Լրահոս
Օրվա լրահոսը

Էնֆիաջյանը՝ ԱՄՆ դեսպանին. Ադրբեջանն անտեսում է գերիների եւ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց»  եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքը

Ապրիլ 02,2021 23:35

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 2-ին ընդունեց  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Արցախում ԱՄՆ օժանդակությամբ  իրականացված բազմաթիվ ծրագրերի համար:

«Հայաստանի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է՝ լի փորձություններով: Մեզ համար կարեւոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի հավասարակշռված մոտեցումը, քանի որ գերտերությունների ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել կայուն խաղաղության եւ հարցերի լուծման»,-նշեց  Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանի ցավալի իրողություններին:  Փոխնախագահը  նկատեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ, եկեղեցիներ ու խաչքարեր:

«Նրանք մերժողական քաղաքականություն են վարում եւ անտեսում ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նման կարեւորագույն արժեքների  պահպանությանն ուղղված բարձր առաքելությունը»,-նկատեց նա:

Էնֆիաջյանը նաեւ տեղեկացրեց, որ Ադրբեջանն անտեսում է գերիների եւ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց»  եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքը:

Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ իրենք ադրբեջանական իշխանությունների հետ այս ուղղությամբ  աշխատանքներ են տանում`  հորդորելով հնարավորինս շուտ վերադարձնել պահվող անձանց: Ըստ նրա` եղել են նաեւ որոշակի արձագանքներ. մասնավորապես, Կարմիր խաչ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները  կարողացել են տեսակցել Հադրութից գերեվարված զինծառայողներին:  Բացի գերիների եւ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցից, ԱՄՆ դեսպանությունը փորձում է աջակցել նաեւ զոհվածների աճյունների նույնականացման հարցում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: «Այսպիսի մոտ 100 դեպք կա»,-հստակեցրեց  դեսպանը:  Նա նաեւ իրազեկեց, որ ԱՄՆ-ն հետպատերազմական շրջանում 5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ծրագրեր է իրականացրել  պատերազմից տուժած արցախցիների  համար:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930