Հայրենի հողուջրի, սարուքարի նկատմամբ հավատարմության նրբաթելերից հյուսված
Էս դարից ոչինչ ես չեմ հասկանում,
Կիսատ են խոսում, հասկանում՝ լրիվ.
Չեն խոսում հաճախ, բայց… հասկանում են,
Էս դարից, մեկ է, բան չեմ հասկանում:
…Աշխարհից հեռու մի վայրում, Արայի լեռան լանջին խաղաղ ու ներդաշնակ նրբերանգներով միաձուլված մի անանուն բնակատեղի կա: Բնակատեղի, որ ավելի շատ ամառանոց է եւ որտեղ ձմռանը համարյա բնակիչ չի լինում: Ահա այստեղ, բնության այս գեղահրաշ անկյունում, ծնունդ են առել բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանի քառյակները, որոնք առանձին գրքով, «Քառյակների քառուղի» վերտառությամբ, հրատարակվել են օրերս:
Ճաքճքված հողիդ, քարաձորերիդ,
Քարե սիմֆոնիա քարահյուսերիդ,
Աղոթքից ծնված սուրբ խաչքարերիդ
Քարապաշտ սիրտս միշտ կարոտում է:
Չանտեսելով արժանահիշատակ, կարեւոր մի հանգամանք, այն, որ Գրիգոր Ծատուրյանը ծնունդով բանաստեղծական աշխարհ Ջավախքից է, այնուամենայնիվ, արժանին մատուցենք նաեւ հայոց լեռնաշխարհի այս գեղատեսիլ՝ Արայի լեռան փեշերին ծվարած ոչ պակաս նվիրական եզերքին, որի գրկում շարունակում են ծնունդ առնել նաեւ այսպիսի գեղեցիկ չափածո տողեր: Գիրքը խորհրդանշական 7 բաժին ունի՝ «Քարե սիմֆոնիա քարահյուսերիդ…», «Ծառերը հրաժեշտ են երգում…», «Դու սպասիր միայն…», «Ողջո՛ւյն, ծերություն…», «Պատվո՛վ ապրեցեք…», «Գնալու եմ, մնալու եմ…», «Թող մոլորակը լինի հար ու հարատեւ…»:
Ինչպես ակնհայտ է դառնում գրքի հետ անգամ փոքր «ծանոթությունից», Գրիգոր Ծատուրյանի քառյակները թեմատիկ բազմազանություն ունեն, իսկ, առհասարակ, բովանդակային առումով հագեցած ու տարողունակ են` աշխարհի ու կյանքի մասին փիլիսոփայական խոհերով լեցուն: Ամենակարեւորը` պարզ ու անկեղծ են, բարի ու սրտահույզ, ինչպես, ասենք, խաղաղ ու իմաստալից զրույց: Երբեմն նաեւ` թումանյանական շնչով հարստացած, ինչը եւ, բնականաբար, չի կարող չգրավել ընթերցողին:
Ես մենակ եմ մնացել
Բերք ու տերեւ չունեցող,
Աշնան ցրտից դողացող ծառի նման.
Ողջո՛ւյն, ծերություն…
Հայրենի հողուջրի նկատմամբ ակնածալից սիրո կանչ ես զգում, կարոտի ու երազանքի վերհուշ, հարազատ վայրերի ու մարդկանց կերպարների գողտրիկ վրձնումներ, ներանձնական ապրումների ու տագնապների մորմոք: Բանաստեղծը լիասիրտ ու բաց նյարդերով է զգում ժամանակի շունչն ու իրողությունները… Իր էության խորքում հենց այդպիսին է նա, դա է հուշում նրա խառնվածքը, ուստի եւ քառյակները շատ նման են բնական ու մտերմիկ խոսքուզրույցի:
Որքան էլ հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագիրը բախված լինի քարսիրտ բախտի արգելանքներին, որքան էլ դժվարություններ ու դառնություններ կուտակված լինեն մեր դեմ հանդիման, այնուամենայնիվ, անընկճելի ու անսասան է հավատը գալիք արեւոտ օրվա, լուսապայծառ ապագայի հանդեպ:
Մեր կյանքի գիրքը Աստծո ձեռքին է,
Աստված բացում է, Աստված էլ փակում,
Ինձ համար երբ էլ այդ գիրքը բացվի,
Նրա էջերից թող լույս ճառագի…
Այնպես որ, տխրության ու ցավի հետ նաեւ լուսավոր ու պայծառ գույներ, ապրեցնող ու ոգեշնչող տրամադրություն են հաղորդում Գրիգոր Ծատուրյանի քառյակները, որոնք հիմնականում հայրենի բնաշխարհի, բերք ու բարիք արարող հայ մարդու, մեր հավատի ու հավատարմության հետ են կապված: Դրանք գալիս են ամբողջացնելու հեղինակի ստեղծագործական անհատականության բնութագիրը, իրենց հետ բերում են գնահատելի ու անանց արժեքներ:
…Աշխարհից հեռու մի վայրում, Արայի լեռան փեշերին ծվարած իր տաքուկ ու գողտրիկ տնակում, բնության պարզ ու անաղարտ հրաշալիքներով շրջապատված՝ ծերունազարդ բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանը քար ու հող է երգում, ծառ ու ծաղիկ, սեր ու խաղաղություն: Եվ անքեն ու սիրառատ հոգով մեծահոգի խոսք, պատգամ է հղում բոլոր-բոլորին.
Գնալուս վերջին տեղը
Տարվա աշունը լիներ,
Հրաշք գույնի մեջ լիներ,
Մեղեդու թեւին լիներ…
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2021