Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մելիք-Նուբարյան․ «AstraZeneka»-ն աշխարհում երկրորդ տարածված պատվաստանյութն է»

Ապրիլ 02,2021 17:49

Աշխարհում կա 7 պատվաստանյութ, որոնք լայնորեն կիրառվում են, դրանցից մեկը «AstraZeneka»-ն է, եւ եվրոպական երկրներում 18,5 միլիոն դեղաչափ ներարկվել է: «Պֆայզեր»-ից հետո «AstraZeneka»-ն երկրորդ տարածված պատվաստանյութն է։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նա նշեց՝ այս պատվաստանյութով պատվաստվելուց հետո գրանցվել են շատ քիչ քանակությամբ անսպասելի երեւույթներ, մոտ երկու տասնյակ, եւ դրանցից ավելի քիչ՝ անցանկալի երեւույթներ․ «Պատվաստումը զանգվածային կիրառվող միջոցառում է առողջ մարդկանց շրջանում, բնական է, որ դա առաջացրել է որոշակի սկզբնական խնդիր։ Երկու տասնյակ երկիր ժամանակավոր դադարեցրել է պատվաստումը մինչեւ հասկանան՝ արդյոք կա պատճառահետեւանքային կապ ներարկման եւ անցանկալի երեւույթների միջեւ։ Բայց եվրոպական անկախ կարգավորիչ մարմինը մարտի 18-ին հայտարարություն տարածեց, ըստ որի, պատվաստման օգուտներն անհամեմատ ավելի շատ են, քան հնարավոր ու չապացուցված ռիսկերը։ Առայժմ երկու երկիր է, որը ուսումնասիրությունը չի ավարտել եւ եւս երեք երկիր մի քիչ փոփոխել է պատվաստման չափանիշները»։

Քննարկման մեկ այլ մասնակից «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանն էլ նկատեց՝ հանրային տրամադրությունները պատվաստվե՞լ, թե՞ ոչ, խիստ հակասական են: Կա մարդկանց մի խումբ, որը կողմ է պատվաստմանը, սպասում էր պատվաստանյութին, ակնկալիքի ունեին, դրանով վերջ կդրվի քովիդի հետ կապված իրավիճակին: Եվ կա մի առանձին խումբ, որը կտրականապես դեմ է եւ չունի պատրաստակամություն պատվաստանյութի եւ պատվաստման մասին տեղեկություն ստանալու․ «Այստեղ կարեւոր է հաղորդակցության սկզբունքը, թափանցիկությունը։ Հիմա մի իրավիճակ է, որը միայն Հայաստանում չէ, համաշխարհային է, ուստի գուցե պետք է ավելի շատ տեղեկացնել հասարակությանը, հատկապես ռիսկի խմբերին»։

Քննարկման մյուս մասնակիցը՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ վստահեցրեց՝ առողջապահության նախարարությունն աշխատել եւ աշխատում է թափանցիկ եւ պարբերաբար բնակչությանն իրազեկում է ընթացիկ աշխատանքների մասին․ «Երեւի այս թափանցիկությունն ազդեց, որ բնակչության մի խումբ կարողացավ ներկայացնել «AstraZeneka»-ի հետ կապված հիմնական խնդիրները, որոնք աշխարհում շրջանառվում են ու ապացուցողական բժշկական հիմք չունեն»։

Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ կարծիք հայտնեց, որ իրազեկման գործընթացում անհրաժեշտ է ներգրավել համայնքապետերին, քաղաքապետերին, գուցե բլոգերներին, որպեսզի հանրային իրազեկվածությունը բարձրանա․ «Ի վերջո, կարեւոր է, որ մարդիկ իմանան՝ պատվաստումն ինքնանպատակ չէ, սա համավարակը հաղթահարելու երկարատեւ եւ միակ ճանապարհն է»։

Փորձագետը նշեց՝ հակապատվաստումային արշավին դիմագրավելու միջոցներից մեկն էլ մշտադիտարկումն է՝ թե որ ուղղություններով է այն, ինչ կեղծ ուղերձներ են լինում, ում կողմից, ու համապատասխանաբար հակառակ ուղղությամբ ճիշտ տեղեկատվությունը մատուցեն հանրությանը։

«Որքանով ես տեղյակ եմ, սիստեմատիկ, կոնկրետ հակապատվաստումային ուղերձների ուղիների վերլուծություն չի արվում, բայց գիտեմ, որ կան լրագրողական կազմակերպություններ, որոնք այդ հետազոտություններն արել են ու համապատասխան մարմինները կարող են դիմել եւ ստանալ այդ վերլուծության արդյունքները։ Դա մեծապես կօգնի թիրախավորել եւ ճիշտ ձեւով հակազդել ապատեղեկատվությանը»,-ասաց պարոն Մելիք-Նուբարյանը։

Նա ասաց, որ եթե եվրոպական երկրներ մուտք գործելու համար պարտադիր լինի պատվաստման սերտիֆիկատ, ապա կտեսնենք զանգվածային հերթեր պատվաստման համար․ «Բայց պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ առանց նման պարտադրանքի պատվաստվեն»։

Ռոմելլա Աբովյանն էլ հավելեց՝ ՀՀ-ում պատվաստման անձնագիր են տրամադրելու պատվաստվող անձանց։

Կողմնակի ազդեցություններ մասին էլ տիկին Աբովյանն ասաց՝ ռուսական «Սպուտնիկ Վ»-ով ՀՀ-ում պատվաստվել է 600 քաղաքացի, եւ որեւէ մեկի մոտ հետպատվաստումային որեւէ արտառոց, անսպասելի դեպք չի արձանագրվել․ «Նույնը «AstraZeneka»-ն»։

«Դեռեւս չկա, եւ կարծում եմ՝ չի էլ լինի ապացուցողական հիմք, որ օրինակ Վրաստանում «AstraZeneka»-ով պատվաստվելուց հետո առաջացած մահը հենց այս պատվաստանյութից է եղել։ Նշեմ, որ այս հիվանդությունը կարող է ընթանալ անախտանիշ եւ անձը կարող է չիմանալ հիվանդության մասին, եւ այդ դեպքերը կարող են կապված լինել հենց վիրուսի ազդեցությամբ, ոչ թե պատվաստանյութի հետեւանք։ Այսինքն, անձը լինելով վարակված, եւ եթե չպատվաստվեր, կարող էր ունենալ նույն իրավիճակն ու բարդությունն, ինչ ունեցել է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930