմացրել «Արցախյան տարեգրություն» ծրագրի նշանակությունը, դրանով ստվեր գցել իր լրագրողական վաստակի վրա»:

Ապրիլի 6-ին «Հայմամուլ» գործակալությունը մեր լրատվամիջոցին հայտնել էր, որ բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ շարունակում են չվճարել թերթերի առաքումների համար: Հարուստ-աղքատների մեջ էր «Հայկական ավիաուղիները»:

Կենտրոն դատարանում լսվում էր «Ճիչ» լրատվամիջոցի դեմ հայցը: Դատավորն էր Վ. Լալայանը: Հայցվորը «Նոյ» տպարանն էր, որը պահանջել էր լրատվամիջոցից հօգուտ իրեն բռնագանձել 30 860 դրամ: Դատարանը հայցը բավարարել էր, իսկ խմբագիրն էլ՝ Գայանե Ղազարյանն «Առավոտին» ասել էր. «Այսպես, կիսատ-պռատ «բարոյական» քայլերով Եվրոպա ենք «գնում», կգնանք-կգնանք ու վերջում կպարզվի, որ մեր «կողմնացույցը» փչացած է եղել:…«Նոյը» մեզ հասցրեց դիվանբաշու դուռը ու քանի որ Հայաստանում միշտ չէ, որ արդարությունն է հաղթում, ստիպված եղանք մեզ զգալ Խրիմյան Հայրիկի դերում, որի շերեփը թղթից էր ու չկարողացավ վերցնել իրեն հասանելիք բաժինը»:

Ապրիլի 14-ի «Առավոտը» մամուլային մի ուշագրավ պատմություն էր հիշել ու զետեղել «Առանց մեկնաբանության» խորագրի տակ. «1995-ի ընտրություններից առաջ, երբ «Պարբերական» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանն իր նախաձեռնությամբ՝ պարտքերի պատճառով կասեցրել էր «Գոլոս Արմենիի» հրատարակումը, Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակով դիմել էր նրան՝ խնդրելով գոնե մինչեւ հուլիսի 5-ը վերահրատարակել իրեն ամեն օր փնովող թերթը՝ փաստարկելով ժողովրդավարական սկզբունքները պահպանելու անհրաժեշտությունը: Ընդսմին, նամակը ստորագրել էր ոչ թե որպես ՀՀ նախագահ, այլ՝ ՀՀ քաղաքացի»:

Կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը դեռ անազատության մեջ էր: Ռոբերտ Քոչարյանին էր դիմել Հելսինկյան միջազգային ֆեդերացիայի նախագահ Ահարոն Ռոդեսը: Նա գրել էր. «Քանի որ վերոհիշյալ գործը վերաքննվում է, մենք խնդրում ենք, որ դուք երաշխավորեք, որ ոչ մի քաղաքական ճնշում չի գործադրվի եւ այն կգնահատվի բացառապես իրավական հողի եւ դատարանում հնչող ապացույցների հիմքի վրա…եւ դատախազը չի կարողացել ապահովել որեւէ ապացույց, որը կհիմնավորի իշխանության չարաշահման եւ յուրացման մեղադրանքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930