Թերթելով մեր պատմության էջերը, տեսնում ենք, որ ոչինչ՝ ոչ մի արհավիրք, համավարակ, ոչ մի պատերազմ ի զորու չէ կասեցնել մեր մշակութային կյանքի ընթացքը։ Տեսեք՝ Հայրենական մեծ պատերազմի հենց առաջին օրերին Երեւանում բացվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ավետիք Իսահակյանն էլ հայտարարեց, թե ծիծաղի զենքով էլ պետք է պայքարենք անարգ թշնամու դեմ։ Վերադառնանք մեր օրեր. վերջերս ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը, նախարարն էլ իր խոսքում նշեց, որ մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչեղություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։
Մեր մշակութային օջախներից մեկ-երկուսը, այս դեպքում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դեռեւս հունվարի 16-ից է մեկնարկել նման նախագիծ, այն է՝ տեսաձայնագրել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները, ինչի արդյունքում կթողարկվի 5 CD եւ 5 DVD-ներից կազմված հավաքածու։ Ընդ որում, ֆիլհարմոնիկի տնօրինությունն այս ամենը ծրագրել էր իրականացնել դեռեւս 2020թ., գերմանացի կոմպոզիտորի ծննդյան 250-ամյա հոբելյանի առիթով՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում։ Հասկանալի պատճառով ոչ միայն ֆիլհարմոնիկը, այլեւ աշխարհը ստիպված եղավ, համավարակով պայմանավորված, բեթհովենյան միջոցառումները տեղափոխել այս տարի։
Իսկ հիմա ավելի մանրամասն։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ Բեթհովենի սիմֆոնիաների հունվարի 16-ին մեկնարկած տեսաձայնագրային ընթացքն անցել է երկու փուլով։ Առաջինի ժամանակ՝ հունվարի 16-23-ը տեսաձայնագրվել է կոմպոզիտորի Թիվ 1, 2 եւ 5 սիմֆոնիաները, իսկ մարտի 27-ից ապրիլի 1-ը՝ Թիվ 4, 6 եւ 7-ը։ Մնացած երեք սիմֆոնիաների տեսաձայնագրման աշխատանքներն էլ կիրականացվեն ոչ հեռավոր ապագայում։ Մաեստրոն շեշտեց, որ ձայնագրություններն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Այս նախագծի վրա, որի գլխավոր պրոդյուսերը ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն է, աշխատում է Ռուսաստանից ժամանած 14 առաջատար մասնագետ։ Նախագծի հնչյունային ռեժիսորը Գրեմմիի հավակնորդ Իլյա Պետրովն է, բեմադրող ռեժիսորը՝ TEFI-ի հավակնորդ Դմիտրի Կազակովը, բեմադրող օպերատորն ու տեխնիկական տնօրենը՝ Արսենի Նիկոլաեւը։ Երեքն էլ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի փորձառու մասնագետներ են, որոնք մշտապես աշխատում են հեղինակավոր հեռուստաալիքների տեսաձայնագրությունների եւ ուղիղ հեռարձակումների վրա»,- ասաց դիրիժորը։
Մի բան հաստատ է՝ կոմպոզիտորի սիմֆոնիաների տեսաձայնագրությունների ամբողջական ժողովածուն մեր նվագախմբային արվեստի պատմության մեջ եզակի ձեռքբերում կլինի, ինչը կբարձրացնի մեր երկրի ու ֆիլհարմոնիկի վարկանիշը աշխարհում, մանավանդ որ, մեր տեղեկություններով՝ այս հավաքածուն եզակի է խորհրդային երկրների մասշտաբով։
Կարդացեք նաև
«Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվող տեսաձայնագրման աշխատանքների ընդմիջմանը մեզ հետ զրույցում հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը նշեց, որ իրենց հետ Երեւան են բերել բարձրորակ, գերժամանակակից տեսանկարահանող եւ ձայնագրող տեխնիկա, այդ թվում՝ 2 PTS սարք եւ 5 օպերատորները նկարահանումներն իրականացնում են 10 դիրքից։ Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ վերջնական «պրոդուկտը» կտարածվի միջազգային հարթակներում, լավագույնս ներկայացնելով հայաստանյան դասական արվեստը։
Ոլորտում փորձառու մասնագետներից խնդրեցինք կարծիք հայտնել մեր նվագախմբի կատարողական արվեստի մասին։ Այդ առիթով բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովը հայտնեց, որ իրենք բարձր են գնահատում նվագախմբի կատարողական մակարդակն ու մաեստրո Թոփչյանի վարպետությունը։ Հատուկ ընդգծեց նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի անձնակազմի պատրաստակամությունը եւ աջակցությունը տեսաձայնագրման ողջ ընթացքին։ Սա դեռ ամենը չէ։ Պարզեցինք, որ հայ կոմպոզիտորները՝ Արամ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Իրադյանը, Հովիկ Սարդարյանը, Արթուր Աքշելյանը, Էռնեստ Դուլգարյանը, Ռուբեն Անտոնյանը, Արթուր Ավանեսովը, Արսեն Բաբաջանյանը, Վահրամ Սարգսյանը 2020թ., քովիդի պայմաններում ֆիլհարմոնիկի եւ «Ասոնանս» անսամբլի պատվերով, բեթհովենյան սիմֆոնիաներով ոգեշնչված, ստեղծել են գործեր՝ օգտագործելով որեւէ թեմա կամ հղում ու մեկնաբանություն անելով որեւէ սիմֆոնիայի։ Ընդ որում, հայ կոմպոզիտորների «բեթհովենյան» երկերը տեսաձայնագրել է «Armenian National Music»-ը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Էդուարդ Թոփչյանը, Արսենի Նիկոլաևը, Դմիտրի Կազակովը և Իլյա Պետրովը:
«Առավոտ» օրաթերթ
02.04.2021