Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր արդեն զորք չենք ուղարկում Արցախ, գնում է բանակի կազմալուծման գործընթաց». Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 02,2021 16:42

«Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են, իսկ խաղաղությունը պարտադրելու եւ երկրում կայունություն, անվտանգություն ունենալու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն` ով ծնկի չի եկել թշնամու առաջ, վերակազմակերպես բանակը եւ կարողանաս պաշտպանել քո հայրենիքը»,- այսօր,Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ անդամներն այսօր նույնպես այցելել էին պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին:

Մինչդեռ, ըստ Իշխան Սաղաթելյանի, Հայաստանի քաղաքական գիծն այսօր գնում է այլ ուղղությամբ․ «Մենք այսօր արդեն զորք չենք ուղարկում Արցախ, գնում է բանակի կազմալուծման գործընթաց, փորձ է արվում ժողովրդին տրամադրել կեղծ խաղաղության, որը տանելու է հերթական պատերազմի»:

Դաշնակցական գործչի գնահատմամբ, պատերազմը չի ավարտվել, կա հարաբերական հրադադար, խայտառակ կապիտուլյացիոն համաձայնությունից հետո էլ թշնամին շարունակում է ոտնձգությունները. «Այս ընթացքում մենք ևս ունեցել ենք կորուստներ, թշնամու կողմից կան մեր առջեւ դրված պահանջներ»: Նրա համոզմամբ, Հայաստանի այսօրվա քաղաքական իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, իշխանության հեռանալու պահանջն էլ հենց դրանից է բխում. «Իրենք վտանգավոր են, եւ դա փաստ է»:

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումը նույնն է եւ եթե ՀՅԴ-ն մասնակցի հայտարարված ընտրություններին, դա չեն դիտարկելու իբրեւ ստանդարտ ընտրություններ, այլ«ընտրությունների միջոցով չարիքի կառավարությանը հեռացնելու» հնարավորություն: Բայց, Իշխան Սաղաթելյանը դեռ վաղ է համարում ընտրությունների մասին խոսելը. «Մինչեւ ընտրությունները մենք ունենք ծրագիր, որը կներկայացնենք»:

«Եռաբլուր» պանթեոնում այսօր ամփոփվեց նաեւ դաշնակցական գործիչ, Մերձավոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի աճյունը։ «Ընկեր Կարոն մեր դաշնակցական այն ընկերներից էր, որը Հայաստանի անկախությունից հետո անմիջապես նետվեց դեպի հայրենիք եւ անցնող 30 տարիների ընթացքում ծառայեց իր ժողովրդին, Հայաստանին, Արցախին։ Նվիրյալի, լավ ընկերոջ, լավ հայի օրինակ է։ Կորուստը մեծ էր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930