Մեռիր այնպէս, որ մահդ էլ ծառայի ՀԱՅՐԵՆԻՔԻԴ… Գարեգին Նժդեհ
Այս խօսքերը մեր սիրելի հերոս Կոմանդոսի մասին են։ Իր մահը զգալի կորուստ էր ամբողջ Հայ ժողովրդի համար։ Մենք կորցրինք ոչ միայն մեծ հրամանատար, այլ նաեւ ճշմարտութեան համար պայքարող մի օրինակելի զինուորի։
Գեներալ Արկադի Տէր Թադեւոսեանը փառահեղ կեանք է ապրել։ Նա իր կենդանութեան օրոք Հայ ժողովրդի բացարձակ սէրը վայելած բացառիկ գործիչներից էր։ Այդ առումով նրան կարելի է համեմատել Անդրանիկ Օզանեանի հետ։ Կոմանդոսը յաղթած զորավար էր, Արցախեան հերոսամարտի կենդանի խորհրդանիշ, Հայաստանում կռուած, Հայաստանում մշտապէս ապրող, Հայ ազգի ցաւերն ու պահանջատիրութիւնն իր ուսերին կրող, մինչեւ վերջին օրը Հայրենիքին խոնարհաբար ծառայած հերոս։
Այս օրերին մենք զգում ենք ցաւ, զգում ենք ամօթ, զգում ենք, որ մեր ծուլութեան, միամտութեան, անհեռատեսութեան եւ վախերի պատճառով կորցրինք այն, ինչ նրանք ազատագրեցին իրենց խիզախութեան, նուիրուածութեան եւ հաւատի շնորհիւ։ Այս ամենի գիտակցումով պիտի սկսուի մեր յաղթական ոգու վերականգնումը, մեր պետականութեան հզորացումը եւ մեծ Հայաստանի մասին մեր պապերի երազանքի իրականացումը։
25-27 տարուայ յիշողութիւններ ունեմ ԳԵՆԵՐԱԼԻՑ… Ճանաչել եմ մանկութեանս տարիներից։
Յիշում եմ նրան այն ժամանակներից, երբ առաւօտից երեկոյ նուիրեալներով լծուած էին Հայկական բանակը կառուցելու եւ ամրապնդելու գործին։
Այդ օրերին նա չուներ վարորդ։ Վաղ առաւօտեան իր կարմիր Ժիգուլիով գալիս էր մեր տուն, մի փոքր խօսում էին հորս հետ, յետոյ միասին նստում էինք մեքենայ, ինձ եւ եղբորս հասցնում էին դպրոց ու գնում էին զորամաս։
Տարիներով պահում էի կապը հերոսի հետ, պարբերաբար այցելելով նրան։
Նա միշտ հոգատար էր, միշտ ՄԱՐԴ ու միշտ ՀԶՈՐ։
Վերջին պատերազմի օրերին հանդիպում էինք շաբաթը 3-4 անգամ։ Թիկունքում ամենագործուն կազմակերպիչներից էր։ Կատարում էր ահռելի աշխատանք, իր եռանդով ոգեւորելով բոլոր կամաւորներին։
Մեծ պատիւ էր այն, որ նա մի քանի անգամ համակրանք արտայայտեց քողարկող ցանցերի երկրով մէկ մեր լայնածաւալ արտադրութեան մասին։ Նոյնիսկ մի քանի անգամ միասին այցելեցինք մեր կամաւորական կենտրոններ, ինչը դրական դեր խաղաց հետագայ աշխատանքների վրայ։
Կոմանդոսը պատուով անցաւ իր դժուար ճանապարհը, հիմա հերթը մերն է։
Լինենք արժանի։
Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
Տիր հայագիտական կենտրոն
«Առավոտ» օրաթերթ
02.04.2021