Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով. Արա Այվազյան

Ապրիլ 02,2021 17:57

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր:

Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային արդի հարցերին, ինչպես նաև հավանություն տվեցին Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին որոշման նախագծին:

Իր խոսքում անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին՝ նախարար Այվազյանը նշեց, որ «այն նաև հստակ կոչ է՝ կառուցելու խաղաղություն՝ առանց պատերազմների, հակամարտությունների և բռնության»:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա: Այս համատեքստում հանգամանալից ներկայացվեցին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված էին Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը իր պատմական հայրենիքում:

Նախարար Այվազյանն անդրադարձավ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքին՝ շեշտելով Ադրբեջանի պատանդառության տակ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդի նիստին բարձրացրեց նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի աղաղակող փաստերի հարցը: Այս համատեքստում նախարարն ընդգծեց Ադրբեջանի կողմից հերթական մշակութային ցեղասպանության անթույլատրելիությունը՝ նշելով, որ հայկական եկեղեցիների ավերակների վրա հաշտության և խաղաղության հաստատումն անհնար է:

Ամփոփելով իր խոսքը՝ Արա Այվազյանը նշեց, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  ձևաչափում:

Նիստի շրջանակներում ԱԳ նախարարները ստորագրեցին և հավանություն տվեցին տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերին, այդ թվում՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների ծրագրի կատարման մասին արձանագրային որոշումը, 2021-2030թթ. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը, 2021-2030թթ. Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, զարգացման ռազմավարության իրականացման՝ 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:

Խորհրդի նիստի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930