2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ի դրությամբ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, 2008թ․-ի դրությամբ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը սկսեց լսել, թե ինչ միջնորդություններ են պատրաստել մեղադրյալների պաշտպանները եւ մեղադրող-դատախազները։
Հիշեցնենք՝ ՍԴ-ն մարտին հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ իրենց միջնորդությունը վերաբերում է մեղադրյալների հանդեպ 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելուն, իսկ դատախազները նշեցին՝ քանի որ, իրենց դիրքորոշմամբ, դատարանի կողմից ՍԴ որոշման կատարման առնչությամբ առկա է սահմանադրությանը համապատասխանության հարց, իրենց միջնորդությունը դրան է վերաբերում եւ այդ մասով քրեական գործի վարույթը կասեցնելուն։ «Գոյություն չունեցող վարո՞ւյթը կասեցնելուն»,-հեգնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատավոր Աննա Դանիբեկյանին խնդրեց պաշտպանության կողմին կոռեկտության կոչ անել․ «Դա պատիվ չի բերում իրավաբաններին»։
Ապա դատախազության միջնորդության օրինակը տրամադրվեց պաշտպանական կողմին եւ անորոշ ժամանակով հայտարարվեց ընդմիջում՝ այն պատճենելու համար։
Կարդացեք նաև
Նիստը վերսկսելուց հետո էլ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մեղադրյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ նրանց պաշտպանները չեն վերադարձել նիստերի դահլիճ, եւ այդ պատճառով կրկին ընդմիջում հայտարարեց անորոշ ժամանակով։ «Այսպես ինչքա՞ն նստենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները եւս դժգոհեցին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ