«Դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ եւ պարզի՝ դադարեցնելու իրավիճակում պարտավորեցնող նորմի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որովհետեւ երբ անձի արարքում, այդուհանդերձ, կա հանցագործություն, եւ դու ձեւական պահանջի պատճառով դադարեցնում ես հետապնդումը, ստացվում է, որ կար հանցագործություն, կային տուժածներ, սակայն անձը պատասխանատվության չենթարկվեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։ «Դա տուժողների իրավունքների խախտում է։ Արդյունքում ունենում ենք հանցանք եւ պատասխանատվությունից ազատված անձ»,-հավելեց նա։ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ ՍԴ-ի կայացրած որոշումն իր համար անակնկալ էր։
Հիշեցնենք, որ 2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ի դրությամբ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, 2008թ․-ի դրությամբ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, եւ մի քանի օրից կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նրա պաշտպանների միջնորդության որոշումը։
Դատախազությունն էլ գտնում է, որ դատարանը պետք է դիմի ՍԴ, որովհետեւ մարտին կայացրած ՍԴ որոշման կատարման առնչությամբ կա սահմանադրությանը համապատասխանության խնդիր։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ՝ ՍԴ-ն մարտին հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ