Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, որ իր 1-2 օլիգարխների հետ կառավարության ու Ազգային պատկերասրահի շենք էլ վաճառքի հանի»․ Գագիկ Համբարյան

Ապրիլ 02,2021 20:30

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը Երևանի բուհերի շենքերը վաճառելու ու ակադեմիական քաղաք կառուցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանում է որպես նրա բիզնես հետաքրքրություն։

«Նիկոլ Փաշինյանը երեք տարի է՝ իշխանության է եկել ու տեսնում է, որ Երևանում  չի կարողանում մեծ կառույցներ ձեռք բերել, որպեսզի ահռելի գումարներ աշխատի։ Ինքը սովոր էր նախկիններին մեղադրել Երևանի կենտրոնը վաճառելու մեջ։ Հիմա ինքը իդեաֆիքս ունի, ենթադրաբար իր հետ շատ սերտ կապերի մեջ գտնվող մեկ կամ երկու օլիգարխների հետ որոշում են ընդունել այդ անհեթեթ ծրագիրն առաջ տանել, որպեսզի Երևանի կենտրոնում գտնվող շատ թանկարժեք հողակտորները իրենց ձեռքը վերցնեն և այդ հողակտորների վրա բիզնես կենտրոններ, հյուրանոցներ կամ օֆիսային ահռելի մեծ կոմպլեքսներ կառուցելով՝ մեծ գումարներ դնեն իրենց գրպանը»,- նման կարծիք հայտնեց Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանը նշում է, որ Երևանի կենտրոնն իրենով ակադեմիական քաղաք է։

«Երևանի պետական համալսարանը կամ տնտեսագիտական համալսարանը, գյուղակադեմիան, մանկավարժական համալսարանը, բժշկական համալսարանը, կոնսերվատորիան, պոլիտեխնիկական համալսարանը բոլորն իրար հարևանությամբ են։ Այդ հարևանությամբ են նաև գտնվում Ազգային գրադարանը, Ազգային արխիվը, Գիտությունների ազգային ակադեմիան և այլ ինստիտուտներ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ ակադեմիական քաղաքի մասին է խոսում, եթե մենք ունենք հենց ակադեմիական քաղաք Երևանի կենտրոնում։

Ինչո՞ւ է փորձում կազմաքանդել այդ ամենը, նախ պատկերացնո՞ւմ է ակադեմիական քաղաքի կառուցումը ինչ ժամանակ և ինչ նյութական ռեսուրսներ են պահանջելու, ինչպես է պատկերացնում դա։ Այսինքն՝ շենքերը ինչ-որ մեկը պիտի գնի ու փողը տա, որ իրենք կառուցեն ու նոր տեղափոխե՞ն։

Այստեղ խնդիրը լրիվ այլ է, էլի եմ ասում՝ ինքը փորձում է բիզնես անել, ոչ մեկի մտքով չանցնի, որ այդ շենքերը գնելուց հետո գնորդը պիտի նույնը թողնի։ Ասենք՝ բժշկական համալսարանը, որը հատուկ կառուցված է լսարաններով, որտեղ 300-400 ուսանող կարող են նստել և դասախոսություն լսել, ո՞ւմ է պետք, ո՞ր գործարարին է պետք, ոչ մեկին։ Այդ շենքերն ունենալու են այն նույն ճակատագիրը, որն ունեցան  մայրաքաղաքի փոքր  կենտրոնի՝ Բյուզանդի ու Արամի փողոցների վրա գտնվող պատմական հին շենքերը։ Ֆասադը թողնելու են նույնը, հետնամասում կառուցել ու են  ահռելի մեծ շենքեր, որոնք բիզնես նպատակներով են ծառայելու։ Վաճառվելու են, հյուրանոցներ են բացվելու, տարածքներ են տրամադրվելու։ Մենք այստեղ տեսնում ենք զուտ Նիկոլ Փաշինյանի անձնական շահը՝ իր գրպանը գումար լցնելու համար։ Չեմ զարմանա, եթե Երևանի կենտրոնում գտնվող կառավարության շենքը կամ ազգային պատկերասրահը, պատմության թանգարանը ևս վաճառվեն, և ասի՝ տեղափոխում ենք այլ տեղ, ի՞նչ է եղել որ։ Զարմանալ պետք չէ, որովհետև այդ մարդու ամբողջ նպատակը հարստանալն է՝ ամեն գնով և ամեն ձևի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930