Մարտի 29-ին լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված, վանաձորցի կապիտան Աշոտ Միքայելյանի որդին: 52 սմ հասակով ու 3.600 կգ քաշով փոքրիկին մայրը Դավիթ է կոչել, այդպես էին որոշել Աշոտի հետ: Եւ՛ փոքրիկ Դավիթը, եւ՛ մայրիկը՝ Սյուզաննան իրենց լավ են զգում:
Ապրիլի մեկին երիտասարդ մայրիկն ու որդին դուրս գրվեցին հիվանդանոցից: Վանաձորի բժշկական կենտրոնի բակում կապիտան Աշոտի ծառայակից ընկերներն իսկական տոն էին կազմակերպել: ՀՀ հիմնով ու ծաղիկներով հերոսի նորածին որդուն ուղեկցեցին դեպի հայրական տուն. «Հուզվել էի շատ, բայց եւ ուրախ էի, որ ամուսնուս հարգանքն ու պատիվը բարձր են պահում… Չէի սպասում նման անակնկալի, շատ հուզիչ էր, ի դեպ շնորհակալ եմ բոլորին: Ես էլ, երեխան էլ մեզ լավ ենք զգում, հատկապես, որ մեզ տանը շատ լավ են դիմավորել ու շատ ուշադիր են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աշոտի կինը՝ Սյուզաննա Ավետիսյանը:
Սյուզաննան պատմում է, որ Աշոտը որդու լույս աշխարհ գալու մասին իմացել էր դիրքերում: Իսկ սպասված լուրը միասին վայելել ցավոք այդպես էլ չստացվեց. «Ցանկանում էի, որ երբ դիրքերից վերադառնա անակնկալ մատուցեմ, բայց չդիմացա ու լուրն անմիջապես հայտնեցի։ Անչափ ուրախացել էր, տուն վերադառնալու ժամերն էր հաշվում։ Բայց անընդհատ հետաձգվում էր մեր հանդիպումը, որը ցավոք այդպես էլ մնաց անկատար»։
Կարդացեք նաև
Երիտասարդ մայրիկն ասում է, որ փորձելու է որդին ամեն ինչով ապահովի, որպեսզի ոչնչի կարիք չունենա տղան: Նրա համար լինելով եւ՛ հայր, եւ՛ մայր. «Մայրությունը հավերժական կոչում է: Մի զգացողություն, որին չի փոխարինի ոչինչ։ Բառերով նկարագրելը անհնար է, քանի որ և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ արդեն գիտակցում ես, որ կա մեկը ում դու քո անձից վեր ես դասում: Նաեւ իր լավ լինելուց է կախված քո ամեն րոպեն։ Ուրախություն, հուզմունք միախառնվում է իրար, բայց և մեծ ուժ պիտի ունենամ, որ իր համար լինեմ՝ և՛ հայր, և՛ մայր»,- խոսքը եզրափակեց Սյուզաննան:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ