Այսօր Եռաբլուր պանթեոն էր այցելել նաեւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ծաղիկներ դրեց եւ խոնարհվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհվածների շիրիմներին:
Լրագրողները Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին`ի՞նչ շտկումներ պետք է անենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններում եւ խնդրեցին ուղիղ պատասխանել`Թուրքիային մենք թշնամի երկիր համարո՞ւմ ենք, թե՞ ոչ, Հայաստանի անվտանգության ռազմավարությունը այս ուղղությա՞մբ պետք է կառուցվի:
«Օրվա խորհրդից ելնելով՝ ոչ մի հարցի չեմ պատասխանում»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Լրագրողները պնդեցին, որ այդ հարցերը հենց օրվա խորհրդից են ելնում, քանի որ տարածաշրջանը եռում է, անվտանգային խնդիրները սուր են, 44 օրյա պատերազմում, ըստ իշխանությունների պնդումների էլ, Թուրքիան ևս մասնակցություն է ունեցել, իսկ այդ պատերազմում զոհվածների «արյունը դեռ չի չորացել»: Արմեն Գրիգորյանն անդրդվելի մնաց`ասելով, որ բոլոր հարցերին կպատասխանի այլ`պատեհ առիթով:
Միայն դիտարկմանը, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելով, ինքը, փաստացի ժխտում է Ցեղասպանությունը`արձագանքեց. «Նման բան բացառվում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ