«Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, փոխում եք Սահմանադրությունը: Հայաստան աշխարհ`ուշքի արի»,- 2015 թվականին, դեկտեմբերի 31-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությունից հետո գրել էր Բագրատ Ալեքսանյանը:
Բագրատը զոհվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում:
Այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, Բագրատի մայրը`Նարինե Ասրյանն իր որդու գրած հետեւյալ տողերն էլ արտասանեց. «Երբ պատերազմ լինի, եւ մենք չկարողանանք դիմակայել թշնամուն, լինենք վիրավոր, վիրավորված լինի նաեւ հայրենիքը, բայց մեր մայրերի սիրտը շարունակի բաբախել, ուրեմն՝ մենք դեռ հաղթելու տարբերակ ունենք»։
Նարինե Ասրյանը համարում է, որ մեր տղաները հավերժ հաղթանակած են։ Նա չցանկացավ պատասխանել ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին հարցին:
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին, զոհվածի մայրն ասաց, որ շատ է ցավում`այս պատերազմը մեզնից 3-4 սերունդ տարավ. «Շատ եմ ցավում, որ արյան գնով պահած մեր որդիների, զավակների հողն այսօր թշնամու ձեռքում է։ Շատ դաժան եղավ վերջին պատերազմն էլ: 2016-ն էլ էր դաժան»:
Նա խոսքեր չի գտնում ասելու`տեսնելով Եռաբլուրի «ընդլայնումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ