«Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ժամանակ. Կրեմլում չունեն տեղեկություն, թե որտեղից կարող էր հայտնվել այդ համալիրի հրթիռը, որի բեկորներն իբր հայտնաբերել են ադրբեջանցի զինվորականները: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Որքանով հասկանում եմ, դա նոր տեղեկություն է: Ինձ հայտնի չէ՝ արդյոք զինվորականներն այդ մասին զեկուցել են (նախագահ Վլադիմիր Պուտինին-խմբ.), արդյոք մեր զինվորականները այդ մասին որևէ մանրամասն տեղեկություն ունեն»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան Ադրբեջանից հնչած հայտարարության, թե Շուշիում «Իսկանդերի» հրթիռ են հայտնաբերել:
Ընդ որում, լրագրողը Պեսկովի ուշադրությունն է հրավիրել Բաքվի այն հայտարարության վրա, որ ըստ մակնշման, այդ հրթիռը չի եղել արտահանման համար, այլ նախատեսված է եղել ռուս զինվորականների օգտագործման համար:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին՝ արդյոք «Իսկանդեր» կիրառվել է Արցախյան պատերազմի ժամանակ, Պեսկովն ասել է. «Դուք հիշում եք «Իսկանդերների» հետ կապված պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ժամանակ, և դա հաստատվել է»:
Պեսկովից նաև հետաքրքրվել են՝ արդյոք Կրեմլում պատկերացում ունեն, թե որտեղից կարող էր հայտնվել «Իսկանդերի» հրթիռը, որի մասին խոսում են Բաքվում: «Ոչ, մենք այդպիսի տեղեկության չենք տիրապետում»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ