Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ՀՀ ԱԽՔ-ը առանձին հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների նոր ձեւաչափի մշակման գործին է լծվել»

Ապրիլ 03,2021 14:30

«Իրատես լինենք՝ կոնկրետ այս պահին, Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրել-չտրամադրելու հարցի լուծումը տրվելու է Կրեմլի կողմից». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- օրերս հայտարարել էր ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը`խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Նա նաեւ հավելել է` «միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաեւ այլ հնարավորություններ են ստեղծում»։ Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի: Եվ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի: (…) Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա»: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը երկար եւ գունեղ նկարագրում է բոլոր այն տնտեսական առավելությունները, որոնք իշխանությունն ակնկալում է մոտեցումների շտկումից: Հայաստանի եւ Արցախի ներկայիս իրավիճակներով, Թուրքիայի հետ հարաբերությունների շտկումը ի՞նչ կտա հայկական կողմերին, որքանո՞վ է դա հաշվարկված քայլ Ձեր կարծիքով՝ նկատի առնելով իշխանության շտապողականությունը:

– Պարզ չէ, թե ինչ ակնարկներ է անում ՀՀ ԱԽՔ-ը, առավել եւս, որ ապաշրջափակման հեռանկարներն էլ դեռ անորոշ են նաեւ հենց իր համար: Պարզ չէ նաեւ, թե տարածաշրջանում կատարվող կոնկրետ ո՞ր իրադարձություններն են նրան բերել այն մտքին, որ, բացի Թուրքիայից բխող վտանգներից, այդ երկրի հետ հարաբերություններում կարող են բացվել նաեւ նոր հնարավորություններ: Ուշագրավ է իր՝ Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ մտցնելու հետ կապված տարվող աշխատանքի վերաբերյալ արված արձանագրումը: Արդյունքում այն տպավորությունն է ստեղծվել, որ ՀՀ ԱԽՔ-ը առանձին հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների նոր ձեւաչափի մշակման գործին է լծվել, մինչդեռ, այս հարցը ՀՀ ԱԳՆ գործունեության ոլորտին է վերաբերվում: Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանի պարզաբանումներին, ապա դրանք իրավիճակին տիրապետող եւ գործընթացներն ուղղորդող պաշտոնատարի խոսքի նման չեն բոլորովին: Դրանք կենցաղային մակարդակի տրամաբանության ու չհաշվարկված արդյունքների նկարագրության յուրօրինակ խառնուրդ են իրենցից ներկայացնում: Նաեւ հենց այդ պատճառով, առավել տեսանելի է դառնում ներկայումս Հայաստանի քաղաքական դիրքերի խոցելիությունն ու գործընթացների վրա ներազդելու իրական կարողունակության շատ ցածր մակարդակը:

– Ապրիլի 24-ի նախօրեին սպասե՞լ Թուրքիայից եւ Հայաստանից համապատասխան քայլերի`հարաբերությունների շտկմանը վերաբերվող: Ինչի՞ սպասել:

– Թուրքիան կարող է փորձ անել Ցեղասպանության տարելիցի նախօրեին Հայաստանի հետ հարաբերություններում ինչ-ինչ դրական փոփոխություններ մտցնելու համար: Չեմ կարող ասել, թե այդ փոփոխություններն ի՞նչ կոնկրետ դրսեւորումներ կունենան, բայց չէի բացառի անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ապա Թուրքիայի կողմից միջպետական սահմանը բացելու վերաբերյալ առաջարկը: Դա կարող է տեղի ունենալ հատկապես ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման սպառնալիքը չեզոքացնելու պատրվակով:

– Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Ադրբեջանի հին հողը` Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»: Թուրքական կողմերը ապաշրջափակման համատեքստում վերջին շրջանում խոսում են նաեւ Մեղրիով միջանցքի մասին, ինչը չկա նոյեմբերյան հայտարարության մեջ: ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունն իր ողջ ներկապնակով հույսի նշուլյ ներշնչո՞ւմ է, որ ի վիճակի է դիմագրավել այդ սպառնալիքին:

– Իրատես լինենք՝ կոնկրետ այս պահին, Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրել-չտրամադրելու հարցի լուծումը տրվելու է Կրեմլի կողմից: Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական զարգացումներն այնչափ արագընթաց են դարձել եւ իրադրությունն այնքան անկայուն է, որ կարող ենք մեկ տարվա ընթացքում հայտնվել միանգամայն մի նոր իրավիճակում:

– Հետպատերազմյան շրջանում հաճախ է խոսվում նաեւ ՌԴ-ի հետ նոր որակի հարաբերություններ ձեւավորելու մասին: Ինչպիսի՞ք պետք է դրանք լինեն, Ձեր պատկերացմամբ: Այս մասով, իդեպ, օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնենք նաեւ մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձեւակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարեւոր ու արդյունավետ գործիքը»:

– Ըստ էության, ՀՀ գործող իշխանությունները ձգտում են մի կողմից վերանայել հայ-թուրքական հարաբերություններն ու մեղմել կամ արմատախիլ անել դրանցում առ այսօր գոյություն ունեցած թշնամանքը, իսկ մյուս կողմից սկզբունքային են համարում հայ-ռուսական ռազմական համագործակցության աննախադեպ խորացումը: Այս մոտեցումը ռուս-թուրքական շարունակվող ռազմաքաղաքական «մեղրամսի» պայմաններին կարող է հարմարեցվել, բայց արդյունավետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան ու Մոսկվան նոր առճակատման մեջ չեն մտել:

– «Պատերազմը ցույց տվեց, որ այն նաեւ համանախագահների գործունեության ձախողումն էր, որովհետեւ համանախագահները կոչված են բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու՝ նաեւ հարցի ռազմական լուծումը բացառելու համար։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ նրանք ձախողվել են իրենց մանդատի ուղղությամբ»,- օրերս խորհրդարանում, նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`հավելելով, որ այսօր կան որոշակի «տեխնիկական խնդիրներ» եւ չակերտներ չբացելով նա միաժամանակ ասել էր, որ ՀՀ-ն, բնականաբար, շահագրգռված է համանախագահների ներքո բանակցությունները սկսելու հարցում, «բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը»: Ինչպե՞ս եք գահատում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը, ինչ դիվանագիտական տեքստ է թաքնված սույն հայտարարության մեջ: Եթե պաշտոնական Երեւանը համարում է, որ Մինսկի խումբը ձախողել է, ապա ի՞նչ ձեւաչափ ենք պատկերացնում`գործո՞ղը`Մոսկվա-Անկարա՞:

– Կհամաձայնեմ պարոն Այվազյանի դիտարկումներին՝ Մինսկի խումբը ձախողվել է հակամարտությունն ուժի կիրառման միջոցով հանգուցալուծելու Ադրբեջանի փորձը կանխելու հարցում, մինչդեռ կարգավորման գործընթացի բացառապես խաղաղ միջոցների կիրառմամբ լուծումը փոխհամաձայնեցված կարեւորագույն սկզբունքներից մեկն է եղել սկսած 1994 թվականից: Տեսնենք, թե համանախագահներն իրենք ինչպիսի՞ մոտեցում կորդեգրեն պատերազմական գործողությունների դադարի պայմաններում: Կարծում եմ, որ այս դեպքում ՀՀ արտգործնախարարի խոսքում պետք չէ գաղտնի ենթատեքստ փնտրել՝ Հայաստանն իսկապես ուզում է, որ համանախագահներն իրենց ակտիվ մասնակցությունն ունենան խաղաղ կարգավորման գործընթացում: Պատերազմական գործողությունները դադարեցված են, բայց Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ դեռ:

– Հետպատերազմյան շրջանում, մասնավորաբար, Արցախից հնչեցին մի քանի հայտարարություններ այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցությունները պետք է վերականգնել եւ շարունակել: Առհասարակ, ըստ Ձեզ, հիմա անելիք ունի՞ Մինսկի խումբը, ո՞րն է այն ստեղծված իրավիճակում:

– Գտնում եմ, որ Մինսկի խումբն անելիք ունի ու կարեւոր է, որ այս հարցում պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը համակարծիք են: Հավանաբար որոշ ժամանակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի Մինսկի խմբի դերակատարումը նոր պայմաններում իր հստակ եւ փոխընդունելի ձեւը ստանա, բայց, հավանաբար, դա տեղի կունենա արդեն Հայաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ ավելի ստույգ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Զրույցը ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ


«Առավոտ» օրաթերթ

02.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930