2021թ. մարտի 30-ին՝ ժամը 14.10-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից դեպի Զանգակատուն տանող միջպետական ավտոճանապարհի հարակից ձորն ավտոմեքենա է ընկել:
Կատարված դեպքի վայրի զննությամբ Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ դեֆորմացված վիճակում, իսկ դրանից 20 մետր հեռավորության վրա՝ ժայռաբեկորի վրա, հայտնաբերվել է Երևան քաղաքի 50-ամյա բնակչի դին:
Դիակի արտաքին զննությամբ տղամարդու պարանոցին հայտնաբերվել է փաթաթված կպչուն ժապավեն, զույգ նախադաստակների շրջանների մաշկածածկույթին՝ ժապավենից թողնված հետքեր և կպչուն նյութի առկայություն, իսկ պարանոցին և աջ այտային շրջաններում` կտրած վերքեր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին