Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ օգնության ֆոնդը Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտ ներդնելու գործընթաց է մեկնարկում

Ապրիլ 02,2021 17:53

Այսօր մեկնարկել է «Արցախի սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման» ծրագիրը, որը Հայ օգնության ֆոնդն (ՀՕՖ) իրականացնում է Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ՝ համագործակցելով Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ։

Ծրագիրը նպաստելու է Արցախում համապարփակ ու գրագետ համակարգ հիմնելուն, որը թույլ կտա զորավիգ լինել Արցախի ազգաբնակչությանը սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցում։

«Երբ պատերազմը վերջացավ, սկսվեց խառնաշփոթը, որը, եթե պատերազմի ժամանակ հասկանալի է, դրանից հետո կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Մարդիկ ցանկանում էին օգնել և՛ Արցախ վերադարձած ընտանիքներին, և՛ ՀՀ-ում ապաստանածներին, սակայն չգիտեին, թե ինչպես: Կար պրոֆեսիոնալ կադրերի խնդիր, իսկ քանի որ Արցախը չունի սոցիալական աշխատանքի մասնագետներ, դիմում էին մեր օգնությանը: Հասկացանք, որ արցախցիների  աջակցության ծրագրերի իրականացման հաջողությունն ուղղակիորեն կապված է սոցիալական աշխատող մասնագետներ ունենալու հետ, որտեղից էլ ծնվեց սույն ծրագրի գաղափարը», – նշել է ՀՕՖ-ի՝ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը՝ շեշտելով, որ ավելի քան 40 դիմորդից ընտրել են 25 մասնակից, որոնք 8-ամսյա առկա և առցանց վերապատրաստման հնարավորություն են ստանալու։

Դասընթացներն անցկացվելու են  ՀՕՖ-ի՝ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսների ու Հայաստանի  սոցիալական աշխատողների ասոցիացիայի մասնագետների համատեղ ուժերով։

Ծրագիրն ապահովելու է շարունակական այս կարևոր գործընթացի առաջին քայլը՝ կադրերի նախնական պատրաստման գործընթացը, որին հետևելու են մասնագետների պատրաստման կայուն հնարավորություններ ստեղծելուն և կադրերի կոմպետենտությունն ուժեղացնելուն ուղղված նախաձեռնությունները։

Ներածական դասընթացի շրջանակներում  վերապատրաստված մասնագետներն աշխատելու են ընտանիքների ամրապնդման ուղղությամբ և երեխաների կրթության իրավունքի երաշխավորման  հարցերի շուրջ՝ այդպիսով ապահովելով  համայնքային սոցիալական աշխատանքի կամ կանխարգելման տիպի ծառայությունների մուտքը հանրապետություն, մինչդեռ մասնագիտական կատարելագործման  հաջորդ փուլերում աշխատանքներ են տարվելու ավելի նեղ մասնագիտացումներ պահանջող ոլորտներում։

Ծրագրի արդյունքում Արցախի բոլոր շրջաններում բնակվող ավելի քան 500 երեխաներն ու իրենց ընտանիքները մասնագիտական աջակցություն ստանալու հնարավորություն են ունենալու, որը շարունակական բնույթ է կրելու։

Հայ օգնության ֆոնդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930