Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր Շուկան մենք թուրքին չենք հանձնելու». Դավիթ Բաբայան

Ապրիլ 02,2021 18:45

«Կարմիր Շուկան մենք թուրքին չենք հանձնելու: Այդպիսի նպատակներ եւ ծրագրեր չկան»,- այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Պատասխանելով այդ հատվածում հայկական ավտոմեքենաներին վնասելու դեպքերին վերաբերվող հարցին, Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ եթե Ադրբեջանը փորձի Կարմիր Շուկայի հատվածից նոր հարձակում ձեռնարկել, նախ, պետք է ճեղքի ռուսական խաղաղապահ միավորը, իսկ դա կնշանակի հարձակում ՌԴ-ի վրա եւ նոր լայնածավալ պատերազմ կսկսվի: Հայկական մեքենաների քարկոծումը Դավիթ Բաբայանը դիտարկում է Ադրբեջանի կողմից տեղի հայկական բնակչության մոտ վախի մթնոլորտ ստեղծելու եւ պատասխանատվություն չկրելու հարթությունում, քանի որ նման դեպքերն այդ երկիրը բարդում է անհատների վրա, որոնք իբր հայերի կողմից ագրեսիայի են ենթարկվել: Ըստ արցախցի պաշտոնյայի, խաղաղապահները նույնպես վրդովված են Ադրբեջանի այդ պահվածքից եւ լրացուցիչ միջոցներ են ձեռք առնվում, մասնավորաբար, մշտադիտարկող սարքերի տեղադրման հավանականության հարցն է քննարկվում:

Այս պահին Արցախում անվտա՞նգ է` հարցին, Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց, որ լայնածավալ պատերազմի վտանգ այս պահին չկա, ընդհանուր առմամբ վիճակը կայուն է եւ անվտանգ:

ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի`Քարվաճառին վերաբերվող աղմկահարույց հայտարարության մասին հարցին էլ պատասխանելով, Դավիթ Բաբայանն ասաց. «Անկախ ներկա կարգավիճակից, Քարվաճառը եղել է, կա եւ կմնա հայկական: Քարվաճառում կա Դադիվանք, նույնիսկ թուրքն ու ադրբեջանցին չեն համարձակվում Դադիվանքը համարել ադրբեջանական, նրանք փորձում են աղվանական այն դարձնել, որը նույնպես մշակութային ցեղասպանության մի ձեւ է: Հիմա, եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ սա ադրբեջանական է`սա ողբերգություն է»:

Ստեղծված խանր վիճակից դուրս գալու համար, ըստ Արցախի ԱԳ նախարարի, մեզ պետք է պրոֆեսիոնալ, հայրենասեր եւ հավատավոր անձնակազմ, հատկապես ղեկավար մարմիններ, հասարակություն:

Նա հորդորում է`զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ այլ բան է, երբ թշնամին ասում է՝ Ստեփանակերտն իրենցն է, Երեւանն իրենցն է, այլ բան է, երբ նման հայտարարություններ են հնչում մեր կողմից, օրինակ՝ Քարվաճառը երբեք մերը չի եղել կամ կասկածի տակ է դրվում նաեւ Շուշիի հայկական լինելու հարցը:

«Ի՞նչ է նշանակում՝ Քարվաճառը մերը չէ, Քարվաճառում Դադիվանքն է, Քարվաճառից սկիզբ են առնում Հայաստանի գետերը: Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, բայց նույն Ադրբեջանը կասի՝ հեսա, ասում են՝ մերը չէ: Ես չգիտեմ այս հայտարարությունները պատահակա՞ն են, թե պատահական չեն, բայց այն մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից, պատմությունից, չպետք է հայտարարություններ անեն, գոնե այս ձեւով մենք զսպենք անցանկալի հայտարարությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մոտեցումները շտկելու հայտարարության մասին էլ, Դավիթ Բաբայանն ասաց, որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն, սակայն ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը պետք է լինի տնտեսական հարթությունում. «Բայց Թուրքիան եղել է եւ կմնա Հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը ու դրա մասին հենց նրանք են հայտարարում ու գործողություններով ցույց տալիս, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ցույց տվեց իր դեմքը: Լավ է, երբ ուզում ենք ուրիշ երկրների հետ մեր հարաբերությունները լավացնենք, բայց այլ հարց է, թե արդյոք այդ երկրներն ուզում են մեզ հետ հարաբերություններ լավացնել եւ ի՞նչ գնով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930