Լրահոս
Օրվա լրահոսը

Վան Համբարձումյան. «Ադրբեջանը արդեն հիմա առաջանցիկ տեմպերով գերժամանակակից զենքեր է ձեռք բերում»

Ապրիլ 02,2021 18:12

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանին խիստ մտահոգում է, որ Ադրբեջանը գերժամանակակից զենքեր է ձեռք բերում ու կուտակում, իսկ Հայաստանում իշխանությունը չի մտածում անգամ իր սահմաններն ամրապնդելու, պետության անվտանգության աստիճանը բարձրացնելու մասին:

Վան Համբարձումյան

«Արցախյան 3-րդ պատերազմում ռազմական գործողությունները դեռ նոր են կասեցվել, սակայն Ադրբեջանն արդեն հիմա առաջանցիկ տեմպերով նոր գերժամանակակից զենքեր է ձեռք բերում Թուրքիայից, Պակիստանից, Իսրայելից, այլ երկրներից: Պարզ է, որ նա պատրաստվում է տարածաշրջանում նոր զարգացումների: Ընդ որում, այդ երկիրը հենց հիմա էլ յուրաքանչյուր սանտիմետր տարածքի համար անզիջում պայքար է մղում: Անգամ չի վարանում GPS-ը առած՝ տուն ու գոմ կիսելով սահման գծել:

Տարին նոր է սկսվել ու Ադրբեջանը միայն Իսրայելի հետ 2 մլրդ. 800 մլն.-ի նոր սպառազինություն գնելու պայմանագիր է ստորագրել, իսկ Պակիստանից ձեռք է բերում 4+ սերնդի գերժամանակակից կործանիչներ, որոնք առաջիկա շաբաթներին կլինեն իր տարածքում: Հատկանշական է, որ թշնամի երկիրը ոչ միայն ավելի վաղ կնքած պայմանագիրը փոխել է այդ կործանիչների ավելի թարմացված մոդիֆիկացիաները ձեռք բերելու համար եւ գրեթե կրկնակի գին վճարել, այլ իրենց ռազմական օդաչուներին պատրաստելու, բարդ տեխնիկային տիրապետելու նպատակով հատուկ վարժասարքեր է ձեռք բերել, անգամ վերապատրաստման է ուղարկել Պակիստան: Այնպես որ, այդ կործանիչները տեղ հասնելուն պես Ադրբեջանը դրանք կարող է անմիջապես կիրառել:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր մոտ: Այս պատերազմում սպառազինության բավականին կորուստ տված հայկական կողմի համար ժամանակակից նոր սպառազինություն ձեռք բերելու մասին առանց արտաքին պարտքի խոսք լինել չի կարող: Բայց ես Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չեմ տեսնում: Հայաստանը ոչ միայն պատերազմից առաջ չէր պատրաստվում գալիք իրադարձություններին, այլեւ հիմա է նույն կերպ վարվում: Անկեղծ եմ ասում. ես հիմա չգիտեմ, թե ով է գլխավոր շտաբի պետը:

Խոսքը նաեւ այն մասին է, որ նոյեմբերից հետո պետք է ամենայն լրջությամբ վերլուծված լիներ, թե ինչն էին վրիպել պատերազմը սկսվելու պահին, սպառազինության որ պարամետրերով էինք զիջում այն ժամանակ ու հիմա էլ, ինչու պարտվեցինք, ինչ բացթողումներ, սխալներ ու վրիպումներ են թույլ տրվել: Պետք էր ունենալ լուրջ մշակված կոնցեպցիա, ինչը չի արվել ու հիմա էլ չի արվում: Ոչինչ մեր մոտ չի փոխվել: Ես առաջ էլ, հիմա էլ անկեղծորեն չեմ հասկանում, թե Հայաստանում իշխանությունը ինչի է այդքան հանգիստ, ասես ոչինչ չի եղել ու ոչինչ չի սպասվում»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930