Լրահոս
Օրվա լրահոսը

«Օնիկ Գասպարյանի խնդիրը չի՝ գնա ԳՇ-ում կռիվ անի, շապիկը ճղի, ասի՝ ես եկել եմ». Արամ Օրբելյան

Ապրիլ 02,2021 17:29

«Վարչապետը, որը գտնում է, թե դատարանի որոշումը կարող է չկատարել եւ դատարանը պետք է փոխի իր որոշումը՝ պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության: Սա քաղաքագիտական աքսիոմա է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վարչական դատարանում դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նիստն էր քննվում:

Օրբելյանն ասաց, որ բացի քաղաքական հետեւանքներից, Նիկոլ Փաշինյանի համար պետք է վրա հասնեն նաեւ քրեադատավարական հետեւանքներ. «Խոսքը չի գնում միայն վարչապետի մասին, այս գործընթացում ներգրավված են նաեւ մի շարք անձինք՝ ՊՆ նախարարը, չի բացառվում նաեւ ԳՇ-ում ինչ-որ աշխատակիցներ: Պետք է գնահատել ամեն մեկի մեղքի բաժինը: Դատարանի որոշում չկատարելը ՀՀ օրենսդրությամբ համարվում է հանցագործություն»:

Հարցին՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանն իր իրավունքները պաշտպանելու համար չի գնում աշխատանքի՝ Գլխավոր շտաբ՝ Օրբելյանը պատասխանեց. «Իրավունքները պաշտպանելու համար մոտավորապես նույնն էր, երբ ՍԴ դատավորների լիազորությունները ապօրինի դադարեցվեցին: Սա այն քիչ դեպքերից է, երբ ՀՀ-ում չկա դատական ատյան՝ այս հարցը քննարկելու համար, քննարկվում է ՄԻԵԴ-ում: Դատավորները գնացին՝ խնդիր առաջացրեցին: Ես չեմ կարծում՝ պարոն Գասպարյանը գնա՝ խնդիր են առաջացնելու, բայց Օնիկ Գասպարյանի խնդիրը՝ չի գնա այնտեղ կռիվ անի, շապիկը ճղի, ասի՝ ես եկել եմ: Կռիվ չի: Սա իրավական վեճ է վերջին հաշվով: Մարդուն ասացին՝ դուք հեռացվել եք, ասում է՝ ես իրավական կարգով փորձում եմ վեճը լուծել: Հիմա կասեք՝ գեներալ է, ԳՇ է, դա չի նշանակում, որ այդ զորքն իր գրպանի զորքն է, երբ կուզի՝ կհանի, չուզի՝ չի հանի: Ինքը չի ասելու՝ ես գնալու եմ այստեղ նստեմ, բոլորին հրամաններ տամ, խրամատ փորել, անկախանում ենք, չէ՛: Իրավական վեճ է, պետք է լուծվի դատարանում: Եթե մեկ, երկու, երեք, չորս՝ չի լուծվում դատարանում դրա համար են նախազգուշացնում, որ քաղաքացիական պատերազմի են տանում որոշները»:

Արամ Օրբելյանն ասաց, որ համակեցության կանոններ կան, պայմանավորվել ենք ինչպես լուծել վեճերը. «Եթե ամեն անգամ ես հաղթում եմ մեր պայմանավորված գործընթացով, դու գալիս ասում ես՝ չէ, ես ուժեղ էի, այսինքն, հետ ենք գալիս «Գայլն ու գառը» մոտեցմանը, մի անգամ էլ պարզվելու է՝ գայլն այդքան էլ ուժեղ չի գառից: Մեկ էլ պարզվում ՝ գառը ունի կարատեի սեւ գոտի, գայլին բռնում ծեծում է: Մուլտիկներ էլ կան այդպես: Այսինքն, պետք է կանոններով առաջնորդվել, չի կարելի կանոններն անընդհատ փոխել ու անընդհատ ասել՝ ես ընտրվել եմ՝ ինչ ուզեմ կանեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930