Լրահոս
Օրվա լրահոսը

Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլ 02,2021 17:45

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով‚ որի ընթացքում նվագախումբը և իտալացի բանդոնեոնահար‚ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կատարեցին Պիացոլայի ստեղծագործությունները։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին‚ խոսելով Պիացոլայի արվեստի մասին‚ նշեց‚ որ այն չափազանց ինքնատիպ է ու գեղեցիկ‚ յուրաքանչյուր ոք սիրում է նրա հոգեպարար երաժշտությունը։ Արգենտինացի կոմպոզիտորի հնչյունները ներկայացնում են մեր կյանքի յուրաքանչյուր պահը՝ մեր տխրությունը‚ ուրախությունը‚ ուժը‚ թախիծը։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ իտալացի երաժիշտն ընդգծեց. «Ես երկար տարիներ աշխատում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Իհարկե‚ շատ տարիներ առաջ‚ երբ առաջին անգամ հանդիպեցինք‚ և՜ ես‚ և՜ նվագախմբի երաժիշտները շատ ավելի երիտասարդ էինք‚ այսօր էլ նվագախմբի մոտ պահպանվել է նույն մոտիվացիան‚ լավագույնն արարելու ձգտումը։ Նվագախմբի երաժիշտները միշտ ցանկանում են բացահայտել նորը‚ ինչը շատ ողջունելի ու գնահատելի է»։

Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջանլուկա Մարչիանոն։ Արամ Խաչատրյան լեփ-լեցուն դահլիճը մեծ ջերմությամբ էր ընդունում երաժիշտների յուրաքանչյուր կատարում‚ որը լի էր հույզերով ու ոգեղենությամբ։

Երեկոյի ընթացքում Ջանլուկա Մարչիանոն և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930