Այսօր Վարչական դատարանում դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նիստը։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օնիկ Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Կան պետության եւ անձի փոխհարաբերություններ: ՀՀ նախագահը չի ստորագրում ակտը, ասում է՝ Սահմանադրության հետ խնդիրներ կան: Հետո ինչ-որ ֆորմուլայով ասում են՝ ուժի մեջ է մտել: Հետո դիմում ենք դատարան, ասում ենք՝ պաշտպանեք, որովհետեւ այն անձը, որը պետք է դիմեր ՍԴ, ասում է՝ չեմ դիմում, հետեւաբար ընդունվում է մի հատ ակտ, որն, ըստ էության, ունի խնդիրներ սահմանադրականության հետ՝ առնվազն ակտն ընդունող մարմնի կողմից այդպես է ընկալվում: Դատական գործընթացները կարող են երկար տեւել: Արդյունքում ինչ է ստացվում՝ ասում են՝ քանի որ ակտ եք ընդունել, այդ ակտը կատարման ենթակա չի, եկեք վերացրեք, միեւնույն է, մենք չենք կատարելու: Տվյալ մոտեցումը, հիմնավորումները որեւէ քննադատության չեն դիմանում: Ձայնագրությունները կվերցնենք, միգուցե քրեական գործում ավելացնենք: Այսինքն, անձը մոտավորապես ասում է, որ ակտը չենք կատարելու, փոխանակ քննարկենք, թե ոնց անենք՝ ակտը կատարվի: Ինչքան կտեւի՝ չեմ կարող ասել, բայց ակնկալում ենք, որ կարճ կտեւի: Ես արձակուրդի չեմ գնացել, հետաձգել եմ՝ նաեւ այս նիստին մասնակցելու համար: Մենք ամեն ինչ անում ենք, որ գործընթացը արագ լինի»:
Հարցին՝ դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշումներ են եղել, այս գործով էլ հնարավո՞ր է լինեն՝ Օրբելյանը պատասխանեց, որ շատ կարեւոր է ունենալ դատավորի անկախություն. «Փորձեր միջամտության լինելու են: Վերջին տարիներին փորձեր եղել են, այդ փորձերը ակնհայտորեն արձանագրված են եւ հերքված չեն»:
Խոսելով վարչապետի ներկայացուցչի՝ դատարանում ներկայացրած հիմքերի մասին՝ Օրբելյանն ասաց. «Մոտավորապես դատարանում ասվեց՝ վերջում որ որոշում էլ ստանաք՝ չենք կատարելու: Այս որոշումը որ կստանաք, կգաք մի հատ էլ դատի կտաք, կասեք՝ մի հատ էլ ստիպեք կատարել՝ այն ժամանակ կկատարենք: Նման մոտեցման դեպքում, ցանկացած իրեն հարգող երկրում, եթե վարչապետի ներկայացուցիչն ինքնագլուխ է արել՝ գործից կազատվեր, իսկ եթե ինքնագլուխ չէր արել՝ վարչապետը գործից կազատվեր: Բացառվում է, որ ԱԺ-ն, կամ սենատը վարչապետին դուրս չշպրտեր՝ նման մոտեցման համար, բացառվում է, կարող եք եվրոպացիներին հարցնեք, ամերիկացիներին, ում ուզում եք»:
Կարդացեք նաև
Արամ Օրբելյանը նշեց, որ եթե ներպետական դատական ատյանները սպառեն, կդիմեն ՄԻԵԴ, եթե, իհարկե, այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը մտքափոխ չլինի, չհոգնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ