Լրահոս
Օրվա լրահոսը

«Զավեշտի մի վերածեք, ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով»․ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը

Ապրիլ 02,2021 19:07

«Վարույթը շարունակվում է, քանի դեռ դրա վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։ Դատարանը քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում պետք է հարցը քննարկի, սակայն գործով մեղադրյալների եւ նրանց պաշտպանների բացակայության պայմաններում դատարանը չի կարող հարցը քննարկել»,-սահմանադրական կարգի տապալման գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ի դրությամբ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, 2008թ․-ի դրությամբ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստն այսօր երկրորդ անգամ ընդմիջվեց, եւ այդ ընթացքում մեղադրյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ նրանց պաշտպանները հեռացան ու այդպես էլ չվերադարձան նիստերի դահլիճ։ Հիշեցնենք նաեւ՝ ՍԴ-ն մարտին հակասահմանադրական  ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն դատավորը դեռեւս չի կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում։

Նիստը վերսկսվելուն պես դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ բացակա անձինք չեն ներկայացել։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը վրդովված ասաց դատավորին․ «Ո՞ր հոդվածներով են ամբաստանվում եւ ինչի՞ց են պաշտպանները պաշտպանում նրանց։ Զավեշտի մի վերածեք, ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով։ Եթե Յուրի Խաչատուրովի մասին է խոսվում, ապա ի՞նչ ամբաստանյալի մասին է խոսքը, եթե հոդվածը չկա, մեղադրանքը չկա։ Այս ո՞ւր ենք եկել մենք։ Կամ, ինչ կապ ունի, թե ով եկավ եւ ով գնաց։ Հիմա իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածով, որը գոյություն չունի։ Օրենքն ասում է, որ պետք է քննարկե՞նք․ ոչ, դուք ինքներդ պետք է դադարեցնեք քրեական հետապնդումը։ Նա հետապնդվում է մի հոդվածով, որը գոյություն չունի ըստ ՍԴ որոշման։ Այս ինչի՞ եք վերածել օրենսդրությունն ու դատարանը։ Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը 300.1 հոդվածով, պահանջում եմ։ Մնացածը՝ հետո»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները համոզմունք հայտնեցին, որ 300.1 հոդվածի մասով մեղադրյալների հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, եւ դատարանը, քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, պետք է լուծի հարցը՝ առանց քննարկելու, առանց սպասելու միջնորդության։ Մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանն արձագանքեց, որ որոշում կայացնելու համար դատավորը պետք է գնա խորհրդակցական սենյակ, իսկ խորհրդակցական սենյակ հեռանում են դատական նիստ անելու արդյունքում, ոչ թե թաքուն․ «Իսկ ոգեւորված արտահայտություններն ուղղված են մի բանի, որ մենք դիրքորոշում չարտահայտենք։ Դատավորը խորհրդակցական սենյակում է որոշում՝ կա՞ն նորմեր, որոնք հակասում են ՍԴ որոշման կատարմանը»։ Ապա դատախազն անհարգելի որակեց դատական նիստից մեղադրյալների եւ նրանց պաշտպանների բացակայության փաստը, որի պատճառով նիստը հետաձգվելու է։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, հաշվի առնելով, որ պաշտպանական կողմի ներկայացուցիչները հրաժարվել են ներկայանալ դատական նիստին, եւ որ պաշտպան Կարեն Մեժլումյանը բացակայելու է ՀՀ-ից, անհրաժեշտ համարեց այնուամենայնիվ քննարկել պաշտպանական կողմի եւ մեղադրող-դատախազների միջնորդությունները համատեղ, որպեսզի անհարկի ձգձգումների պատճառով չոտնահարվեն մեղադրյալների իրավունքները։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է ՍԴ, եւ այս գործով մեղադրող դատախազները եւս միջնորդություն են ներկայացրել՝ դատարանի կողմից ՍԴ որոշման կատարման հարցում հակասահմանադրական նորմերի առնչությամբ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին։ «Որեւէ բան չպետք է քննարկվի, այլ դատավորը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ։ Օրենքը չի ասում, որ դուք պետք է քննարկեք։ Սա լուծման հարց է, ոչ թե քննարկման»,-հայտարարեց Հայկ Ալումյանը։ Ապա դատարանը որոշեց անցնել պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկմանը։ Հայկ Ալումյանը կրկնեց՝ միջնորդում են ՍԴ որոշման հիմքով դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը 300.1 հոդվածի մասով․ «Չկա հոդված, հետեւաբար՝ չի կարող լինել հանցագործության նման դեպք, հետեւաբար՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»։

Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդության դեմ առարկեց՝ դիրքորոշում հայտնելով, որ դատարանը պետք է մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի հանդեպ կիրառված խափանման միջոց գրավը վերացնի, իսկ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժի՝ դիմելով ՍԴ։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի առնչությամբ դատախազները կարծիք հայտնեցին, որ խափանման միջոց գրավը պետք է պահպանվի, որովհետեւ նրանց նաեւ այլ դրվագով է մեղադրանք առաջադրված (կաշառք․-խմբ․)։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չհամաձայնեցին՝ ակնարկելով, որ այս օրն անպայման հիշվելու է, որովհետեւ դատախազները չեն ուզում ընդունել, որ իրենք սխալ են։

19:05-ին Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930