Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփական խորքերում լողալով ինքնաճանաչողության արվեստին տիրապետելը գերագույն նվաճում է»

Ապրիլ 03,2021 12:00

Ասում է «Հետդ եմ» մոտիվացիոն գրքի հեղինակ Արփինե Գալստյանը

Երեսնամյա Արփինե Գալստյանը գրող դառնալու մասին չի մտածել ու հիմա էլ չի մտածում։ Ընթերցանություն սիրում է, ինչպես ինքն է ասում` գրքերի աշխարհը, եթե լավ ու խորն ես մտնում, չես ուզում դուրս գալ, այլ ավելի ու ավելի ես խորանում։

«Հետդ եմ» մոտիվացիոն գիրքը Արփինեի առաջին հեղինակային գիրքն է։ Վերնագրի մեջ ամփոփված է ինքդ քեզ ունենալու խոր գաղափարը։ Մարդ իր հույսն ուրիշների վրա դնելու վատ սովորություն ունի, այնինչ միակը, որ մարդուն մինչեւ վերջ չի լքում, հենց ինքը` մարդն է։

«Վերնագիրն իր մեջ կրում է հենց ինքդ քեզ ունենալու մոտիվացիան,-ասում է Արփինեն` շարունակելով,- սեփական խորքերում լողալով ինքնաճանաչողության արվեստին տիրապետելը գերագույն նվաճում է, անփոխարինելի ձեռքբերում։ Դու ինչ էլ կորցնես, պիտի քեզ ունենաս, պիտի եղունգներիդ ամբողջ խորությամբ կառչես քեզնից, «ես»-դ դարձնես այն արմատը, որը քեզ ամուր կանգնած պտղատու ծառ կդարձնի։ Վերնագրից է ծնվել գրքի նշանաբանը՝ «Թեկուզ կորցնեմ ամեն ինչ, ինձ հավերժ պիտի ունենամ։ Ես ունեմ ինձ ու մենք հաղթելու ենք։ Հետդ եմ։ Չհանձնվես»։

Մենք նաեւ այս գրքի ընթերցողների հետ կապ հաստատեցինք, որոնց կողմից սիրվել է վերնագիրն ու շատերի համար գրքի նշանաբանը դարձել է կյանքի նշանաբան: «Լավ կլինի, որ գիրքը բացեն այն մարդիկ, որոնք ոչ թե փնտրում են մոտիվացիա, այլ դրա սեփական աղբյուրը գտնելու որոնումների մեջ են»,-բացատրում է գրքի հեղինակը։ Ասում է՝ աշխարհում մոտիվացիոն գրքերը շատ ակտուալ են, բայց ամեն անգամ չէ, որ դրանք կարող են կապ ստեղծել մարդու ներսում։ Արփինեի խոսքով` պետք է մարդ ինքն իրեն շատ հարցեր ուղղի ու երբեք չծուլանա պատասխաններ փնտրելու գործընթացից։

«Շատ եմ սիրում վեպեր կարդալ, խորանալ այն աշխարհում, որն իմ աշխարհից այլ է, ծանոթանալ հերոսների հետ ու ապրումակցել նրանց, բարեկամանալ նրանց հետ։ Մի հետաքրքիր պատճառ ունեմ վեպերը սիրելու՝ այնտեղ դու ձեռք ես բերում ծանոթներ, որոնց առաջ չունես ոչ մի պարտականություն, ինչպես իրենք քեզ ոչնչով պարտական չեն»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է, որ գիրք ընտրելիս առաջնորդվում է տարբեր ընթերցասերների մեկնաբանություններով։ Մեծ հաճույքով կարդում է հայ ժամանակակիցներին։ Իսկ ի՞նչ խորհուրդ ունի ընթերցասերներին Արփինեն՝ ինքը: «Ընթերցասերներին, մանավանդ դեռահասներին խորհուրդ կտամ մոդայով չշարժվել գիրք ընտրելիս։ Չխաբվել գունավոր կազմերին ու գովազդներին, այլ իսկապես գրքից գլուխ հանող մարդկանց էջերում փնտրել, գտնել որակով գրականություն»,-ժպտում է մեր զրուցակիցը։

Պարզեցինք, որ պատրաստ է նաեւ նրա երկրորդ գիրքը։ «Երկրորդ գիրքն իմ առաջին գիրքն է: Այն բացարձակ կապ չունի առաջինի հետ ու անգամ ընթերցողի զարմանքն ինձ վրա արդեն զգացել եմ։ Առաջին մոտիվացիոն ժանրի գիրքը գրած Արփինեն կապ չունի երկրորդ վեպ գրած Արփինեի հետ։ Միշտ ասում եմ, որ առաջին գիրքը թելադրել է ուղեղս, իսկ երկրորդը՝ սիրտս»,-վստահեցնում է։ Երկրորդ գիրքը սիրո, անհատի ու հենց մարդու մասին է։ «Առանցքում կինն է ու անհատ կնոջ ողբերգությունը։ Միայն վերնագիրն արդեն խորհրդավոր է ստացվել՝ «Սատանան կին է՝ Վեներայից»,-ասում է հեղինակը։ Գիրքն արդեն խմբագրման փուլում է եւ շուտով լույս կտեսնի։

Հարցին՝ իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդ դադարում է սիրել, Արփինեն հետեւյալ կերպ է պատասխանում. «Չսիրելը հոգեկան մահ է։ Այդ մահով մեռածների համար կարող են հատուկ գերեզմանատուն սարքել։ Դադարում ես սիրել, երբ Աստծուց հեռանում ես։ Երբ Աստծուց ես հեռանում, պիտի մոտենաս սատանային, ում կամքը չսիրելն է։ Իսկ եթե Աստծո կամքը մեծամասնությանը հարմար չէ, սատանայի կամքը մարդիկ պարտաճանաչ կատարում են»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930