Տավուշի մարզում կա խմելու ջրի մեծ խնդիր։ Խնդիր կա ոչ միայն ֆիզիկական հասանելիության այլ նաև որակական հատկանիշների հարցում։
Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։
«Խմելու ջրի հարցը լուծվել է միայն մի քանի համայնքներում, իսկ որոշ համայնքներ մինչև այսօր ունենք խմելու և ոռոգման ջրի խնդիր։
2019 – 2020 թվականներին մարզպետարանի կողմից արդեն իրականացվել են 585 միլիոն դրամի խմելու ջրի ծրագրեր, ընդ որում՝ 2021 թվականի համար նախատեսվում են ևս 137 միլիոն դրամի ծրագրեր, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ են։ Ոռոգման ջրի հնարավորությունները ներկայումս 4000 հեկտար տարածքի համար է։ Մոտ երկու տարվա աշխատանքի շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ պետություն, մասնավոր և համայնք եռակողմ համաձայնությամբ՝ այս տարի Տավուշի մարզում 19 միլիարդ դրամի ներդրում կիրականացվի ոռոգման ջրի համակարգում, որի արդյունքում մոտ 5100 հեկտար նոր տարածքներ կոռոգվեն, իսկ նախկինում ոռոգվող 3800 հեկտար տարածքներում էլ կբարելավվեն պայմանները»,- տեղեկացրել է մարզպետի տեղակալը։
Կարդացեք նաև
Ըստ Ստեփանյանի՝ այս աշխատանքները իրենց հետ կբերեն նոր իրականություն և նոր լոգիստիկ հնարավորություններ մարզի համար։
Խոսելով Տավուշի սահմանամերձ հատվածների որոշ հողատարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվելու անվտանգության հարցերի կարգավորումից՝ Ստեփանյանը նշել է, որ վերջին տարիներին սահմանամերձ որոշ հողատարածքներ ուղիղ հրետակոծության տակ լինելու պատճառով ընդհանրապես չեն մշակվում.
«Մեր գյուղնշանակության հողերը 110 000 հեկտար են, որից 10 տոկոսը՝ 9-10 հազար հեկտարը ուղիղ հրետակոծման տակ են և վերջին տարիներին լինելով սահմանամերձ չեն մշակվում։ Իսկ վարելահողի դեպքում ցուցանիշն ավելի մեծ է ՝ մոտավորապես 25-30 տոկոսը չի մշակվում՝ նորից ուղիղ հրետակոծման տակ լինելու պատճառով։ Սակայն վերջին իրադարձությունները հույս են ներշնչում, որ երկու պետությունների միջև (Հայաստան, Ադրբեջան խմբ.) ձևավորվող խաղաղության տանող գործընթացները կարող է հնարավորություն ստեղծեն, որ մեր ամբողջ գյուղնշանակության հողերը նպատակային օգտագործվեն»։
Սաթենիկ Հովսեփյան