Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ՝ դեռ վաղ է ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալո՞ւ են, թե՞ ոչ:
Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ապրիլի 9-ի հանրահավաքին ընդառաջ Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում նա հիշեցրեց. «Այդ հարցը հայտարարություններով չի որոշվում: Տեսել ենք, թե ինչպես ներկա իշխանության կողմից արված հայտարարությունները 180 աստիճանով փոփոխության են ենթարկվել: Այնպես որ, այսօր դեռ վաղ է ասել՝ այդ ընտրությունները կայանալո՞ւ են, թե՞ ոչ»:
Նա վստահեցրեց՝ անկախ նրանից, թե ինչպես կընթանան դեպքերը՝ նախընտրական, հետընտրական, Բևեռը բոլոր տեսակի սցենարներին պատրաստ է: Իրենց հիմնական գաղափարախոսության մասին ասաց. «Մենք շարունակում ենք մնալ այն մտքին, որ ինչպես 2018-ին հրաժարականի ժամանակը օգտագործվեց, և ժողովրդի ճնշմամբ փոփոխություններ եղան, նույն կերպ այդ նույն ժողովրդի ճնշմամբ այդ հրաժարականի ժամանակ պետք է հիմա ստիպել, որ ժողովրդի ընտրյալը դառնա վարչապետ»:
Նա կոչ արեց ժողովրդին կերտել իր ճակատագիրը, դուրս գալ փողոց, արտահայտվել:
Կարդացեք նաև
Գարեգին Չուգասզյանի համար անընդունելի է այն պնդումը՝ եթե Նիկոլը չլինի, ո՞վ լինի: Այս առիթով ասաց. «Նույն այդպես մարդիկ ասում էին՝ Սերժը չլինի, ո՞վ լինի: Նիկոլ Փաշինյանը 2018-ի հունվարին նույն Նիկոլը չէր: Երբ դուրս էր գալիս փողոց, ընդամենը հազար հոգի մարդ էր հավաքում: Իսկ երեք ամիս հետո ամբողջ ժողովուրդը դուրս եկավ. հանկարծ փոփոխություն եղավ: Կարևոր է՝ ոչ թե կախված լինենք մեկ անձից, ինչպես կախման մեջ ընկանք մեկ անձից 2018-ին, այլ համակարգային փոփոխությունների խնդիր կա: Ոչ միայն մերժել Նիկոլին, դա անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ: Տեսանք՝ մեկ հոգուն մերժելով համակարգը չի փոխվում: Դրա համար թիմ է հարկավոր: Անհատը չի կարող այսօր փոխել: Միայն ազգային համաձայնության կառավարությունը կարող է Հայաստանին կայունության ափ հանել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ