Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ուղղահայաց ենթակայության տարբերակ Ադրբեջանի հետ բացառվում է». Արթուր Թովմասյան

Ապրիլ 02,2021 17:17

«Որեւէ շտկում ես չեմ տեսնում, որ հնարավոր է: Նայում եմ զոհվածներին. մեր սերունդը երեք պատերազմի է մասնակցել, մեր զոհերը 2001-2002 թվականի ծնվածներ են, հիմա Ալիեւի հետ բարեկամությո՞ւն պիտի անենք, ո՞նց շտկենք դրանց հետ հարաբերությունները, ո՞րն է այդ ճանապարհը»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը` պատասխանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները շտկելու մասին պաշտոնական Երեւանից հնչող հայտարարությունների մասին հարցին:

Նա հավելեց, որ այսօր ռուս խաղաղապահն է մեր բանակի`Արցախի բանակի հետ միասին, մեր ժողովրդի երաշխավորը:

Արթուր Թովմասյանը կարեւորում է Արցախի կարգավիճակի հարցը, որպեսզի արցախցիներն այդ հողում ապրեն եւ հարատեւեն: Կարգավիճակի առնչությամբ էլ ասաց. «Դա կլինի անկախություն, վերամիավորում մայր Հայաստանին: Որեւէ ուղղահայաց ենթակայության տարբերակ Ադրբեջանի հետ բացառվում է»: Արթուր Թովմասյանի խոսքով, եթե Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափվելու է. «Սա լավ պետք է հասկանան ՀՀ իշխանությունը, ընդդիմությունը եւ ժողովուրդը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը»։

Իսկ հարցին`ի՞նչ տարածքներով պետք է որոշվի Արցախի կարգավիճակը`պատերազմից առաջ եղա՞ծ, թե՞ պատերազմից հետո մնացած տարածքով, Արցախի ԱԺ նախագահը պատասխանեց, որ պետք է բանակցություններ տարվեն եւ պնդենք, որ Հադրութը խաղաղ բանակցային գործընթացով ազատագրվի, ինչպես նաեւ Շուշին եւ բոլոր այն գյուղերը, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ:

Վերհիշելով 44 օրյա պատերազմի քաղաքական զարգացումները, Արթուր Թովմասյանն ասաց, որ եկել էր մի պահ, որ ՀՀ-ն ոչ միայն Արցախի Հանրապետության երաշխավորը չէր, այլ նաեւ Հայաստանի ժողովրդի. «Նոյեմբերի 9-ին մոտ երկու հազար թուրքեր գտնվում էին Շուշի քաղաքում, մոտ չորս հազարն էլ այդ ուղղությամբ, եւ նրանք պետք է շարժվեին Ստեփանակերտի ուղղությամբ։ Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ էր մնացել այդ օրը։ Մենք չգիտեինք, որ համաձայնագիր է ստորագրել։ Մի քանի պատգամավորներ, որոնք մնացել էին Ազգային ժողովում, զենքով եւ նռնակներով պետք է դիմավորեինք թուրքերին: Կոմանդոսի սիրտը չդիմացավ, մահացավ։ Շուշին ազատագրողին վաղը մենք կհանձնենք մայր հողին»:

Խոսելով արցախյան պատերազմի տարեգրության եւ այդ ամենում Թուրքիայի դերակատարության եւ մասնակցության մասին էլ, Արթուր Թովմասյանն ասաց. «Առաջին պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից նույնպես աջակցություն կար, բայց դա բարոյական աջակցություն էր։ 2016 թվականի ապրիլին նաեւ թուրք գեներալներ էին մասնակցում, մենք հետեւություններ պետք է անեինք։ Մենք տեղեկություն ունեինք, որ բարձրաստիճան թուրք սպա է զոհվել Աղդամի ուղղությամբ։ Այսինքն՝ թուրքերն արդեն փորձում էին մտնել տարածաշրջան։ Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Էրդողանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ լուծել այդ հակամարտությունը, պատերազմի միջոցով ես կլուծեմ»:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտնի հայտարարությանը`Քարվաճառի վերաբերյալ, Արթուր Թովմասյանն ասաց` ԲՏԱ նախարարն ապտակեց լրագրողին, ներողություն խնդրեց եւ հրաժարական տվեց, իսկ ԱԺ պատգամավորը ապտակեց 10 միլիոն հայի՝ հայտարարելով, որ Քարվաճառը հայկական չէ եւ ներողություն չի խնդրում․ «Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնելը նույնպես ապտակ էր։ Շուշին Արցախի առաջին մայրաքաղաքն էր, Անդրկովկասի գիտակրթական կենտրոնն էր»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930