Լրահոս
Օրվա լրահոսը

«Համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ. Ադրբեջանն այլ ճանապարհ է առաջարկում». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 02,2021 20:10

«Ակնհայտ է, որ մենք պատերազմներից դասեր չենք քաղել: Դրա մասին ոչ միայն Թուրքիայի հետ բարեկամության թեման է խոսում, այլ այն, որ ամեն պատերազմից հետո, որպես պետություն, խելքներս գլուխներս չենք հավաքում եւ մեր ներքին տնային աշխատանքը լավ չենք կատարում»,- այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ այժմ մեր երկրին համերաշխություն է պետք, որպեսզի բանակը վերականգնենք, նահատակների ընտանիքներին պահենք, անհայտ կորածներին վերադարձնենք, հաշմանդամների խնդիրները լուծենք:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ մոտեցումների շտկմանը, ինչի մասին խոսում են իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս ժամանակահատվածում պետք չէ խոսել հարաբերությունների շտկումից, ոչ էլ պետք է թշնամություն քարոզել, պետք է ուժեղանալ, որ բոլորը ցանկանան մեզ հետ բարեկամություն անել, այլապես`«աչք են գցելու քո ունեցածի վրա, փորձելու են տիրանալ»:  Նիկոլ Փաշինյանի բառախաղը, ինչքան շատ ենք մենք ընկալում թշնամի, այնքան շատ են մեզ ընկալում թշնամի, Էդմոն Մարուքյանը չի մեկնաբանում:

Նաեւ հավելում է, որ իր ընկալմամբ, դա ներհայաստանյան մակարդակի համար է ասվել`ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների համատեքստում: Ինչ վերաբերվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ Հայաստանը երբեք սահմաններ չի փակել, Հայաստանի հետ սահմանները միակողմանի փակվել են եւ մինչեւ Հայաստանի օրենսդրությունը պատրաստ չլինի, մենք դրա մասին էլ չենք կարող խասել: Իսկ, առհասարակ, Էդմոն Մարուքյանը նկատում է, որ այդ խոսակցությունները մեզ մոտ են ընթանում, Թուրքիան նման օրակարգ չունի: «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում սահմանների բացումը մի երկրի հետ, որն ասում է`միջազգային ներդրողներին հրավիրում եմ գան Զանգեզուրում`Ադրբեջանի պատմական հողերում, ներդրումներ անեն»:

Իրավիճակից ելքը, ըստ նրա, մեկն է`ուժեղանալ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձեւաչափին էլ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն գործում է, բայց բազմաթիվ խնդիրներ կան. «Օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետեւ կողմերը տարբեր պայմաններ ունեն: Մինչեւ այս Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարողանում այցելել, որովհետեւ Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ եկեք Աղդամով այցելեք, ուրիշ ճանապարհներ է ասում: Հիմա խումբը կա, բայց կկարողանա՞ գործել, թե՞ ոչ, նաեւ կախված է մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից: Այսօր ՀՀ-ն այդպիսի քաղաքականություն չունի: Այսօր Հայաստանի քաղաքականությունը կուչ եկածի քաղաքականություն է: Մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմն սկսել է»: Էդմոն Մարուքյանն աբսուրդ է համարում այն, որ պետք է հույսը դնել նրա վրա, որ Մինսկի խումբը մեր բոլոր հարցերը լուծելու է. «Ասենք, Սյունիքում բրիգադները կրճատում էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն էին սպասում: ԶՈՒ քանակը նվազեցնում էին, հույս ունեին, որ Ֆրանսիան, Ամերիկան ու Ռուսաստանը գալու են իրենց տեղը կռվե՞ն»:

Հարցին`կարո՞ղ ենք ասել, թե մենք ի՞նչ տարածքներով Արցախ ենք ուզում, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Արցախն օկուպացված է, բայց մինչեւ այդ հարցը մենք ունենք ուրիշ շատ հարցեր: Օրինակ, ռազմագերիներին ինչո՞ւ չեն վերադարձնում: Որովհետեւ նախապայմաններ են դնում: Իսկ մեր ԱԳՆ-ն կարողանո՞ւմ է սպասարկել մեր ազգային շահը: Ես պնդում եմ՝ ոչ: Այս իշխանությունը նման ունակություններ չունի»:

Գերիների հարցով Էդմոն Մարուքյանը սպասումներ ունի, որ մինչեւ հայտարարված արտահերթ ընտրությունները նորություն կունենանք: «Կան նման խոսակցությունները, վերջնական ոչ մի բան չկա, բայց ես նման սպասում ունեմ, որ մինչեւ ընտրությունները կարող են մի խումբ ռազմագերիներ վերադարձվեն: Բայց դա ամբողջական խնդրի լուծում չէ, որովհետեւ ոչ մեզ թիվ են ասում, որ հաստատում են, թե քանի մարդ են, ոչ հաստատում են՝ որտեղ են պահվում»:

Նա վստահեցրեց, որ այդ ուղղությամբ հայկական կողմը միջազգային հարթակներում անդադար աշխատանքներ է տանում: Օրինակ, ԵԽԽՎ-ում. «Բոլոր նիստերի թեման դա է՝ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները եւ պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են: Դրանք եւս մեկ անգամ մնալու են անպատիժ, ինչպես մնացին ապրիլյան պատերազմից հետո: Այն ժամանակվա իշխանությունը ոչ մի բան չարեց, որ պատժվեն, այսօրվա իշխանությունն էլ շարունակում է նույն ձեւով՝ անատամ, անդեմ, վախեցած իշխանություն է: Գոնե միջազգային իրավական նախաձեռնություններ պետք է իրականացվեն, ոչ մի բան չեմ տեսնում: Եթե հիմա էլ հետեւողական չլինենք, իմացեք, որ պաշտպանված չենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930