Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) 96-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մասնագետների մասնակցությամբ տեսաձայնագրվել են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու։
«2020 թվականը պետք է նվիրված լիներ Բեթհովենի ծննդյան 250-ամյակին, սակայն համավարակի պատճառով, այդ թվում նաեւ մեր ձայնագրությունները տեղափոխեցինք 2021թ, թեեւ 2020թ. ընթացքում կատարել ենք Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց ձայնագրությունները սկսել ենք հունվարի 16-ից»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոդյուսեր Արման Պադարյանը:
Հավելեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սկսած ծրագրի շրջանակում իրականացվող ձայնագրությունների երկրորդ փուլն են ավարտել, որտեղ ընդգրկել են կոմպոզիտորի Չորրորդ, Վեցերորդ, Յոթերորդ սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրությունը, որոնք ավելանում են Առաջին, Երկրորդ, Հինգերորդ սիմֆոնիաներին, որոնք ավարտել են հունվարին: Նախագիծը շարունակվում է, եւ հուլիսին կձայնագրվի ու տեսագրվի արդեն Իններորդ սիմֆոնիան:
Կարդացեք նաև
«Մենք շատ բարձր նշաձող ենք սահմանել»,-ասաց ՀԱՖՆ-ի պրոդյուսերը` ընդգծելով, որ իրենք այն բացառիկ կոլեկտիվն են դառնում, որը ձայնագրել եւ տեսագրել է Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները: Արման Պադարյանը տեղեկացրեց, որ այս նախագծի դիրիժորն է ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Նախագծի բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովը (TEFI-ի հավակնորդ, 2005, 2008թթ.) կես կատակ-կես լուրջ նշեց, որ ոչ միայն Երեւանն է գեղեցիկ համարում, այլեւ տեղի կլիման է բարենպաստ, ու եթե հանկարծ արտագաղթելու լինի, անպայման Երեւան է գալու: Ինչ վերաբերում է ՀԱՖՆ-ի երաժիշտներին, շեշտեց, որ նրանց հետ աշխատելն ուղղակի հաճույք է:
Նախագծի հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը (Գրեմմիի հավակնորդ, 2014թ.) նշեց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հրաշալի հարաբերությունների մեջ են. «Հրաշալի նվագախումբ է, ես մեծագույն հաճույք եմ ստանում այս երաժիշտների հետ աշխատելիս: Իմ համոզմամբ, նման ներդաշնակ համագործակցության արդյունքը բնականաբար որակյալ է լինելու»:
«Ես միշտ ասել եմ, որ ունեմ մեկ նպատակ` մեր նվագախումբը լինի շատ լավը, եւ դրա մասին ամբողջ աշխարհն իմանա: Միայն այդ ուղղությամբ եմ շարժվում, ուրիշ բան ինձ չի հետաքրքրում` շոուներ, գովազդներ…Միայն զգամ, որ առաջ ենք գնում որակապես, որ մեր շուրջը լավագույն ուժերն են»,-ասաց Էդուարդ Թոփչյանը:
Նա նախագիծը որակեց բացառիկ. «Միլիոնավոր դժվարությունների, սխալների, անարդարությունների մեջ գտնվող մեր երկրի նվագախումբն այսօր ձայնագրում է Բեթհովեն, մի բան, որ դրանից առաջ շատ մեծ վարպետներ են արել ամբողջ պատմության ընթացքում…
Աշխարհի հետ պետք է խոսել աշխարհի լեզվով, իսկ սիմֆոնիկ երաժշտությունը եվրոպական արվեստ է: Եվ եթե ուզում ենք այդ արվեստում ինչ-որ բանի հասնել, պետք է նախ այդ լեզվով խոսենք: Հրաշալի է, որ ունենք մեր հիանալի կոմպոզիտորները, որոնց գործերը կատարում ենք, բայց որպեսզի մեր կոմպոզիտորներին ընդունեն, պետք է նախ «դրսի» լեզվով խոսենք, որպեսզի ասենք` դե հիմա տեսեք մենք ինչ ունենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ես, այն կարծիքին եմ, որ հայը աշխարհի հետ պետք է խոսի ՀԱՅԵՐԵՆ, որպեսզի հետաքրքիր լինի: Ինչպես որ իտալացին խոսում է իտալերեն, գերմանացին՝ գերմաներեն, անգլիացին՝ անգլերեն և այլն … Արդեն փորձված է՝ իմ մի շարք գործեր, որտեղ ոչ մի օտար տառ չկա (անգամ տերմիններն են հայերեն) եվրոպայում ամենահռչակավոր կատարողների կողմից բարձր գնահատվելով և՛ կատարվել են, և հրատարակվել … Աշխարհի լեզու գոյություն չունի … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան