ԵՄ աջակցությամբ Հայաստանում ստեղծվել է Բաց հասանելիության ազգային կենտրոնը (NOAD), որը կաջակցի գիտության բաց հասանելիությանը։ Այն նախատեսված է ուսուցում տրամադրելու և բաց գիտության, բաց հասանելիության ու հետազոտական տվյալների կառավարման հարցերով խորհրդատվություն տրամադրող ազգային օգնության կենտրոնների աշխատանքը կազմակերպելու համար:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «EaPConnect» ծրագիրը կարևոր դեր խաղաց NOAD հարթակի ստեղծման գործում` շնորհանդեսների, դասընթացի և այլ համատեղ գործունեության միջոցով աջակցելով dLibra ծրագրակազմի ներդրմանը Հայաստանում։
Ս.թ. մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում NOAD-ը կապվեց համաեվրոպական բաց գիտության ենթակառուցվածքի՝ OpenAIRE-ի հետ: OpenAIRE-ի NOAD-երի ցանցի շրջանակներում, որը ղեկավարում են մի շարք կազմակերպություններ, հայկական NOAD թիմը հանդես կգա որպես Հայաստանում բաց հասանելիության գիտության հիմնական կոնտակտային կետ:
Նոր NOAD-ը բաց համակարգային պահոց է, որտեղ հավաքվելու է Հայաստանի ողջ գիտական ներուժը: Ներկայում հայկական NOAD-ը բաղկացած է շուրջ 400 թվային նմուշներից, որոնք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական հրապարակումներն են: Բովանդակությունը կընդլայնվի՝ ներառելով մի քանի հետազոտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական արդյունքները: