Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» կներառվի HomeOrchestra շվեյցարական նորարարական կրթական ծրագրի երկացանկում

Ապրիլ 02,2021 22:30

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի շրջանակում Երևանում տեսաձայնագրել է կատարումներ դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից։

HomeOrchestra-ի հիմնադիր Լոլա Սմոլոկովսկի Ռասուլովան (Lola Smolokowski Rasulova)‚ ներկայացնելով դասական երաժշտության ոլորտում նորարարական այս ծրագիրը‚ նշում է‚ որ այն կոչված է մոտիվացնելու‚ ոգևորելու երեխաներին‚ պատանիներին զբաղվելու երաժշտությամբ։

«Մենք բոլորս գիտենք‚ որ ժամանակակից երեխաներն ապրում են տեխնոլոգիական աշխարհում։ Եվ այն‚ ինչ մեզ համար նորարարություն է‚ նրանց համար՝ ամենօրյա իրականություն։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք ստեղծեցինք մի նախագիծ‚ որի շնորհիվ երեխաները՝ սկսած 4-5 տարեկանից‚ կարող են HomeOrchestra հավելվածի միջոցով բեռնել իրենց սիրած դասական ստեղծագործությունները՝ ավելի պարզ մշակումներով։ Մենք առաջարկում ենք դասական երաժշտության ոսկե ֆոնդի ավելի քան 100 ստեղծագործության կատարում։ Յուրաքանչյուր ստեղծագործության համար տրամադրվում է նվագախմբային նվագակցություն‚ այսպես կոչված‚ ֆոնոգրամա։ Այսինքն՝ երեխան (մենակատարը) իր տանը կարող է նվագել նվագախմբի նվագակցությամբ։ Մեր ծրագիրը‚ ի տարբերություն գոյություն ունեցող համանման ծրագրերի‚ առաջարկում է իրական նվագախմբային կատարումներ՝ առանց որևէ համակարգչային փոփոխության»‚- ասում է HomeOrchestra-ի հիմնադիրը։

Շվեյցարական կրթական այս ծրագիրը 7 տարվա պատմություն ունի և մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Մինչ այժմ երաժիշտներն այս ծրագրի շրջանակում կարող էին տանը միայն ունկնդրել նվագախմբային կատարումները։ Սակայն շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության‚ այսուհետև մենակատարն իր տան էկրանին կկարողանա նաև տեսնել նվագախումբը‚ դիրիժորին‚ համերգասրահը և իրեն զգալ ինչպես կենդանի համերգում։ Ցանկության դեպքում երեխան կարող է իր կատարումը նկարահանել‚ ուղարկել HomeOrchestra-ին‚ որտեղ տեխնոլոգիական գործիքների օգնությամբ մենակատարին ու նրա կատարումը կավելացնեն արդեն գոյություն ունեցող հոլովակում՝ ստեղծելով վիրտուալ իրականություն։

«Կարծում եմ՝ նվագախմբի հետ ելույթի փորձ հնարավոր է և պետք է ձեռք բերել փոքր տարիքից։ Նույնիսկ ամենատարրական երաժշտական գիտելիքներ ունեցող երեխան մեզ մոտ կարող է իրեն հարմար ինչ-որ բան գտնել։ Եվ մենք շատ ուրախ ենք‚ որ հենց հայկական նվագախումբն է այս նախագծի մի մասը դառնում»‚- ընդգծում է Լոլա Սմոլոկովսկի Ռասուլովան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ձայնագրության ընթացքում ղեկավարում էր դիրիժոր Ռիկարդո Կասերոն։ Մաեստրոն նկատում է‚ որ HomeOrchestra-ն կարևոր առաքելություն ունի. «Ֆանտաստիկ գաղափար է‚ այն հիանալի հնարավորություն է կատարելագործելու երաժշտական հմտությունները‚ ցուցադրելու տաղանդը»։

HomeOrchestra-ն նոր խոսք է դասական երաժշտության դասավանդման ոլորտում։ Մաեստրոն ինքը նշում է‚ որ ժամանակները ստիպում են‚ որպեսզի այս դաշտում մասնագետները դիմեն նաև նորարարությունների։ «Պետք է կարողանանք նաև նոր գաղափարներ ներմուծել դասական երաժշտության ոլորտում։ Մենք նոր հանդիսատեսի ներգրավման կարիք ունենք‚ նորագույն տեխնոլոգիաներն այս հարցում մեծապես օգնում են։ Նման ծրագրերը հետաքրքիր զարգացում և ապագա ունեն»‚- համոզված է դիրիժորը։

Ռիկարդո Կասերոն նշում է‚ որ առաջին անգամ է Հայաստանում‚ մի երկիր‚ որը հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ շատ լավ զգացողություններ ունի մեր երաժիշտների հետ աշխատելիս։

Ի դեպ‚ տեղեկացնենք‚ որ HomeOrchestra-ի շրջանակներում տեսաձայնագրվել է նաև Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից։ Այս կատարումը կներդրվի HomeOrchestra նախագծի երկացանկում:

 

Արփինե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930