Հայաստանի ներքաղաքական դաշտի գործընթացները դիտարկում ենք որպես ինքնիշխան պետության ներքին գործը, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում:
«Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր լինել, թե ինչ է կատարվում մեր բարեկամ երկրում: Կոչ ենք անում հանրապետության բոլոր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել, փնտրել խելամիտ փոխզիջումներ՝ ի շահ հայ ժողովրդի համախմբման: Հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանը կընթանա խաղաղ, սահմանադրության շրջանակում, և ելակետային կլինի Հայաստանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ասել է Ռուդենկոն:
Ռուդենկոն չի համաձայնվել լրագրողի այն մտքի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները «կորցրել են իրենց բնորոշ վստահությունը, դինամիկան և խորությունը»:
«Մենք այդպիսի գնահատականները չենք կիսում: Մեր երկկողմ հարաբերություններն ավանդաբար հենվում են եղբայրական բարեկամության և փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ կերով և տարբեր մակարդակներով ու ուղղություններով, անկախ որևէ ներքին և արտաքին կոնյունկտուրայից: Ընդ որում` անգամ օբյեկտիվորեն դժվար «քովիդային» տարում մեր կապերն ընդլայնվել են»,- ասել է փոխնախարարը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախկինի պես վստահորեն զբաղեցնում է Հայաստանի տնտեսության հիմնական օտարերկրյա ներդրողի դիրքը: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը՝ ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության մոտ մեկ երրորդը: «2020թ., հաշվի առնելով համավարակի հետևանքներով համաշխարհային տնտեսության ընդհանուր դժվարությունները, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է: Բայց այդ անկումը դրամատիկ չէ»,- ասել է Ռուդենկոն:
Նա նաև հույս է հայտնել, որ համաճարակային իրավիճակի կարգավորման դեպքում երկու երկրները կվերադառնան կայուն աճի հուն:
«Ինտենսիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը: Հազիվ թե գտնվեն այլ երկրներ, որոնց ղեկավարները շփվում են նույնքան սերտ ու արդյունավետ: 2020թ. Վ. Վ. Պուտինը և Ն.Վ. Փաշինյանը հեռախոսով խոսել են ավելի քան 60 անգամ: 2021թ. մեր առաջնորդներն արդեն ունեցել են 7 հեռախոսազրույց, իսկ ս.թ. հունվարի 11-ին հանդիպել են: Կառավարությունների ղեկավարները հանդիպել են 3 անգամ և 5 անգամ խոսել են հեռախոսով: Մշտական կապ են պահպանում կառավարությունների ղեկավարները, արտգործնախարարները և պաշտպանության նախարարները, մի շարք գերատեսչություններ և կառույցներ: Օգտակար աշխատանք է տարվում խորհրդարանների, շրջանների միջև»,- ասել է փոխնախարարը:
Խոսելով տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության մասին՝ Ռուդենկոն ասել է, որ այսօր տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը և մարդասիրական արձագանքման կենտրոնը «անվտանգության և կայունության երաշխիք են, իրականացնում են տեղի բնակչության համար կենսական կարևոր առաջադրանքներ»: «Ռուսաստանի Դաշնության ուղիղ ֆինանսական օգնությունը Լեռնային Ղարաբաղում տուժածներին այս պահնի կազմում է 15 մլն ամերիկյան դոլար»,- ասել է նա:
Ռուդենկոն նաև նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի ակտիվ աշխատանքի արդյունքում պայմաններ են ստեղծվում Հարավային Կովկասում բնականոն կյանքի վերականգման համար, որպեսզի այն վերածվի փոխադարձ վստահության, անվտանգության և բարգավաճման տարածքի:
«Այդ ամենը համոզիչ կերպով վկայում է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է թիկունք կանգնել եղբայրական հայ ժողովրդին, միասին աշխատել հանուն ընդհանուր շահերի»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ